Life.panorama.am-ը գրում է.
Մասնագիտությամբ դերասանուհի, իսկ հանրությանը որպես հաղորդավարուհի ներկայացող Արփինե Գաբրիելյանը, ով վերջին շրջանում իր գործունեությունը ծավալում է նաև ԱՄՆ-ում, նշում է, որ նման հսկա և առաջատար երկրում հաջողությունների հասնելը հոգեբանորեն դժվար է, բայց` հաղթահարելի: Life.panorama.am-ը Արփինեի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, առաջիկա ծրագրերի մասին, քննարկել նաև մի քանի կանացի հարցեր:
-ԱՄՆ - ում և Հայաստանում միաժամանակ ստացվո՞ւմ է գործունեություն ծավալել:Արդյոք այդ առումով երկու երկրներից մեկը չի՞ տուժում:
-Փորձում եմ համատեղել Հայաստանի և ԱՄՆ-ի գործունեությունս: Իհարկե, հնարավոր է՝ որոշ բացթողումներ լինեն՝ կապված իմ բացակայության հետ, բայց ամեն բան անում եմ, որպեսզի հասցնեմ աշխատել բոլոր այն նախագծերում, որոնցում ընդգրկված եմ:
-Բացի «Global Arts» ընկերության հետ համագործակցելուց` ԱՄՆ - ում ուրիշ ինչո՞վեք զբաղված:
-Բացի այդ՝ ԱՄՆ-ում նկարահանում ենք «Pop հանրագիտարանը»: Ինչպես նաև ինքս փորձում եմ որոշակի գործունեություն ծավալել, հուսով եմ՝ հաջողություններ կունենամ:
-Առաջին լուրջ դժվարությունը, որին բախվեցիք այդտեղ, ո՞րն էր:
-Այստեղ շատերն են լուրջ դժվարությունների բախվում: Ինձ հանդիպած խոչընդոտները սահմանափակվել են միմիայն ԱՄՆ-ի մասշտաբային մեծության հետևանքով: Ապրած լինելով Հայաստանում և ապա զրոյից փորձել ԱՄՆ-ի պես հսկա և առաջատար երկրում հաջողությունների հասնել՝ հոգեբանորեն դժվար է: Այնուամենայնիվ, կարծում եմ, ուժեղ մարդը կարող է հաղթահարել այդ դժվարությունը ևս:
-Երգչուհու ձեր կարիերան վերսկսելու մտադրություն չունե՞ք. առաջիկայում նոր երգ,տեսահոլովակ սպասե՞նք:
-Իհարկե, մտադրություն ունեմ, քանի որ շատ եմ կարոտել իմ՝ երգչուհի տեսակին: Կան երգեր, որոնք գրեթե պատրաստ են, բայց առայժմ չեմ կարող ասել, թե երբ կլինի նոր տեսահոլովակ:
-ԱՄՆ-ում կա՞ մեկը, ով ձեզ համար հենարան է, ապավեն, ընկեր:
-ԱՄՆ-ում ժամանակ առ ժամանակ բնակվելը շատ բան տվեց՝ հետագա կյանքի համար: Մեծ հիասթափություններ եմ ապրել մարդկային տարբեր տեսակների հետ շփվելով, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այդուհանդերձ այսօր ԱՄՆ-ում ունեմ հիանալի ընկերներ, ովքեր իսկապես հարազատ են դարձել ինձ և կարող եմ հենվել նրանց ուսին, ընդունել որպես ընկեր:
-Դուք դերասանական կրթություն ունեք. այս մասնագիտությամբ հանդես գալուառաջարկ, ծրագիր, մտադրություն կա՞:
-Ավարտել եմ Թատերական ինստիտուտը, և ինձ համար շատ կարևոր է հանդես գալ որպես դերասանուհի: Կա մի շատ հետաքրքիր առաջարկ, որից ես շատ ոգևորված եմ, առայժմ չեմ կարող մանրամասնել, բայց, Աստծո կամոք, եթե հաստատվի ամեն բան, սիրով կտեղեկացնեմ ձեզ:
- Ինքներդ նշել եք, որ այսօր հայկական շոուբիզնեսում այն երգիչներն են ակտիվ,ովքեր մատուցում են անորակ երաժշտություն, այնինչ դուք, որպես հաղորդավարուհի,հաճախ եք շփվում նրանց հետ, բեմերից հայտարարում եք այդ երգիչների անունները.ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:
-Այո, ասել եմ ու հիմա էլ ասում եմ, բայց՝ ոչ որպես հաղորդավարուհի, այլ՝ հանդիսատես, կամ երաժշտության հետ կապ ունեցող մարդ: Իսկ որպես հաղորդավարուհի, այո, հայտարարում եմ նրանց անունները, և անձնական լարվածություն չկա: Ի վերջո, դա իմ աշխատանքն է, և ես այն պետք է կատարեմ մաքսիմալ լավ:
-Եթե չլիներ ֆինանսի գործոնը, կշարունակեի՞ք զբաղվել հաղորդավարությամբ:
-Այո, իհարկե: Ես սիրում եմ տեսախցիկը, նկարահանման գործընթացը, ինձ դուր է գալիս անընդհատ սովորել հեռուստատեսության հետ կապված նոր բան, և, վերջապես, ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ:
-Այսօր դուք համարվում եք ամենաոճային հայ հաղորդավարուհիներից մեկը. ըստ ձեզ, սովորաբար ե՞րբ է կինը գտնում իր սեփական ոճը, այս ճանապարհին ի՞նչ խորհուրդկտաք հայ կանանց եւ աղջիկներին:
-Շնորհակալ եմ: Կարծում եմ՝ կինն իր սեփական ոճը գտնում է այն ժամանակ, երբ ինքն իրեն սկսում է ավելի լավ ճանաչել, երբ չի շեղվում իրենից և իր բնությունից, չի փորձում նմանվել մեկ ուրիշին: Առհասարակ, կնոջ ոճային լինելը կապված է նրա՝ որպես անհատականություն ձևավորվելու և հոգեբանական առանձնահատկությունների հետ: ԱՄՆ-ում՝ այդ բազմազգ երկրում, տեսնելով այլազգի կանանց, օրեցօր հանգում եմ այն համոզման, որ հայ կանայք և աղջիկներն ամենագեղեցիկն են: Միայն խորհուրդ կտայի չչարաշահել բոլոր այն միջոցները, որոնցով այսօր ամբողջ աշխարհն է տարված, դրանք իսկապես անդեմ են դարձնում աղջիկներին, վերջիններս նմանվում են միմյանց: Պետք չէ ձգտել իդեալական քիթ կամ շրթունքներ ունենալուն, պարզապես հարկավոր է լինել խնամված, այլապես կկորցնեք ձեր դեմքի առանձնահատկությունը, որը տրված է ի վերուստ: