Tert.am-ը գրում է.

 

Այծը, տղան, էծի տղությունը, դեռ որձ չկտրած տղայի էծությունը, որ մեջքից կողերը ցից էգ է երևում, բայց աչքերով չափ է տալիս քեզ։ Այսպես կինոյի նման, իծաշարուկ գալիս է այս տղան. ես նրան հանդիպել եմ Սիսիանի բրոնզեդարյան հին դամբարանների պատկերաշարում, մեր մոռացված գյուղերի փոշեկոլոլ ճամփեքի վրա, անգամ քաղաքային բաղնիքների ամենակուլ գոլորշիներում թաք կացած, Չարենցի ու Փարաջանովի թաքուն և ափաշքյարա պատկերագրերում։ Ու ամեն տեղ սա բոլորի առաջն ընկած՝ էծ, իրեն սարուքարով է տալիս, որ հետ ընկած հաստաբեստ մարմիններով անասունների վրա մի պուտ արյուն էլ չկաթա, դանդալոշ ծանրաքարշներին փակում է իր մի հատիկ երգեցիկ մարմնով, որի անդամներն արդարության գործիքներ են՝ պիրկ, չծռմռվող, արարչական։

 

Այս մտքերը եկան, երբ ուղիղ մեկ ժամ անընդմեջ նայում էի աշխարհահռչակ դաշնակահար ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանի աչքերի խորքը, բայց դա բոլորովին այլ մի զրույց էր, որի մասին ես մի օր անպայման կգրեմ։ Իսկ բարձրաձայնեցինք այսքանը. երևի ամենակարևորին խոսքը չի կարողանում դիպչել, կամ երբ հասավ այդ մեղքին, արդեն երգ է, որ կա։

 

-Տիգրա՛ն, երբ նայում եմ Ձեր կենսագրությանը, թե ինչպես մի տղա ծայրագավառի իր փոքր արահետից հասավ աշխարհի ծայրը՝ դառնալով հանրահռչակ, միտքս են գալիս հրաշապատում հեքիաթները։ Այս մոտիվով են հենց ժամանակակից առասպելներ հյուսում. "Novus Ordo Seclorum"-նոր կարգ դարերի համար, սա գրեցին չէ՞ ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամի վրա և ամերիկացի երեկվա գաղթականին այն դարձրեց միլիոնատեր ջենտլմեն։ Փաստորեն, Ձեր կենսագրությունն էլ կարող է մեր երիտասարդների համար դառնալ հայկական երազանքի նոր մոդել, Թումանյանն ասում էր. «Հեքիաթը գերագույն արարքն է»։ Եվ ուրեմն ինչպե՞ս հասնել այդ եզերքին։ Ես իսկապես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ այս հարցը տալ , չէ՞ որ նրա պատասխանը կարող է ջնջել աշխարհի թերևս ամենաողբերգական մի քանի տեսարաններ՝ երիտասարդ մարդկանց հուսահատությունը։


- Մի բան կարող եմ միայն ասել, որ տաղանդավոր մարդիկ չպետք է հուսահատվեն և անպայման կգտնեն իրենց ճանապարհը, պիտի միշտ իմանան, թե ինչն է կարևորը, ինչ են իրենք ուզում: Այստեղ Հայաստանում, ավելի հեշտ են գայթակղվում և հուսահատվում: Ես, օրինակ, շատ վատ տարիներ եմ տեսել Գյումրիում: Հայրս առավոտյան ժամը 6-ին գնում էր, հացի հերթի կանգնում, ու երբ հացը բերում էր տուն, մենք չէինք հասկանում, թե այն ինչից է պատրաստված: Մեր ընտանիքը շատ բարդ օրերի միջով է անցել, բայց երբեք չենք հուսալքվել: Իմ հորեղբորը շատ մարդիկ խելագարի տեղ էին դնում: Բայց նա իր ամբողջ կյանքը նվիրեց ինձ, որովհետև հավատում էր ինձ: Մեզ համար ամենակարևորը չհուսալքվելն է եղել: Պետք է հույս տալ տաղանդավոր մարդկանց: Բացի այդ էլ` ամեն մարդ իր ճանապարհն ունի և անպայման գտնում է այդ ճանապարհը, երբ գնում է, չի հոգնում, աշխատում է, ոչ թե հուսալքվում։

 

Շարունակությունը` այստեղ: