Esem.am-ը գրում է.
Դերասան-ամուսիններ Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը ծնվել են նույն տարում՝ երեք օրվա տարբերությամբ. մայիսի 7-ին Տիգրան Ներսիսյանի, 10-ին՝ Նելլի Խերանյանի տարեդարձն է: Նրանք բոլորեցին 48 տարին: «Երկուսս էլ Հրեղեն ձիու տարում ենք ծնվել, ընդամենը երեք օրվա տարբերությամբ, դրա մեջ գուցե խորհուրդ կա, գուցե պատահականություն է, որ հանդիպել ենք: Մեր ընկերներն ասում են, որ խորհուրդ կա, ես կարծում եմ, որ մարդիկ հանդիպում են, որովհետև հանդիպում են, սիրահարվում են, որովհետև ինչ-որ ուժեր են անցնում նրանց միջև և որոշում են միասին ապրել, որովհետև միմյանց հետաքրքիր են լինում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց տկն Նելլին:
Դերասանուհուց տեղեկացանք, որ ինքն ու ամուսւինը վերջին տարիներին առանձնապես չեն նշում տարեդարձը, մեծ հավաքույթ չեն կազմակերպում: «Ընտանեկան փոքրիկ հավաքույթ, իհարկե, լինում է: Երեկ էլ հավաքվել էին մեր շատ-շատ մտերիմ մարդիկ, միասին խմեցինք, խոսեցինք արվեստից, վիճեցինք, բանավիճեցինք, հաշտվեցինք, համբուրվեցինք, սակայն ես դա նշել չեմ համարում: Համարում եմ, որ միասին ճաշեցինք, մեկ օր էլ նվիրեցինք մեզ, մեր ընկերների հետ հետաքրքիր երեկո անցկացնելուն: Վերջում ասացինք, որ հրաշալի երեկո անցկացրինք ու հրաժեշտ տվեցինք իրար»,- իրեն հատուկ էնտուզիազմով պատմեց նա:
Նելլի Խերանյանը սիրում է, երբ իրեն նվիրում են այն, ինչ ինքն ուզում է, պրն Տիգրանը՝ նույնպես: «Ես և Տիգրանը միմյանց նվերներ ենք տվել, որոնք ընտրել ենք՝ հաշվի առնելով մյուսիս ցնակությունը: Մեր աղջիկները նույնպես նվերներ էին պատրաստել. մեծ աղջիկս՝ Անին, նվերներ էր գնել, իսկ փոքրը՝ Մանեն, միշտ իր ձեռքով պատրաստած բացիկներ է նվիրում մեզ, քառատող է գրում մեզ համար, որն աշխարհի ամենաթանկ, ամենահետքրքիր նվերն է,- ասաց տկն Նելլին՝ հավելելով, որ փոքրիկ Մանեն ամբողջ տարին փող է հավաքում ծննդյան տոներին նվերներ գնելու համար,- Մանեն ինձ հարցրեց՝ ի՞նչ գնեմ քեզ համար, ասացի՝ ոչինչ պետք չէ, խնդրում եմ, պահիր այդ փողը և ինձ համար էլի բացիկ պատրաստիր: Դա շատ գեղեցիկ և հուզիչ է»:
Դերասանուհին հիշեց, որ մանկության տարիներին գիտեր, թե ծնվել է մայիսի 9-ին, քանի որ այդ օրը հանգստյան օր էր, և ծնողները հենց մայիսի 9-ին էին կազմակերպում իր տարեդարձի հավաքույթը: «Իմացա, որ մայիսի 10-ին եմ ծնվել, երբ անձնագիր ստանալու հարց եղավ: Սակայն մեր տանը պահպանվում էր ծննդյանս տոնը մայիսի 9-ին նշելու գաղափարը: Երբ ամուսնացա, Տիգրանենց տանը տարեդարձս նշեցինք ամսի 10-ին: Դա ինձ համար այնքան խորթ էր: Ես սովոր էի ամսի 9-ին,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ամենատպավորիչ տարեդարձն ունեցել է 22 տարեկանում՝ սիրելիի անակնկալի շնորհիվ,- Տիգրանն ինձ տասը նվեր տվեց տասը րոպե ինտերվալով: Դա ամենա-ամենան էր… նվերների մեջ տարբեր բաներ կային՝ ծաղիկ, օծանելիք, ժամացույց և այլն»:
ESem.am-ը շնորհավորում է դերասան-ամուսիններին՝ մաղթելով ամենալավն ու բարին:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը