Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շոայի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնի հեռուստաասղը տեղեկացրել է Instagram-ի իր էջում, որտեղ տեղադրել է իր լուսանկարը Ցեղասպանության 100-ամյա վերապրածի հետ:
«Պատիվ ունեմ մասնակցելու Շոայի հիմնադրամի միջոցառմանը՝ աջակցելու Հայոց ցեղասպանության վկայությունների տարածմանը: Ես նստած եմ ամենաոգեշնչող մարդու՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ականատեսի կողքին»,- նման գրառում է թողել Քարդաշյանը:
Շոայի հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին Սթիվեն Սփիլբերգի կողմից: Այն ոչ կոմերցիոն կառույց է, որը տեսաձայնագրության ձևաչափով հավաքագրում է Հոլոքոստի վերապրածների ու ականատեսների վկայությունները: Հիմնադրամն արդեն 2002 թվականին ուներ հավաքագրած ու ձայնագրած 52 հազար հարցազրույցներ Հոլոքոստի ականատեսների հետ 56 տարբեր երկրներից: