Ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն` մասնակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանի: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Սահակյանը նշել է, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված Ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը:

 

Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես են եկել Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

 

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ են զետեղել և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցրել են Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները: