Արարատի մարզկենտրոն Արտաշատում, Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ երթ և ոգեկոչման արարողություն: Երթին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, Արտաշատի կապի ուսումնական զորամասի և ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական և զինվորական անձնակազմը, ոստիկանության և մարզի այլ կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, դպրոցականներ:

 

Ներկաները, Արտաշատի կենտրոնում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ իրենց խոնարհումն արտահայտեցին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով: Մրգավանի հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ:

 

Վաղ առավոտյան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ, շուրջ 200 երիտասարդներ, այդ թվում` ավելի քան 80 զինվորներ, տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Արտաշատի կենտրոնական փողոցով երկու անգամ շրջապտույտ կատարեցին` վանկարկելով «Ճանաչում» բառը: Այնուհետև, Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ միանալով երթին` երիտասարդները եռագույն դրոշներով կազմված շրջանի կենտրոնում 150 վառվող մոմերով գրեցին 1915 թիվը:

 

Ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ երթեր եղան նաև մարզի մյուս քաղաքներում և համայնքներում:

 

Տարելիցի շրջանակում, առաջիկա տասնօրյակի ընթացքում ոգեկոչման միջոցառումները կշարունակվեն մարզի մշակութային օջախներում և կրթական կենտրոններում:

 

Լիլիթ Մաճկալյան