Հայ ընթերցողի դատին դրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված միաժամանակ երեք հրատարակություն: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «Միգրացիան և հայկական նոր սփյուռքը» էթնոսոցիոլոգիական հետազոտությունը, «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները» և «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուների շնորհանդեսով, փորձ է կատարվում հասարակությանը ներկայացնել երեք կարևոր և արժեքավոր հետազոտություն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նաև Հայոց ցեղասպանության թեմային:

 

«Ապրիլի 18-ը պատահական չէ ընտրած, քանի որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին ներկայացվում է գիտնականների կատարած փայլուն աշխատանքը, արդյունքը»,- նկատեց Հակոբյանը:

 

Հրատարակություններից առաջինը` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հետ հրատարակված «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողավածուն է, որում ամփոփվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիմնական միջազգային իրավական փաստաթղթեր. դրանց մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում հայերենով:

 

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ, իրավագետ-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն հայտնեց նախարարությանը ընձեռած հնարավորության համար:

 

«Ակնհայտ էր, որ նման հետազոտության անհրաժեշտություն առկա է: Փաստորեն, փորձեցիքն այս աշխատության մեջ ներկայացնել հարյուր տարվա այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության զուտ իրավական կողմին»,- նշեց Քոչարյանը:

 

Երկրորդ գիրքը, ոը հրատարակվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետ, «Միգրացիան և հայկական նոր սփյուռքը» էթնոսոցոլոգիական հետազոտությունն է` նվիրված բնակչության միգրացիային և դրա արդյունքում ձևավորված որակապես նոր հայկական սփյուռքում էթնիկ գոյատևմանը:

 

Սահմանադրական դատարանի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը, որպես պատմական իրողություն, ապացուցման կարիք չունի նաև շնորհիվ մեր պատմաբանների, քաղաքական գործիչների կողմից կատարված հսկայածավալ պատմաքաղաքական փաստաթղթերի վերլուծման:

 

Խոսելով երրորդ` ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզի ինստիտուտի հետ հրատարակված «Արդի լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով և Մայրենիի օրվան նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուին, որն անդրադառնում է արդի լեզվաքաղաքականության խնդիրներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքով մեծ հարված է հասցվել նաև մայրենի լեզվին` այն աղճատելով երկու ճյուղերի:

 

Շնորհանդեսի մասնակիցները հույս հայտնեցին, որ կատարված աշխատանքը շարունակական կդառնա: