Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին կայացել է ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա են եղել մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելել. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը չի դադարում: Աշխարհի հայությունը՝ Հայրենիքի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի հայերը ձեռք ձեռքի տված պայքարում են Ցեղասպանության ճանաչման, հայ դատի, արդարության վերականգնման համար: Այդ պայքարի ձևերից մեկն էլ մշակույթն է, որի միջոցով մեր դատը ներկայացնում ենք աշխարհին: Մշակույթն այն ուժն է, որ կարողանում է սոսնձել, իրար միացնել անցյալը, ներկան և ապագան»:

 

Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

 

Վրաստանի վաստակավոր նկարիչ Կառլեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Ջավախքի աջակցության հիմնադրամին (ՋԱՀ) ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար. «Այսօրվա ցուցադրությունը մեզ համար մեծ ուրախություն և հաջողություն է, շնորհակալություն բոլոր աջակցողներին: Մեկ անգամ ևս հավաստվեց, որ Ջավախքի ժողովուրդը նաև մեծ արվեստ ունի: Մենք ցուցադրվել ենք ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ԱՄՆ-ում և Կանադայում: Դիտելով մեր աշխատանքները՝ դուք կզգաք մեր ուրախությունը և ցավը,-նշել է Կարապետյանը:

 

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Կառլեն Կարապետյանին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով:

 

Ելույթ են ունեցել նաև բարերար, գործարար, Ջավախքի աջակցության հիմնադրամի համահիմնադիր Սոս Սահակյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հրաչ Այվազյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջավախահայերի հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Երևանի N 131 դպրոցի տնօրեն, «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի մեներգիչ Գրիգոր Սաֆարյանը կատարեց Ջիվանու «Առավոտյան քաղցր հովին» ստեղծագործությունը:

 

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել քանդակագործներ Սերգո Սահակյանը՝ «Պատրանք», «Աշուն», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Փրկություն», «Աշխարհայացք», Ռաֆիկ Սարգսյանը «Պարույր Սևակ», «Նարեկացի» և Բաղդասար Սարգսյանը՝ «Ծովինար», «Հայելու առջև»:

 

Ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրության է արժանացռլ Կառլեն Կարապետյանի՝ Ցեղասպանությանը նվիրված շարքը՝ «Եղեռն – եռապատկերը», «Մոր դիմանկարը», «Հայացքը», «Արևի աղջիկը» կտավները:

 

Ուշագրավ են եղել նաև Համլետ Արոյանի, Մնացական Դալլաքյանի, Հայկազուն Ղարագուլյանի՝ Ջավախքի թեմաներով բնապատկերները, դիմանկարներն ու նատյուրմորտները:

 

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 18-23-ը: