Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները նպատակ ունեն առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանը ներգրավել բարձր տեխնոլոգիաների 20 առաջատար երկրների շարքում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ 2014-2018 թթ. ռազմավարությունը ներկայացնելիս այս մասին նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը: «Մեր ռազմավարությունը պետք է հավակնոտ լինի, պետք է բարձր ցուցանիշներ որդեգրենք ու հասնենք դրանց: Մեր գերնպատակն է փոխել երկիրը, այսինքն` բարձր տեխոնոլոգիաների ոլորտում հասնել նրան, որ փոխվի երկիրը, քանի որ մենք համոզված ենք, որ որևէ ոլորտ չի կարող այնքան հեռանկարային լինել Հայաստանի տնտեության համար, որքան բարձր տեխնոլոգիաների ոլորտն է»,- ասաց Հայկ Չոբանյանը:

 

Նրա խոսքով` առաջիկա հինգ տարիների ռազմավարության նախագծի հիմնական ուղղություններն են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի ստեղծումն ու զարգացումը, կրթության որակի և աշխատուժի բարելավումը, կառավարության հետ աշխատանքը, ձեռներեցության զարգացումը: «Այս նպատակներն իրականացնելու համար պետք է աշխատանքային խմբեր ձևավորվեն, որոնց նպատակը կլինի միջոցառումների կազմակերպումը, հանրային իրազեկումը, ծրագրերի իրականացումը, շահերի պաշտպանությունը»,-ասաց Հայկ Չոբանյանը:

 

«Հայաստանի տեխնոլոգիական բրենդի ստեղծումն ու առաջխաղացումը առաջիկա հինգ տարվա մեր ռազմավարության կարևոր մասերից է: Բրենդն ունենալու է «Surprising Engineering» անվանումը, որը Հայաստանը ճանաչելի է դարձնելու իր անակնկալ տեխնոլգիական լուծումներով: Մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը մեզ ճանաչի որակով, ստեղծագործականությամբ, նոր տեխնոլոգիական պայմանների հնարավորություններով»,-ասաց բանախոսը:

 

Հայկ Չոբանյանի ներկայացմամբ` նոր ռազմավարությամբ իրենք խնդիր են դնում բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել տնտեսական զարգացման ազգային ռազմավարության գլխավոր ուղղությունը: «Մենք կարծում ենք, որ շատ կարևոր կլինի ունենալ ՀՀ նախագահի խորհրդական բարձր տեխնոլոգիաների գծով, ունենալ բարձր տեխնոլոգիաների զարգացման աշխատանքային խումբ պառլամենտում, ինչպես նաև պատգամավորներ բարձր տեխնոլոգիական ոլորտից»,-նշեց նա` հավելելով, որ պետական կառավարման մարմինների պատասխանատուների ՏՀՏ գրագիտությունը բարձրացնելը ևս իրենց հիմնական նպատակներից է:

 

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: «Արձանագրենք, որ Հայաստանում ՏՏ ոլորտը հասել է շատ մեծ հաջողությունների, բայց դեռ շատ մեծ անելիքներ ունենք: Ես հուսով եմ, որ այն ծրագիրը, որն այսօր այս համագումարը կքննարկի, կնպաստի այս ոլորտի ավելի մեծ հաջողությունների ապահովմանը»,-ասաց Կարինե Մինասյանը` նշելով, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջավայրի ձևավորման ուղղությամբ:

 

Կարինե Մինասյանը, ծանոթանալով ռազմավարության նախագծին, նշեց, որ ունի մի քանի դիտողություններ դրա վերաբերյալ: «Հիմա չեմ անդրադառնա ռազմավարության դրական կողմերին, ուզում եմ նշել այն խնդիրները, որոնք տեսա: Ներկայացված ծրագիրն ուղղակի կապ չունի ՀՀ կառավարության կողմից որդեգրված ամբիցիոզ ծրագրերի հետ, ինչը հիմնական պրոբլեմն է: Դրա համար էլ չենք կարող հաջողության հասնել` գործելով առանձին-առանձին: Բացի դրանից, ես չտեսա աշխարհի ՏՏ ոլորտում հայտնվելու ձեր տեսլականը, որ պետք է լիներ ամենակարևորը»,-նշեց Կարինե Մինասյանը' առաջարկե լով միասնական աշխատել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման համար:

 

Ապրիլի 11-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 14-րդ համագումարը: Համագումարին ներկայացվեց 2014-2018 թթ. ռազմավարության նախագիծը, նախատեսվում է անցկացնել ԻՏՄՁ նախագահի և վարչության անդամների ընտրությունը: