Հարվարդի Հանրային առողջության դպրոցի գիտնականները զարմանալի եզրահանգում են արել Պարզվում է՝ ամբողջական հատապտուղներն ու մրգերը (մասնավորապես, հապալասը, խաղողը և խնձորը) նվազեցնում են շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, իսկ նույն մրգերից պատրաստված հյութերը, հակառակը, բարձրացնում են այդ հավանականությունը:

 

"Չնայած մրգերը միշտ դիտարկվել են որպես շաքարային դիաբետի դեմ ուղղված պրոֆիլակտիկ դիետայի մի մաս` գիտնականները մինչ այժմ չունեին միացյալ կարծիք դրանց օգտագործման առավելագույն քանակի մասին: Մեր տվյալները ցույց են տալիս, որ այս դեպքում մրգերի որոշակի տեսակներ կարող են ավելի օգտակար լինել, քան մյուսները", - պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Կի Սանը:

 

Գիտնականները վերլուծեցին 1984թ.-ից 2008թ. տվյալների արխիվը: Այստեղ ամփոփված էր 187 382 մասնակիցներին վերաբերող երեք խոշորագույն հետազոտությունների տվյալներ: Ախտորոշված շաքարախտով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և քաղցկեղով հիվանդները բացառվել էին հետազոտական խմբից: Պարզվեց, որ մասնակիցների 12 198 մասնակիցների մոտ (6.5%) շաքարախտն առաջնային զարգացում է ունեցել:

 

Գիտնականները քանակական գնահատական տվեցին մրգերի օգտագործման ընդհանուր մակարդակին, ինչպես նաև առանձին մրգերի վերաբերյալ (խաղող կամ չամիչ, դեղձ, սև սալոր, ծիրան, բանան, նարինջ, խնձոր, թուրինջ, ելակ, հապալաս) մասնավոր վիճակագրությանը: Բացի այդ, գնահատվում էր հյութերի օգտագործման մակարդակը (մասնավորապես խնձորի, թուրինջի, նարնջի, և մի շարք այլ հյութերի):

 

Եվ գիտնականները եկան հետևյալ եզրակացության. որոշակի ամբողջական մրգերի շաբաթական երկու չափաբաժնի (առաջին հերթին հապալաս, խաղող, խնձոր) օգտագործելը նվազեցնում էր 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը 23%-ով` համեմատած այն անձանց հետ, ովքեր ուտում էին ամիսը մեկ չափաբաժին կամ ավելի քիչ: Եվ հակառակը, ամեն օր մրգային հյութ խմելն այդ հավանականությունը բարձրացնում էր 21%-ով: Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ հյութերի գլիկեմիկ ցուցանիշը միշտ ավելի բարձր է, քան ամբողջական մրգերինը, քանի որ ամբողջական մրգերի մեջ պարունակվող մանրաթելերը դանդաղեցնում են սննդային գնդիկի շարժումը՝ այդպես հետաձգելով ածխաջրերի ներծծումը:

 

Որոշակի մրգերի ազդեցության անհատական բնույթը գիտնականները կապում են դրանց քիմիական կազմի հետ: Հայտնի է, որ հատապտուղներում և խաղողում պարունակվող անտոցիանները նվազեցնում են սրտի կաթվածի հավանականությունը: Սակայն անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ` պարզելու համար, թե մրգերի հատկապես որ բաղադրիչներն են պատասխանատու շաքարախտի զարգացման հավանականության նվազեցման հետ:

 

"Այսպիսով, մեր տվյալները ամբողջովին համապատասխանում են այն պատկերացումներին, որ ամբողջական մրգերը ավելի գերադասելի են, քան հյութերը",- ասում է Իսաո Մուրակին` գիտնականներից մեկը: