Այսօր՝ մարտի 8-ին, ամբողջ աշխարհում նշում են կանանց միջազգային օրը: Մարտի 8-ը համարվում է միջազգայնորեն ընդունված մի օր, երբ աշխարհի կանայք տոնում են տարբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական, սոցիալական) իրենց ունեցած ձեռքբերումները և նվաճումները: Այս օրը հիմնականում ընդունված է համարել որպես կանանց' հասարակության մեջ ունեցած դերի և իրավունքների համար անցյալում մղված պայքարի օր, որի հիմքը դրեցին ֆեմինիստ կանայք:

Այս տոնի կապակցությամբ Լուրեր.com-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հայտնի ու սիրված հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Ավետ Բարսեղյանը, Վահե Խանամիրյանը և Արման Մարգարյանը կիսվեցին, թե ում են շնորհավորում առաջինը, ինչն են գնահատում հայ կնոջ մեջ և իրենց շնորհավորանքի խոսքն ասացին այս տոնի կապակցությամբ: 

-Ո՞ւմ եք առաջինը շնորհավորում մարտի 8-ի կապակցությամբ:

Էրիկ - Մինչև ամուսնանալը մորս: Այժմ' կնոջս, նրանից սկսած:

Ավետ -Մայրիկիս ու քույրիկիս:

Արման - Մայրիկիս:

Վահե- Տատիկիս, մայրիկիս, քրոջս՝ մեր ընտանիքի կանանց:

-Ինչպե՞ս կբնորոշոք հայ կնոջը և ո՞ր հատկանիշն եք ամենից առավել գնահատում նրանց մեջ:

Էրիկ - Ինձ համար չկա հայ կին հասկացությունը, ինձ համար կա կին և կանայք, ովքեր իմ կողքին են, և ես' կնամեծար լինելով, առաջին հերթին մեծարում եմ հենց իմ մորն ու կնոջը: Նրանց կերպարներն են ինձ համար կնոջ ամենագնահատելի կերպարները, եթե ես լինեի ֆրանսիացի,նույն մարդիկ ինձ համար կլինեին նույն արժևորմամբ, իսկ կնոջս ընտրել եմ իր բոլոր հատկանիշների համար:

Ավետ - Հայ կնոջ մեջ ամենաշատը գնահատում եմ լավ կողակից լինելու ունակությունը: Իրենց գործունեությունը մի կողմ թողնելու և տղամարդուն սատար կանգնելու ունակությունը: Տղամարդու ամբողջը դառնալու կարողությունը:

Արման- Շաբլոն բաներ պետք է ասեմ՝ բարություն, ընտանիքին նվիրվածություն:

Վահե- Հավատարմությունը, գործունյա պատրաստակամությունը, բարությունը, գեղեցկությունը, կարող եմ երկալ թվարկել…


-Ձեր շնորհավորանքը...

Էրիկ - Մաղթում եմ, որ մեր բոլոր կանանց կողքին իրենց արժանավայել տղամարդիկ հայտնվեն:

Ավետ - Սրտանց շնորհավորում եմ կանանց միամսյակի կապակցությամբ: Ցանկանում եմ' յուրաքանչյուր կին իր կողակցից շատ գոհ լինի, հատկապես այս մեկ ամսվա ընթացքում:

Արման - Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին: Մարտի 8-ը իրականում ոչ թե կանանց միջազգային օր է, այլ դրա միտքն այն էր, որ կանայք ուզում էին տղամարդկանց հավասար աշխատավարձ ստանային: Մաղթում եմ կանանց, որ չունենան աշխատելու կարիքը և այս տոնն, այդ առումով, իր իմաստը կորցնի:

Վահե- Ես շնորհավորում եմ նախ մեր ընտանիքի կանանց, բոլոր աղջիկներին և կանանց, ովքեր ընթերցում են ձեր կայքը և առհասարակ բոլոր կանանց: Ցանկանում եմ՝ չնայած դժվարությունների, հաճախ ժպտան, ինքնաբավ լինեն և իրենց ժպիտներով ուրախացնեն իրենց շրջապատող բոլոր տղամարդկանց:

 

Զրուցեց Լիա Թահմազյանը