AlfaNews.am լրատվական կայքը սկսում է հարցազրույցների նոր շարք` սիրված դերասանների, երգիչների և հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ: Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք  դերասաններ Մովսես Երեմյանի ու Կարեն Շահգելդյանի հետ հարցազրույցը: Նրանք խոսել են իրենց մասնակցությամբ ներկա և ապագա նախագծերի  մասին, նաև ներկայացրել են հետաքրքիր դրվագներ անձնական կյանքից

 

 

Երիտասարդ դերասանները հաճախ են դժգոհում, որ մեր երկրում նրանց ճանապարհը դժվար է ու խրթին:Սակայն մեր կայքին տված բացառիկ հարցազրույցում նրանք անկեղծացան եւ պատասխանեցին թե մասնագիտական եւ թե անձնական բոլոր հարցերին:Մեր զրուցակիցներն են երիտասարդ ու խոստումնալից դերասաններ Մովսես Երեմյանն ու Կարեն Շահգելդյանը, ովքեր այսօր բացեցին մի գաղտնիք.նկարահանվում է նոր խաղարկային ֆիլմ, որի պրոդյուսերն եւ սցենարի հեղինակը Արմինե Բոյաջյանն է: Ֆիլմը հենց իրենց՝ երիտասարդների մասին է, որոնք եւ կյանքում եւ ֆիլմում շատ տարբեր են, բայց միեւնույն ժամանակ լավ ընկերներ:Ֆիլմի սյուժեի մասին նրանք աշխատեցին փակագծերը շատ չբացել,սակայն ասացին, որ բոլոր դերասանները երիտասարդ են եւ մի գուցե հենց այս հանգամանքն էլ  մեծ խթան կհանդիսանա նրանց ապագա գործունեության համար հայրենիքում:Անձնական կյանքից նրանք խոսում են զգուշությամբ, քանի որ նշում են, որ շատ հաճախ իրենց իսկ խոսքերն աղավաղվում են եւ լրագրողները ստանում են այն, ինչ իրենք են կամենում:Մենք մեր ընթերցողին ենք  ներկայացնում երիտասարդ դերասանների խոսքն առանց հավելումների եւ մեկնաբանությունների:

 

 

Ե՞րբ առաջին անգամ զգացիք բեմի նկատմամբ ձեր հակումը:

 

 

Մովսես Երեմյան -  շատ վաղ տարիքից, 4 տարեկանեի, երբ սկսեցի պարել լատինամերիկյան պարեր, բեմն ինձ համար դարձավ հարազատ տան պես, իմ տարեկիցները դրսում խաղում էին, իսկ ես ժամերով պարապում էի, հաջողության էի ուզում հասնել, եվ հասա, ունեմ բազում մրցանակներ ընդհուպ  Եվրոպայի չեմպիոնի տիտղոս, :

 

 

Իսկ Սերիալներում նկարահանվելը նու՛յնպես երազանք էր:

 

 

Մովսես Երեմյան  - Ոչ իհարկե,երբ սովորում էի թատերականում, երկրորդ կուրսում, առաջարկ եղավ նկարահանվել, դա հիանալի միջոց էր տեսականը համատեղել գործնականի հետ, այդ պատճառով էլ համաձայնեցի եւ ինչպես միշտ սիրում եմ կրկնել` արածներիս համար չեմ փոշմանել:

 

 

Կցանկանա՞ք ձեր կարիերան շարունակել Հայաստանից դուրս:

 

 

Մովսես Երեմյան - Ես ցավոք օր օրի գալիս եմ այն եզրահանգման, որ Հայաստանում շատ մեծ դաշտ չկա աշխատելու, այսօր չեմ  ուզում պլաններ գծել, ինչպես ասում են այսօրվա օրով եմ ապրում, բայց եթե լավ առաջարկ լինի կմտածեմ: Ինձ նաեւ հոգեհարազատ է մոդելի կարիերան, մասնակցել եմ նման մրցույթների եւ նույնպես ունեցել եմ հաջողություններ:

 

 

Այսինքն Ձեր արտաքինո՞վ եք ուզում գումար վաստակել:

 

 

Մովսես Երեմյան - Այո  ինչու ոչ, եթե մի ասպարեզում դու կարողանում ես հասնել հաջողության եւ սիրում ես դա անել, ինչու չհամատեղել հաճելին օգտակարի հետ:

 

 

Իսկ մեր մյուս զրուցակիցը՝ Կարեն Շահգելդյանը, ով եւս նոր նկարահանվող ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, գտնում է, որ արտերկրում իր դերասանական տաղանդն էլ ավելի դյուրին կլինի ներկայացնել հանդիսատեսին.

 

 

Ինչ պլաններ ունեք այդ առումով:

 

 

Կարեն Շահգելդյան – Համացանցային եղանակով մասնակցել եմ հիմնադրամային, այսպես ասած գրանտային մի մրցույթի եւ հաղթել եմ, պատրաստվում եմ մեկնել Եվրոպա եւ կատարելագործել իմ դերասանական գիտելիքները:Ինձ համար թատրոնն ուրիշ աշխարհ է, թատրոնում, ի տարբերություն կինոյի, երբ սխալվելու հնարավորություն ունես, անմնացորդ ու անմիջական շփում ունես հանդիսատեսիդ հետ, դու խոսում ես, զրուցում ես նրա հետ ու հետեւում հանդիսատեսի ամեն մի միմիկային, ամեն մի շարժմանը:

 

 

Հայ դերասաններից ում եք համարում տաղանդավոր

 

 

Կարեն Շահգելդյան - միանշանակ առաջին տեղում Հրաչյա Ներսիսյանն է, անկասկած Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, այնպիսի աստղաբույլ ունենք, որ վախենում եմ մեկի անունը չտալով վիրավորել մյուսներին:Իմ միակ ցանկությունն այն է, որպեսզի վերականգնվի հայ թատրոնի երբեմնի վարկանիշը, որ հանդիսատեսն անհամբերությամբ սպասի յուրաքանչյուր պրեմիերայի, այ հենց դրա համար էլ մեկնում եմ Եվրոպա, որպեսզի վերադառնամ ու էլ ավելի պրոֆեսիոնալ խաղամ իմ հայ բեմում:

 

 

Մեր զրուցակիցների սրտերը ազատ չեն, ցավոք արդեն զբաղված են.

 

 

Մովսես Երեմյան - գիտեք ես իմ անձնական կյանքի մասին միշտ աշխատել եմ քիչ խոսել, դա իմն է, հանրային չէ, սակայն այսօր այնքան բաներ եմ լսում, որ զարմանում եմ,սա իմ կյանքն է՞, մի քանի օր առաջ տաքսի էի նստել եւ տաքսիստը ինզ համոզում էր, որ ես ամուսնացած եմ, այնպես համոզված էր ասում, որ քիչ էր մնում հավատայի…ունեմ սիրած էակ, շատ եմ սիրում,ցավոք այս պահին իմ կողքին չէ, հանգամանքների բերումով Հայաստանում չէ, սակայն ապագա պլաններս նրա հետ են  կապված, որոնց մասին կլռեմ, դա իմն է, միայն իմը, ասեմ միայն, որ կաշխատեմ նրան բոլոր տեսաղցիկներից ու լրագրողներից հեռու պահել:

 

 

Կարեն Շահգելդյան  -սիրտս ազատ չէ իհարկե, կասեմ ավելին, զավթած է եւ պլաններս էլ նրա հետ են կապված: Մի քիչ բարդ է իմ եւ ընկերուհուս հարաբերությունները, չբացեմ փակագծերը, սակայն հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, կարճ ասած ես, կողակիցս, Եվրոպան եւ իմ սիրած թատրոնը. Ահա իմ ապագան, առանց որոնց կյանքս չեմ պատկերացնում:

 

 

Իսկ Հայրենիքը՞

 

 

Կարեն Շահգելդյան - Ես շատ եմ սիրում հայրենիքս, Երեւանս, եվ իմ մեկնումը ժամանակավոր է, առանց ծնողներիս, առանց սիրել քրոջս, ընկերներիս, մեր քաղաքի թոհ ու բոհի ես չեմ էլ ուզում պատկերացնել իմ ապագան:Այ այս նոր ֆիլմը, որտեղ նկարահանվում ենք Մովսեսի հետ, սա էլ է իմ հայրենիքը, իմ սիրած գործը, բայց մարդը միշտ պետք է ձգտի ավելիին, անընդհատ աշխատի իր վրա:Այն ժամանակ Ձեր կայքին հուսով եմ հարցազրույց կտամ արդեն որպես կայացած ու պրոֆեսիոնալ դերասան :Ի դեպ մաղթում եմ ձեր կայքին անաչառություն, օբյեկտիվություն եւ կանաչ ճանապարհ:

 

 

 

Մովսես Երեմյան - Ես հավատացած եմ, որ այս հարցազրույցն էապես կտարբերվի մնացածներից, որ իմ եւ ընկերոջս ասածներն առանց աղավաղվելու կհասնի ձեր ընթերցողին, ձեր կայքին մաղթում եմ հաջողություն եւ հարատեւություն:

 

 

 

Մեր կողմից հավելենք, որ նոր ֆիլմը, որտեղ ներգրավված են այսօրվա մեր զրուցակիցները, շուտով,կարճ ժամանակ անց կհանձնվի ձեր դատին: