Այսօրվա զրուցակիցս երգիչ Արման Էլբերտն է, ով այսօր ԼՈՒՌ է… Կարծում եմ՝ միայն մեկ պատճառով. չի՛ «սազում» դաշտում տիրող մյուս ձայների հետ… Թեև, մոռանալով կարգավիճակիս մասին ու արտահայտվելով որպես ունկնդիր՝ պետք է ասեմ՝ հազար ափսոս, որ նման ձայն ենք կորցնում… Հուսամ՝ կվերագտնենք…
- Արման, հիմա ի՞նչ գործունեություն եք ծավալում:
- Թեև ես շեփորահար եմ, ով ընթացքում սովորել է նաև վոկալի բաժնում, նաև դիրիժորական մասնագիտացում ունեմ, բայց արդեն 2 տարի է մեծամասամբ ռուսական ֆիլմերի սաունդթրեքներ եմ գրում, ընդհանրապես ձայնային բոլոր էֆեկտներն եմ անում: Պատվերները սովորաբար լինում են Մոսկվայից:
- Իսկ որպես երգի՞չ…
- Իմ գրած շատ երգեր կիսատ եմ թողել: Հիմա փորձում եմ թարմացնել ու ամբողջացնել…Ինքս սիրում եմ գրել, ստեղծագործել, բայց չեմ սիրում ինձ կոմպոզիտոր որակել… Մեզ մոտ դա ընդունված է թեև, ամեն 2-րդին կոմպոզիտոր են ասում… Չգիտեմ, երբ մի բանից կոտրվում ես, էլ չես ուզում շարունակել…
- Իսկ ինչի՞ց եք կոտրվել…
- Երբ շուրջս նայում եմ, տեսնում եմ եթերներում ինչ է կատարվում, ինչ է մատուցվում, ով է ներկայացվում… Երբ նայում ես, տեսնում ես՝ այդ «երգչի» ոչ երգածնա մի բան, ոչ ինքնա մի բան… Չգիտեմ, եթե ժամանակին կարող էիր գնալ ռեստորան, գումար վճարել ու ռաբիզ լսել, այսօր այդ ռաբիզին էլ են արդեն հարամ արել: Չգիտես ինչ երանգներ ու մելիզմներ են տվել…Տարբեր բաներից կարելի է հիասթափվել՝ լինի դա վերաբերմունք, անարդարություն… Այդ ժամանակ ուղղակի կողքի ես քաշվում ու ասում՝ լավ, թողնենք, թող «շակալները» զբաղվեն, մի քիչ ուրախանան…
- Բայց այդ բարձիթողի վիճակն այսօր բոլոր ոլորտներում է, ինչո՞ւ…
- Որովհետև շատերն են իրենց քթերը մտցնում այնտեղ, որտեղ չկան ու չեն էլ լինելու…Շատերը «ծակ պրոֆեսոր» են, ովքեր իրենց լուրջ մարդու տեղ են դրել ու հենց այդ մոտեցումով էլ կարողանում են իրենց շուրջը հավաքել շատերին…
- Արման, մեր ժողովուրդը, հեռուստադիտողը նաև շատ բծախնդիր է: Երբ երգչին չի սիրում, որքան էլ նրան լսի՝ հազար ու մի անուն է կպցնում…Ձեր դեպքում հակառակը եղավ. երբ հանրությանը մի քանի տարի առաջ ներկայացաք, ձեզ անմիջապես սիրեցին ու ձեր ձայնը գնահատեցին: Փաստորեն, հրաշալի պարարտ հող էր՝ դաշտում մնալու համար… Ինչո՞ւ սկսեցիք պասիվանալ:
- Եթե անկեղծ լինեմ, դեռ 90-ականներից ձգտում չեմ ունեցել անընդհատ երևալ հեռուստաալիքներով, նույնիսկ տեսահոլովակներ նկարահանելու մոլուցք չեմ ունեցել… Տարիներ առաջ էլ, որ երևացել եմ, պարզապես հրավիրել են որոշ նախագծերի՝ չեմ մերժել…Իհարկե, ճիշտ կլիներ պատրաստել ալբոմներ, ունենալ մեծամասշտաբ համերգներ… Բայց այստեղ այն տեսակի երաժշտությամբ, ինչը ես եմ նախընտրում, դա հնարավոր չէ…Նախ, այսօր դաշտը, շուկան այն վիճակում է գտնվում, որ մտածում ես՝ արժի՞ երևալ այս ամենի մեջ… Նաև չես կարող լավ երաժիշտի հրավիրես ու չվարձատրես…Այդ մարդիկ օդով հո չե՞ն սնվելու:
- Իսկ ինչից է, որ, մեղմ ասած, տաղանդի պակաս ունեցող երգիչները կարողանում են լավագույն երաժիշտներին վարձել՝ առանց որևէ ֆինանսական խնդրի…
- Դե, ցավում եմ այն փաստի համար, որ մեր ազգին հասցրին այն վիճակին, որ այսօր դա են լսում ու դրանով հանդերձ՝ այդ տեսակի երաժշտությունն են ֆինանսավորում…
- Այդ ճաշակը պարտադրողն, ի վերջո, ո՞վ է…
- Հեռուստաընկերությունները, բայց, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է, վերևների մեղքն է… Եթե մշակույթի նախարարությունում նորմալ մարդիկ նստած լինեն ու հասկանան ինչ է տիրում արվեստի բնագավառում՝ լինի երաժշտություն, թե ֆիլմ, ապա այդ ամենը ԿՋՆՋԵՆ… Մարդկանց 90 տոկոսն այսօր տառապում են այդ չգիտեմ ինչ ոճի երաժշտությամբ… Հատկապես նյարդայնանում եմ, երբ աղջիկներին եմ տեսնում այդ երաժշտությունը լսելիս: Ես զարմանում եմ, ասում եմ՝ տեսնես այս աղջկանից կարո՞ղ է աղջկա հոտ գալ…
- Որպես երաժիշտ՝ ինչպես կբացատրեք այն փաստը, որ այսօր մեր երաժշտության, երգարվեստի որոշ ճյուղեր հետընթաց են ապրում …
- Ես եկել եմ այն համոզման, որ սա մտադրված ոչնչացում է… Ավելի լավ է մարդուն միանգամից սպանես, քան այսպես բթացնես… Այն մարդը, ով նորմալ երաժշտություն չի լսում, չի կարող նորմալ լինել, իր մեջ մի բան այն չի լինի… Սա մտադրված դեգրադացման քայլեր են մեր ազգի նկատմամբ, դեգրադացված մարդկանց ավելի հեշտ է կառավարել…
- Այդ դեգրադացման ծրագրերի մեջ են մտնում նաև սերիալնե՞րը…
- Այդ սերիալներն ուղղակի այլանդակություն են: Ինչպե՞ս են մարդիկ նայում, զարմանում եմ… Դերասաններին ոչինչ չեմ կարող ասել. ախր այդ մարդիկ ինչ- որ կերպ այս երկրում պե՞տք է ապրեն, փող պե՞տք է տանեն տուն…Այս ամենի շղթան մեզ տանում է դեպի վերև՝ ինչ- որ մեկի հոտած գլխին, ով այսպես որդնած է սարքել մեր շրջապատը…Այսօր ամենուր այստեղ «բեսպրեդել» է տիրում…
- Չե՞ք մտածել, որ ձեր համարձակ մտքերն ու այդ մտքերը բարձր արտահայտելն են այսօր ձեր առջև շատ դռներ փակում…
- Հնարավոր է… Բայց հավատացեք' դա ինձ չի էլ հետաքրքրում: Մեղկն իրենք են… «Շոպլիկությունը» նորմալ մարդկանց համար չի, ես չեմ կարող ապրել այդ կյանքով, այլապես հիմա մեծ փառքի մեջ կլինեի՝ սկսած 94 թվականից…Կոտարածից են խոսում… Այդ կոտորածը հիմա է: Մարդուն ներսից են առաջնահերթ կոտորում, ուտում…
- Այսօր երիտասարդ արվեստագետները, կարծեք թե, բարձրաձայնում են իրենց խնդիրը նաև տարբեր հարթակներից, տարբեր ակցիաներով… Ինչո՞ւ չեք միանում նրանց…
- Չեմ հավատում…Որոշ չափով փիար է, փորձում են այդ ճանապարհով անուն հանել… Հավատ չունեմ արդեն… Կան մարդիկ, որ զգում ես՝ այդպես են մտածում, բայց մեծ մասամբ վստահություն չկա…Ոմանց ճանաչելով՝ գիտեմ, որ ազնիվ մոտեցում ունեն, բայց շատերի համար էլ գիտեմ՝ ինչ նպատակով են նման քայլեր ձեռնարկում…
- Դրսում լավ կապեր ունեք, ինչպե՞ս է՝ չեք օգտվում…
- Ես երկու անգամ գրին քարտ եմ շահել, վերջին անգամ 2010 թվականին… Մեկնեցի, բայց կարոտին չդիմացա ու վերադարձա… Արդեն 1 տարի 2 ամիս այստեղ եմ, չեմ գնում. դա այնպիսի խախտում է, որ նույնիսկ կարող է այլևս չթողնեն… Բայց առանց իմ օդի, հող ու ջրի չեմ կարողանում, իմ տունն այստեղ է… Խոսքերով չեմ կարող բացատրել…
- Բայց ընտանիք ունեք՝ կին, երեխաներ… Դժվար չի՞ ապրել…
- Իհարկե, շատ դժվար է, չես հասցնում ոչ մի կերպ… Շատ բարդ է, բայց դե մտածում ենք՝ մի օր մի լույս կբացվի…
- Մի ժամանակ ռեստորաններում երգում էիք, չէ՞…
- Չէ, ակումբներում եմ երգել… Բայց դա իմ սրտով չի, այնտեղի մասսային այդ երաժշտությունը չի հետաքրքրում… Փորձեցի կոմերցիոն երգեր երգել՝ Փրեսլի, Թոմ Ջոնս, Քլեփթոն, Սինատրա… Բայց պարզվեց, որ այսօր այդ երգերն էլ շատ լուրջ են իրենց համար…
- Ձեր ոճը ո՞րն է…
- Այնպես չի, որ ես միտված եմ ռոքի, ջազի կամ սոուլի… Ես տարբեր ռոքային բալլադներ ունեմ գրած, սաունդթրեքի հետ կապված՝ դասական գործեր… Որևէ ուղղություն չեմ ընտրում, գրում եմ այն, ինչ զգում եմ տվյալ պահին…
- Արման, ընտանիքում երկուսդ էլ երաժիշտ եք… Մասնագիտական խնդիրներ, բանավեճեր ունենո՞ւմ եք:
- Բացարձակ… Սովորաբար կինս՝ Արփինեն հետևում է իմ կարծիքին, բայց ինձ շատ է հետաքրքրում նաև իր կարծիքը… Երբ նոր գործ եմ ավարտում, անպայման իր կարծիքը հարցնում եմ, բայց դեռ «քլնգոց» չեմ ստացել (ծիծաղելով)…
- Իսկ կենցաղային խնդիրների, վեճերի դեպքում առաջին զիջողն ո՞վ է լինում:
- Ես, ես միշտ զիջում եմ… Ես, ընդհանրապես, զիջում եմ, բոլորին եմ զիջում…
- Աչքիս ձեր ասպարեզում էլ անընդհատ զիջել եք…
- Այո, այդպես էլ կա…
- Հանուն ինչի՞…
- Հանուն մարդու (ժպտում է)…


Նելլի Մարգարյան