Tert.am-ը գրում է.
«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Prada նորաձևության տան հագուստները հաջողություն են բերել ամենաշատ թվով մասնակիցների։ Նման եզրակացություն են արել The Daily Telegraph պարբերականի թղթակիցները, որոնք համապատասխան ուսումնասիրություններ են արել, գրում է Lenta.ru-ն։
Պարբերականը հաշվել է, թե հյուրերից քանիսն են ընտրել այս կամ այն ֆիրմայի զգեստը և գնահատել հետևյալ համակարգով՝ մրցանակակրի համար բրենդը ստանում է 3 միավոր, թեկնածուի համար՝ 2, իսկ մյուս մասնակիցների համար՝ 1-ական միավոր։
Prada-ն հավաքել է 28 միավոր. այս ընկերության հագուստներն ընտրել են 5 հաղթողներ և 5 թեկնածուներ, իսկ ընդհանուր առմամբ իտալական նորաձևության տան հագուստներով մրցանակաբաշխությանը ներկայացել է 13 մարդ։ Prada-ն նախընտրել են Լյուպիտա Նիոնգոն (երկրորդ պլանի լավագույն դերասանուհի), Սթիվ Մաքքուինը (լավագույն ֆիլմ) և Ալֆոնսո Կուարոնը (լավագույն ռեժիսոր)։
Երկրորդ հորիզոնականում 19 միավորով հայտնվել է Armani նորաձևության տունը, որի իրերը նախընտրել են 14 հյուրեր, այդ թվում՝ 3 թեկնածուներ և մեկ հաղթող (Քեյթ Բլանշետ)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Dolce & Gabbana բրենդը՝ 11 միավորով, իսկ 4-րդում Saint Laurent բրենդն է՝ 7 միավորով։