Cosmo.am-ը գրում է.

 

ՀԱՐՑ: Ես 21տարեկան եմ: Սովորական քաշս, 165 սմ հասակի պայմաններում, 50 կգ է: Վերջին 4 տարում տառապում եմ քաշի սեզոնային ավելացումից' միջինում 10 կգ: Աշնան սկզբից վայրի ախորժակ եմ ունենում, ինչն իր գագաթնակետին է հասնում հոկտեմբերին: Հունվարին ամեն ինչ կարգավորվում է: Խորհրդակցել եմ հոգեբանի հետ, որն առաջարկում է սնվել ցածր կալորիականություն ունեցող մթերքով: Այնինչ, այդ ամիսներին ուզում եմ հենց այն, ինչ չի կարելի է: Երբեմն փորձում եմ սահմանափակումներ մտցնել սննդիս մեջ, բայց երբեք չեմ կարողանում հետևողական լինել: Սպորտով զբաղվում եմ, սակայն չեմ հասցնում այդքան կալորիա այրել: Չեմ կարողանում նայել հայելու մեջ. ատում եմ աշունը: Մի՞թե սա հիվանդություն է:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Սա ոչ թե հիվանդություն է, այլ առանձնահատկություն, սննդային վարքի փոփոխության տարատեսակ: Այն կախված է անհատական կենսառիթմից, որն էլ, իր հերթին, մեկի մոտ կապված է լուսնային ցիկլի հետ, մեկ ուրիշի մոտ' տարվա եղանակի փոփոխության: Ջերմաստիճանի փոփոխությունը (0°-ից ցածր ու բարձր) ակտիվացնում է օրգանիզմում ընթացող գործընթացները: Այդպիսով՝ մարդկանց մի մասը գիրանում է ձմռանը, մյուս մասը' աշնանը: Ախորժակի վրա ազդում է նաև հորմոնային ֆոնը, որը, քո դեպքում, փոփոխվում է աշնան սկզբին: Կարող եմ ենթադրել, որ արևի բացակայությունն ու ցուրտը քո օրգանիզմն ընկալում է որպես սթրես, ուստի դու հայտնվում ես դեպրեսիվ վիճակում: Արևը խթանում է սերոտոնին և էնդորֆին հորմոնների արտադրությունը և վիտամին D-ի սինթեզը: Մինչդեռ աշուն-ձմեռ ժամանակահատվածում արևոտ օրերը հազվադեպ են: Դու փորձում ես պակասող վիտամինները ստանալ սննդի միջոցով:

 

Ի դեպ, ցածր կալորիականությամբ սնունդ օգտագործելը տեղին է: Աշնանը մի՛ գնիր յուղոտ կամ բարձր կալորիականությամբ մթերք. արևածաղկի յուղն այն է, ինչ հարկավոր է: Հավաքիր բանջարեղենի ու տարատեսակ աղցանային «տերևների» պաշար: Կեր այդ ամենը հում, խաշած, շոգեխաշած վիճակում' անսահմանափակ քանակությամբ: Զգույշ եղիր միայն մրգերի ու բանջարեղենային ապուրների հարցում. դրանք կարող են խթանել ախորժակդ: Բացի այդ, սննդակարգումդ ներառիր ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, անյուղ միս (տավար, հորթ, ճագար, հնդկահավ) և ձկնեղեն: Միակ պայմանը' ոչինչ մի՛ տապակիր. խաշիր կամ եփիր ջեռոցում' հնարավորինս քիչ քանակությամբ ձեթով: Այդպիսի սննդակարգի պայմաններում, նույնիսկ եթե ուտես սովորականից շատ, այդքան էլ չես գիրանա: Արժե դիմել նաև հոգեթերապևտի ու դիետոլոգի' քեզ համար հատուկ աշնանային սննդակարգ մշակելու համար:

Ալլա Պոգոժևա, բ.գ.դ., պրոֆեսոր, դիետոլոգ, բարձր կատեգորիայի բժիշկ