Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը»ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներն: Մարտին այն կբարձրանա մեծ էկրան, մինչ այդ, ESem.am-ը զրուցել է դերակատարներից մեկի` Կարեն Ջանիբեկյանի հետ, ով տևական ժամանակ է, ինչ չէր ներկայացել որևէ ֆիլմում:
«Այժմ ուրիշ տեսակի արվեստ են մատուցում, որը կապ չունի ինձ հետ: Ես հանդես չեմ գալիս այդ ժանրում,- ասաց նա և հավելեց, որ լուրջ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ լինում են, սակայն դրանք կյանքի չեն կոչվում ֆինանսավորման բացակայության պատառով: -Այս ֆիլմի ռեժիսորը շատ լավն է: Իմանալով նաև, որ որդուս հետ եմ նկարահանվելու, անմիջապես համաձայնեցի»:
Կարեն և Սոս Ջանիբեկյաններն առաջին անգամ են միասին հանդես եկել: «Շատ լավ, ջերմ զգացողություններ ունեի, որովհետև այդ ֆիլմը կմնա` մարդիկ կասեն սա մեր պապիկն է, սա էլ մեր հոպարն է:),- ասաց նա և հավելեց, որ հուսով է` որդին շատ ավելի առաջ կգնա: -Նա շատ ավելի մեծ դերասան է, քան որևէ մեկն այսօր` սկսած ինձնից, վերջացրած իր պապիկով, որովհետև ժամանակները փոխվում են»: Պրն Ջանիբեկյանի խոսքով` որդու հետ խաղալը շատ հեշտ էր: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մեզ տված հարցազրույցում Սոսն ասել էր, որ երազում է հոր հետ խաղալ«Մայրամուտից առաջ» ներկայացման մեջ, որում ժամանակին խաղացել են իր պապիկն ու հայրը: Այս մասին խոսեցինք Կարեն Ջանիբեկյանի հետ. «Ես նրա հետ ամեն տեղ կգնամ, կխաղամ` թեկուզ սատանայի ծոցում: Նա իմ հրաշքն է, ինձնից ստեղծված մի երևույթ, որին և՛ ազգը շատ սիրեց, և՛ նա իրեն ճիշտ պահեց ազգի նկատմամբ: Նա մեծ դերասան է լինելու, իհարկե, եթե աստղային հիվանդությունը չտանի, չնայած, եթե մինչև հիմա չի տարել, դժվար էլ տանի: Մնում է նրան ամուսնացնենք, թոռնիկ ունենանք, ինքն էլ հասկանա` ինչ բան է երեխա, ընտանիք ունենալը»:
Դերասանի խոսքով` շատ լավ հիշողություններ ունի ֆիլմից, քանի որ ստեղծագործական խմբի հետ աշխատանքը հետաքրքիր և հաճելի է եղել: Ինչ վերաբերում է իր կերպարին` նա նշեց, որ այն շատ նման է իրեն. «Ցիվիլ, ժամանակակից բիձու կերպար է: Կան բիձեք, ովքեր մնում են նախորդ դարի մեջ, կան բիձեք, ովքեր երիտասարդներին համաքայլ են առաջ գնում: Սա է կերպարիս հետաքրքրությունը, որը շատ սիրեցի»: Դերասանը նշեց նաև, որ Մարինե Զաքարյանր շատ գեղեցիկ է նկարահանել այս ֆիլմը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը