ԱՄՆ-ի Մայամի քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Խորխե Պերեսի անվան Արվեստների թանգարանի այցելուն ջարդել է չինացի հայտնի այլախոհ-նկարիչ Այ Վեյվեյի գործերից մեկը՝ 1 միլիոն դոլար արժողությամբ սկահակը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
51-ամյա տեղացի նկարիչ Մաքսիմո Կամիներոն մտել է այն սրահ, որտեղ դրված են եղել մի քանի սկահակներ՝ չպաշտպանված ցուցափեղկով: Տղամարդը պատվանդանից վերցրել է արժեքավոր ցուցանմուշներից մեկը, իսկ երբ պահակները խնդրել են սկահակը դնել տեղը, նա հրաժարվել է դա անել և ամբողջ ուժով այն նետել է հատակին:
Կամիներոն հայտարարել է, որ իր արարքը բողոք է այն բանի դեմ, որ թանգարանում անցկացվում են սոսկ օտարերկրացի նկարիչների ցուցահանդեսներ: Կամիներոյին առաջադրվել են 1 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեղադրանքներ: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: