Ժամանակի մեծագույն դիրիժոր, լեգենդար երաժիշտ Կլաուդիո Աբադոյին նվիրված երեկոյին կմասնակցի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին երաժիշտները հարգանքի տուրք կմատուցեն երջանկահիշատակ դիրիժորին' կատարելով Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: Բացի Պապյանից, Աբադոյին նվիրված համերգին կմասնակցեն նաև ՀՀ ժողովրդական արտիստ բաս երգիչ Բա րսեղ Թումանյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը և տենոր Լիպարիտ Ավետիսյանը: Երեկոն իր մասնակցությամբ կզարդարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան): «Առաջարկեցին մասնակցել այս երեկոյին, իսկ ես էլ մտածեցի' քանի որ եկել եմ Հայաստան' սա էլ երգեմ: Աբադոյին ճանաչել եմ և ընդամենը մեկ անգամ Բեռլինում երգել եմ նրա հետ Մոցարտի «Ռեքվիեմը»: Աբադոն արվեստագետի, երաժիշտի, մարդու և քաղաքացու կատարելություն էր: Անսահման տաղանդավոր, անսպառ կարողությունների տեր, բայց չափազանց համեստ, զուսպ անձնավորություն էր: Նա համարձակորեն դրսևորում էր իր տեսակետը: Նա իրեն երբեք բոլորից բարձր չէր դասում, չնայած ուներ բոլոր իրավունքները: Իսկապես հրաշալի երաժիշտ էր: Երաժշտական աշխարհը շատ մեծ բան կորցրեց»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հասմիկ Պապյանը:
ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ևս ճանաչել է Կլաուդիո Աբադոյին: Թոփչյանը 5 տարի շփվել է լեգենդար դիրիժորի հետ: «Վերդիի «Ռեքվիեմը» նա կատարել է բազմիցս, ես ներկա եմ եղել այդ ստեղծագործության 7 փորձերին և 3 համերգներին: Երբ «Ռեքվիեմը» կատարում եմ, ինձ թվում է, թե Աբադոն իմ հետևից ինձ ասում է' «այսպես արա, այնպես արա», և ես լսում եմ նրա ձայնը: Ես 2000 թվականից գիտեի, որ նա հիվանդ է, բայց Աստծոն շնորհակալություն եմ հայտնում, որ նա դրանից հետո 14 տարի ապրեց: 14 տարիների ընթացքում նա շատ նվաճումնե ր ունեցավ: Ծանր է, որ նա չկա: Առանց Աբադոյի դժվար է լինելու»,- նշել է Թոփչյանը:
Կլաուդիո Աբադոն իտալացի օպերային և սիմֆոնիկ դիրիժոր էր և երաժիշտ: Ծնվել էՄիլանում,նրա հայրը հայտնի ջութակահար Միքելանջելո Աբադոն էր: Ավարտել է Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիան, ինչպես նաև Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիան: 1958 թվականին արժանացել է ԱՄՆ Կուսեվիցկու անվան դիրիժորների մրցույթի առաջին մրցանակին: 1979-1987-ին ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ, 1989-2002 թվականներին' Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1978-ին հիմնադրել է Եվրոպական միությաների երիտասարդական նվագախումբը: Բազմաթիվ մրցույթների և փառատոների հիմնադիր է: Աբադոն մահացավ վերջերս' Իտալիայում' 80 տարեկանում: