Յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում իսկական երգի տոն է: Արդեն չորս տարի է, ինչ ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկը՝ «Երգ երգոցը», հեռուստաէկրաններին է:
Այս կիրակին՝ փետրվարի 9-ը, էլ ավելի սպասված և հուզումնալից է «Երգ երգոցի» և՛ ստեղծագործական խմբի, և՛ նրա հավատարիմ հեռուստադիտողների համար: Հաղորդումը նշում է իր ստեղծման 4-ամյակը: Սկզբում հեռուստահաղոդրման ստեղծման գաղափարի մասին ArmStar.am-ի հետ կիսվեց հաղորդման պրոդյուսեր Աննա Գրիգորյանը.
«2010 թվականի փետրվարի 9-ին առաջին անգամ մենք մտանք եթեր՝ սկսելով մի բան, որը չգիտեինք՝ մինչև ուր կհասցնենք: Տեսնելով մեր ազգային, ժողովրդական երգ-երաժշտության բացը այսօրվա հեռուստաեթերում՝ նման նախագիծ ստեղծելով, փորձեցինք լցնել այն: Կարճ ժամանակ հետո հաղորդումը սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը մեզ համար բացահայտում էր»:
Աննայի խոսքով, «Երգ երգոցի» ստեղծագործական խումբը հաղորդման ստեղծման օրից մինչև այսօր իր վրա վերցրել է շատ մեծ պատասխանատվություն՝ երևան հանել մոռացված հայրենասիրական, ժողովրդական երգերը և նման կերպ կատարել որոշակի ուսուցողական և դաստիարակչական ֆունկցիա:
Այն հարցին, թե որն է «Երգ երգոց» հաղորդման հաջողության գաղտնիքը, Աննա Գրիգորյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ճիշտ թիմային աշխատանքը, ճիշտ սցենարը, որն ամեն ինչ իր մասին ասում է և, իհարկե, Խորեն Լևոնյանը»:
Իսկ ահա հաղորդավար Խորեն Լևոնյանն էլ նշեց, որ, ըստ իրեն, հաղորդման հաջողությունը կայանում է ընդհանուր խմբի միասնական աշխատանքի մեջ՝ չառանձնացնելով ոչ մեկին: Իսկ, թե ի՞նչ է տվել «Երգ երգոցը» Խորեն Լևոնյանին, պատասխանեց.
«Այս հաղորդումն ինձ տվել է մեծ գիտելիք երաժշտության ոլորտում: Հայկական ժողովրդական երաժշտության վերաբերյալ ժամանակակից վերլուծումներ լսելով՝ բավականին բաներ սովորել եմ հենց «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց դերասանը՝ հավելելով, որ այս հաղորդումը նախևառաջ շատ մեծ բան է տալիս հանդիսատեսին և հայ ազգին, որի համար հաղորդավարը ուրախ է և նշեց, որ իրենք հենց դրա համար են աշխատում:
«Երգ երգոց» նախագիծը սիրված է ոչ միայն իր լսարանի կողմից այլ նաև այն աստղերի, որոնց կատարմամբ հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը:
Երգչուհի Ալլա Լևոնյանը ArmՏtar.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց հաղորդման հոբելյանը և ցանկացավ, որ այն ավելի երկար ապրի, որովհետև թե՛ սփյուռքում, և թե՛ Հայաստանում հաղորդումը սիրված է: Երգչուհին նաև ասաց, որ սփյուռքում բացմաթիվ շրջագայությունների ժամանակ միայն դրական արձագանքներ է լսել:
«Սփյուռքում ապրող հայերը միշտ բարևներ են ուղարկում, միշտ ասում են , որ շատ սիրում են «Երգ երգոց» հաղորդաշարը, և այն հազվադեպ հաղորդումներից մեկն է, որն իրենց էնտեղ հայ է պահում ,- ասում է երգչուհին»: