Անվախ վարքագիծ ցուցաբերող նախադպրոցական տարիքի երեխաները ավելի քիչ կարեկցանք ու առավել ագրեսիա են դրսևորում իրենց տարեկիցների հանդեպ: Սա ապացուցվել է Հայֆայի Համալսարանի մանկավարժական ֆակուլտետում անցկացված նոր հետազոտությամբ:

 

«Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեխաների մոտ կարող է բացահայտվել վախի ցածր մակարդակով բնութագրվող նյարդաբանական ու գենետիկական հակվածության հետ կապված վարքագիծ: Վարքի այս տեսակն ավելի քիչ կապ ունի կրթական գործընթացների ստանդարտների կամ դաստիարակման պրակտիկայի հետ»,- պնդում է բժիշկ Ինբալ Կիվենսոն-Բարոնը, որը հետազոտություններ էր անցկացնում իր դոկտորական թեզի շրջանակներում:


Հետազոտությունը, որը ղեկավարում էր պրոֆեսոր Օֆրա Մեյզելեսը, նպատակ ուներ ուսումնասիրելու այն հարցը, թե կապվա՞ծ է արդյոք 3-4 տարեկան երեխաների անվախ վարքագիծը կոնկրետ ֆիզիոլոգիական և սոցիալ-հուզական բնորոշիչների հետ և արդյոք այն կապ ունի՞ երեխաների դաստիարակման այնպիսի ասպեկտների հետ, ինչպիսիք են հասարակական-տնտեսական կարգավիճակը, ծննդյան հերթակարգը, ծնողական բարվոքությունը, դաստիարակման ոճը և այլն:
Դիտարկման ընթացքում հետազոտվել է 3-4 տարեկան 80 երեխա, ինչպես նաև նրանց ծնողներն ու ուսուցիչները: Ուսումնասիրվել են ծնողների և ուսուցիչների տրամադրած տեղեկությունները, ինչպես նաև կատարվել են երեխաների պահվածքի հետազոտություններ նախադպրոցական կրթական հաստատություններում, տանը և լաբորատորիայում: Ուսումնասիրության ընթացքում կատարվել է երեխաների անվախ վարքի միտումների և դրանց կայունությունը որոշելու համար երեխաների սոցիալ-հուզական բնութագրիչների մոնիտորինգ՝ տարվա սկզբին և վերջում: Առաջին հերթին հայտնաբերվեց, որ անվախության բարձր մակարդակ ցուցաբերած երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունն ավելի ցածր է:
Այնուհետև կատարվեց անվախ վարքի և սոցիալական բնորոշիչների փոխադարձ կապի գնահատում և հայտնաբերվեց, որ առավել անվախ երեխաներն ավելի քիչ կարեկցանք էին դրսևորում իրենց հասակակիցների հանդեպ, ինչպես նաև դժվարություններ էին ունենում վախ ապրող մարդու դեմքի արտահայտության ընկալման մեջ, այն դեպքում, երբ ուրիշ զգացումների (օրինակ՝ զայրույթ, զարմանք, բավականություն, տխրություն) տարբերակումը խնդիրներ չէր առաջացնում: Այս երեխաները ցուցաբերեցին նաև ընդհանուր ագրեսիայի բարձր մակարդակ, մասնավորապես՝ հակահասարակական վարքագծի միտում (օրինակ՝ ընկերների խաբեություն սեփական շահի համար), հուզական ապրումների մակերեսայնություն և զղջման կամ մեղքի բացակայություն հասարակայնորեն անընդունելի գործողություն կատարելուց հետո: Հետազոտության հետաքրքիր արդյունք եղավ այն, որ չնայած իրենց հակահասարակական միտումների, վախի ցածր մակարդակ դրսևորող երեխաները բավական շփվող էին:


«Այս երեխաները կոնտակտի մեջ են մտնում մյուս երեխաների հետ, լինում են բարյացակամ և ժպտադեմ: Սակայն նրանց համար դժվար է կռահել, որ իրենց ընկերը վշտացած է կամ տխուր և նման ընկերոջն օգնելու մեծ ձգտում չեն ունենում: Ըստ էության՝ անվախ վարքագիծն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»,- ասում է բժիշկ Կիվենսոն-Բարոնը: «Քանի որ անվախ պահվածքը կապված է գենետիկական և նյարդաբանական բնորոշիչների հետ, կարևոր է ինչպես մանկական նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ տնային դաստիարակման համար գտնել առավել արդյունավետ ուղիներ հասարակական արգելքները տարբերակելու և դրանց նշանակությունը գիտակցելու ունակության զարգացման հարցում այս երեխաներին օգնելու համար: Մենք, որպես հասարակություն, պետք է սովորենք օպտիմալ խթանների զինադարան սահմանել, որոնք կարող են առկա լինել երեխայի բնական շրջապատում և որոնք կարելի է օգտագործել այլ մարդկանց հանդեպ կարեկցանքի զարգացման և ագրեսիվ վարքից հրաժարման համար անհրաժեշտ զգացումներ առաջացնելու համար»,- անփոփում է բժիշկ Կիվենսոն-Բարոնը: