Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Նարեկ Բավեյանն է: Երգիչ, ով այս հղփացած դարում ինձ զարմացրեց ու հիացրեց իր ինքնաքննադատական մոտեցումով, և, կարելի է ասել՝ համեստությամբ… Փաստորեն, իսկապես, մարդկային որակը մասնագիտության հետ կապ չունի…
- Ինչո՞վ եք այժմ զբաղված:
- Ես, Սերժոն և երիտասարդ ռեփեր Արշոն նոր երգ ենք պատրաստել, հիմա զբաղված ենք այդ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Շատ գեղեցիկ, երիտասարդական երգ է՝ առաջին սիրո թեմայով:
- Փաստորեն տարին լավ եք սկսել… Իսկ ստեղծագործական առումով ինչպիսի՞ն էր ձեզ համար 2013 թվականը:
- Շատ լավ: 2013-ի վերջին ամիսներին ներգրավված էի ու աշխատում էի մի նախագծի վրա, որը շուտով կյանքի կկոչվի: Խոսքս «Սիրո կամուրջ» մյուզիքլի մասին է: Գլխավոր դերակատարներից մեկն եմ: Ներկայացնում եմ բացասական կերպար, ինչն ինձ համար շատ հետաքրքիր է:
- Ինչո՞վ է հետաքրքիր: Ձեզ նմա՞ն է կերպարը…
- Ոչ, ես ինձ չեմ համարում բացասական ու փողից հոռացած մարդ, ինչպիսին մյուզիքլի Նարեկն է: Պարզապես հետաքրքիր է մարմնավորել մի կերպար, որն ինձանից իրականում շատ հեռու է ու դրանով իսկ դժվար: Բայց փորձում եմ, աշխատում եմ, ու, կարծես թե, ստացվում է…Այնպես որ, 2013-ը ինձ համար ամենաշատը հենց դրանով էր կարևոր: Մյուզիքլը նորություն է, նոր հետաքրքիր աշխատանք, բոլորովին այլ մթնոլորտ, որտեղ ինձ շատ լավ եմ զգում որպես արտիստ. և երգում եմ, և որպես դերասան եմ հանդես գալիս, և պարում եմ…
- Իսկ ե՞րբ կլինի պրեմիերան:
- Առաջին երեք ներկայացումները լինելու են փետրվարի 7,8,9-ին…
- Նարեկ, մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:
- Երազում եմ, ոչ թե մտածում… Բայց այնքան բարդ է Հայաստանում դա իրականացնել…
- Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ մեր երգիչները երկար տարիներ այդ ոլորտում լինելով՝ չեն կարողանում մենահամերգ ունենալ… Թեև կան այնպիսիք, որ մի քանի ամիս երևալուց հետո մենահամերգ են տալիս…
- Պետք է քո երգացանկում կոմերցիոն բնույթի երգեր ունենաս, որոնց համար շատերն այսօր համերգ են գնում ու լսում… Դրանք հիմնականում քեֆ-ուրախության երգեր են, մեծամասամբ 6/8, կամ ուղղակի թեթև, անիմաստ շարժումներ առաջացնող պարելու երգեր… Այնպես չի, որ ես նման երգեր չունեմ, ես նույնպես ունեմ, բայց դրանք իմ երգացանկի շատ փոքր մասն են կազմում՝ երևի 2-3 հատ: Այդքանով մենահամերգ չես տա…Իսկ իմ հիմնական երգացանկով շատ դժվար է մենահամերգ ունենալ, կամ էլ պետք է լինի փոքրիկ ակումբային դահլիճում… Իսկ մեծ բեմերի համար երևի երկար տարիներ են պետք, որպեսզի երգիչը, ունենալով ոչ կոմերցիոն երգացանկ, կարողանա դահլիճ լցնել…
Շարունակությունը՝ այստեղ: