Թող այսօր շնորհավոր լինի քո տոնը, իմ զինվոր: Թող այսօր ես հպարտությամբ ասեմ, որ իմ զինվորը պաշտպանում է իմ հայրենիքի սահմանները, որ մեր սերն ուղիղ երկու տարով հետաձգել ենք, որպեսզի նա իր պարտքը կատարի հայրենիքի առաջ: Ես գիտեմ, որ քեզ ու մեզ համար դժվար է, երբեմն անհնար, մենք կարոտում ենք իրար ու խենթանում այն մտքից, որ իրարից այլևս ոչ թե մի քանի րոպե ավտոմեքենայի հեռավորության վրա ենք, այլ մեզ բաժանում են միլիոնավոր քայլեր, մեզ միացնում են հեռախոսային գծեր, անքուն գիշերներ, անսահման ու սպանող կարոտ, ամեն ինչ թողնելու ու միմյանց մոտ վազելու անկառավարելի ցանկություն, հեռախոսային վեճեր, հեռախոսային գրկախառնություններ, հեռախոսային ամեն ինչ: Երկու տարի է' ես միայն ձայնդ ունեմ ու մեր խենթ ու խելառ սիրո մասին հիշողությունները: Մի բուռ հույս ունեմ ու մի գետ կարոտ, մի օվկիան սպասում ու մի ամբողջ կյանք սեր: Իմ զինվոր, ուզում եմ այսօր հիշես, որ ոչ մի վայրկյան չեմ դադարել քեզ սպասելուց: Ներիր, որ երբեմն հիմարանում եմ, հուսահատվում, ախր հասկացիր' ես խենթանում եմ այս կարոտից: Ես քեզ բաց եմ թողել հայրենիքիդ սահմաններ, սակայն սիրտս իր սահմաններ է անքեզ թողել: Դու ծառայում ես մեր հայրենիքին, իսկ ես իմ սերը ծառայեցնում եմ սպասմանն ու կարոտին: Ես երբեմն ատում եմ հայրենիքս, որովհետև այն բաժանել է մեզ տասնյոթ հազար ժամով ու միլիարդավոր սանտիմետրերով: Ես կարոտում եմ քեզ, իմ զինվոր, ու սպասում եմ ամեն բառով ու հայացքով: Իմ ապրած ամեն րոպեն է քեզ սպասում, իմ ծնված ամեն ժպիտն է քեզ սպասում, իմ ամեն սխալն ու չար արարքը ծնվում է քո բացակայությունից: Դու ծառայում ես մեր հայրենիքին, իսկ ես' մեր սիրուն: Դու պաշտպանում ես մեր հայրենիքի սահմանները, իսկ ես զսպում եմ իմ խենթության անսահմանությունը, խլացնում եմ կարոտս ու հպարտությամբ ասում. «Շնորհակալ եմ երկրիս սահմանները պաշտպանելու համար»:
Եվ հիշիր, զինվոր, դու պաշտպանում ես այն երկրի սահմանները, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները: