Վրաստանը դարձել է հայ ժողովրդի փայլող աստղերի մի ամբողջ շարքի ծննդավայր: Չխորանանք պատմության մեջ և հիշենք անցյալ դարերն ու հարյուրամյակները, բավական է միայն երկու ազգանուն հիշել ոչ վաղ անցյալից: Փարաջանով, Խաչատուրյան: Արվեստի այս երկու հանճարեղ ներկայացուցիչներն էլ ծնվել են Վրաստանում, մինչդեռ իրենց կյանքը նրանք ավարտել են ոչ այստեղ: Այդպես է դասավորվել, որ հայ ժողովրդի տաղանդները, վերջին ժամանակներս ծնվելով Վրաստանում, լքում են այս հողը: Անհնար է չնշել, որ համաշխարհային մեծության աստղերն իրենց կյանքն ու ստեղծագործական ուղին սկսելով Վրաստանում, ցավոք, այստեղ որևէ ուշադրության չեն արժանանում: Բոլորը գիտեն այդ անունները: Բոլորը գիտեն, որ նրանք այստեղ են ծնվել, բայց ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում, ասենք, Խաչատուրյանի տուն-թանգարանը: Չգիտեն, որովհետև այն ուղղակի չկա: Բայց այսօր Վրաստանը շատ է զղջում, որ ժամանակին չի բացել Փարաջանովի թանգարանը… Բայց ինչպես ասվում է «Գնացքն արդեն մեկնել է…»:
Արդեն վաղուց երկրից գնացած հանճարների համար թանգարան ստեղծելուց ավելի կարևոր մի բան կա' աջակցել և հոգ տանել ժամանակակից հանճարների մասին:
Վերջերս ավարտվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը, որին մասնակցում էր նաև Աննա Խանչալյանը Վրաստանից: Աշխատասեր, տաղանդավոր, շատ փխրուն, բայց արդեն կայացած 17-ամյա մի վիրահայ աղջիկ, որը դարձավ նախագծի հաղթողը: «Վրաստանի Հայ Համայնք»-ը շնորհավորում է Աննա Խանչալյանին իր հերթական փայլուն հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաղթանակներ: Նոր 2014թ.-ի առաջին օրերին Աննան հանդիպեց Պատանեկան Միության անդամների հետ: Կիսվեց նրանց հետ վերջին մրցույթի տպավորություններով, հաղթանակի բերկրանքով… Հանդիպումից հետո տեղի ունեցավ զրույց «Միություն» լրատվական կենտրոնի հետ: Աննա Խանչալյանը, կիսվեց մեզ հետ իր կյանքի, ծրագրերի ու նպատակների մասին:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Աննա Խանչալյանը.
Աննա՛, կպատմե՞ս մի քիչ քո մասին, երբվանի՞ց սկսեցիր զբաղվել երգով, ջութակով:
- Ես մանկուց երգում եմ: Դեռ մանկապարտեզից, հետո նաև դպրոցում ես և եղբայրս' Արմենը, միջոցառումներին ամեն տարի ներկայանում էինք «Գարունը գարնան մեջ» հայկական թատրոնում և մեր 132 հայկական դպրոցի պատիվն էինք բարձրացնում: 2008 թ-ին մասնակցեցի Երևանի «Մեկ ազգ մեկ մշակույթ» մրցոյթ-փառատոնին, որտեղ էլ ինձ հնարավորություն տրվեց բեմ դուրս գալ և երգել աստղերի հետ: Հետո 2010 թ.-ից ավելի մեծ բեմեր դուրս եկա, մասնակցեցի «Georgian Gold Talent» մրցույթին և ընդգրկվեցի լավագույն քառյակի մեջ, 2011թ.-ին Եվրատեսիլում ներկայացա:
Վրաստանում հայկական կրթությամբ և հայ ազգանվամբ ներկայանալն արդյոք դժվարություններ չի՞ առաջացրել:
- Ո՛չ: Ընդհակառակը, դա առավելություն է, որովհետև դպրոցն ավարտում ես երեք լեզվի իմացությամբ' հայերեն, վրացերեն, ռուսերեն:
Իսկ ո՞նց բացահայտեցիր երգելու տաղանդը քո մեջ, որ ուզում ես զբաղվել երգով: Ի՞նչ է երգը քեզ համար:
- Ես կարծեմ, երբ ծնվեցի արդեն երգում էի. «մամա˜», -կատակում է Աննան, -փոքրուց սիրել եմ երգը, երաժշտությունը, բացի երգելուց, շատ եմ սիրում պարել, նկարել: Երգը իմ կյանքն է: Ամեն ինչ է: Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, բայց մեջս երգում է: Ես առանց երգի կյանք չունեմ, և ոչ էլ ուզում եմ ինձ պատկերացնել առանց երգի:
Ինչպիսի՞ն է քո ընտանիքը: Ի՞նչ դեր ունեցավ ընտանիքդ քո մասնագիտություն ընտրելու հարցում, և արդյո՞ք երգը քեզ համար մասնագիտություն է:
- Ընդհանրապես իմ կարծիքով ընտանիքը շատ կարևոր դեր ունի երեխայի ձևավորման մեջ: Իրենք մանկուց հասկացան, որ իմ գործը երգելն է և արվեստով զբաղվելը: Ճիշտ ասած' մայրիկս ուզում է, որ ես օպերային երգչուհի դառնամ: Ընտանիքս միշտ ինձ հետ է, և՛ ուրախությունների, և՛ տխրությունների պահերին, ցանկացած խնդիր մենք միասին ենք որոշում և լուծում:
Շարունակությունը` այստեղ: