Այսօր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել է բեմադրիչ, դերասան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:

 

Ծնվել է 1960թ. փետրվարի 15-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում' որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ' պատանեկան թատրոնի ստուդիայում' որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ եղել է «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորը, 1987-89թթ' Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում' որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից' «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից' «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից' «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում' որպես բեմադրիչ և դերասան' Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին' 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: 2011թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր: