Տոնածառի զարդարման ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայում՝ 16-րդ դարում: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: 1841թ.-ին Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը տոնածառն ավելի ժանակակից դարձրեց, զարդարելով այն մոմերով, զանազան կոնֆետներով: Հետագայում անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ, որը զարդարված էր տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և այլ տարբեր խաղալիք զենքերով:
19-րդ դարի սկզբի տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին գերմանացիները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ, որպեսզի եկեղեցու համար գումար հանգանակեն: Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին գետնից միչև առաստաղ հասնող տոնածառեր:
20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձորներ և ընդեղեն:
Հետագայում, տեխնիկայի առաջընթացի հետ, զարգացան նաև լույսերով զարդարված տոնածառերը: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում:
ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրենքլին Փիրսը ներմուծեց Սպիտակ Տանը Սբ. Ծննդյան տոնածառ զարդարելու ավանդույթը: 1923թ. նախագահ Քելվին Քուլիջն առաջին անգամ կատարեց Սբ. Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն այժմ տեղի է ունենում ամեն տարի' Սպիտակ Տան դիմացի հովտում: 1966թ. ի վեր, Սբ. Ծննդյան տոնածառի Ազգային Ասոցիացիայի անդամները նվիրում են ամենագեղեցիկ և փարթամ տոնածառը Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ տոնածառն ամեն տարի դրվում է Սպիտակ Տան Կապույտ սենյակում:
Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այս գեղեցիկ ավանդույթը խորհրդանշում է ընտանիքների միասնականությունն ու հավատարմություն, սերն ու նվիրվածությունը: