Երկար ժամանակ սննդագիտությունը սնունդը դիտարկում էր գլխավորապես որպես էներգիայի և սննդանյութերի ադբյուր: Վերջիս 3-4 տասնամյակում նոր տվյալներ ստացվեցին սննդի ֆարմակոլոգիական և տոքսիկոլոգիական նշանակության վերաբերյալ: Պարենամթերքի, հումքի և սննդամթերքի քիմիական կազմի վերծանման հիման վրա բացահայտվեց առանձին միկրոնուտրիենտների, կենսաբանական ակտիվ նյութերի և բնակչության առողջական վիճակի միջև կորելյացիոն կապ: Ձևավորվեց նոր տեսակետ՝ որոշ հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում սննդի դերի վերաբերյալ:

 

Դրա հետ մեկտեղ ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, բջջային կենսաբանության և ախտաբանության վերջին նվաճումները հաստատեցին այն կանխատեսումները, որ սնունդը վճռական նշանակություն ունի ինչպես օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի կարգավորման և առողջության պահպանման, այնպես էլ մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման գործում:

 

Զանազան ոչ ինֆեկցիոն հիվանդությունների էթիոպաթոգենեզի հիմքում ընկած է սննդի գործոնը: Վերջինի բնույթը փոխելով' հնարավոր է կանխել ալիմենտար ծագում ունեցող բազմաթիվ հիվանդությունների զարգացումը, որոնցից մի քանիսին ունեն ոչ միայն առողջապահական, այլ նաև կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն:

Հայտնի ախտաբանական փոփոխություններից մոտ 30%-ի ժամանակ սննդային գործոնն ունի հիմնական կամ զգալի նշանակություն:

Ազգաբնակչության հիվանդացության կառուցվածքը

38 % - hիվանդություններ, որոնց էթիոպաթոգենեզում սնունդն ունի զգալի նշանակություն

41 %- hիվանդություններ, որոնց զարգացման հիմքում հիմնականում ընկած է սննդային գործոնը (61% ս/ա հիվանդություն, 31% նորագոյացություն, 5% - II շաքարային դիաբետ, 2% - ալիմենտար դեֆիցիտ)

21 %- այլ հիվանդություններ

 

Հիվանդությունների մեջ, որոնց գենեզում հիմնական դերակատարը սննդի գործոնն է, 61%-ը կազմում են սիրտ-անոթային (ս/ա) հիվանդությունները, 32%-ը՝ նորագոյացությունները, 5%-ը՝ II տիպի շաքարային դիաբետը (ոչ ինսուլինակախյալ), 2%-ը՝ ալիմենտար դեֆիցիտը (յոդդեֆիցիտ, երկաթդեֆիցիտ և այլն): Սնունդը կարևոր նշանակություն ունի ստամոքս-աղիքային տրակտի, հեպատոբիլյար համակարգի հիվանդությունների, հենա-շարժիչ համակարգի հիվանդությունների, էնդոկրին ախտաբանության, ինֆեկցիոն և պարազիտար հիվանդությունների, կարիեսի առաջացման գործում:

 

Միկրոբային և ոչ միկրոբային ծագման այն հիվանդությունները, որոնց գենեզում այս կամ այն չափով ընկած է սննդային գործոնը, կոչվում են ալիմենտար-կախյալ հիվանդություններ:

 

Իսկ ինչո՞վ է բացատրվում վերջին տարիներին արձանագրված ալիմենտար-կախյալ հիվանդությունների թվի կտրուկ աճը:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ճարպակալմամբ, աթերոսկլերոզով, հիպերթենզիայով, նյութափոխանակության խանգարումով, 2-րդային իմունոդեֆիցիտով, գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության իջեցմամբ պայմանավորված հիվանդությունների թվի աճը բացատրվում է արտաքին միջավայրի գործոններով, որոնց մեջ հիմնական դերը պատկանում է սննդի ոչ էվոլյուցիոն արագ փոփոխմանը (նուտրիենտների հիմնական խմբի փոփոխում) և ապրելակերպին (ֆիզիկական ակտիվության նվազում և սթրեսային գործոնի ուժեղացում):