Օ՜, Աստված իմ, այսօր Վալենտինի օրն է, իսկ ես նորից մոռացա ընկեր գտնել…

 

Այսօր Վալենտինի օրն է, և LN-ի այս նյութը բոլոր նրանց համար է, ովքեր չեն մոռացել ընկեր կամ ընկերուհի գտնել, բոլոր նրանց համար, ովքեր օրեր շարունակ սրտի թրթիռով սպասել ու պատրաստվել են փետրվարի 14-ին:
Այսօր սիրո ու սիրահարների տոնն է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրահար զույգերն այսօր միմյանց շոկոլադ, բացիկներ ու ծաղիկներ են նվիրում: Ու եթե հայկական ավանդական սուրբ Սարգիսը հայ երիտասարդության համար աղաբլիթ համտեսելու օրն է, ապա փետրվարի 14-ին բոլորը շտապում են սիրո խոստովանություն անել:

 

Որքան շատ լինեն տոներն ու ուրախանալու առիթները, այնքան' լավ:
Այսօր բոլորը' հատկապես լեդիները, սպասում են սիրո խոստովանության և, ինչու ոչ, նվերի: Իսկ այ թե ինչ նվերի, սա մի լրիվ այլ պատմություն է. ախր լեդիներն իրենք չեն կարող կողմնորոշվել: Մի հումոր կա. գիտնականները բացահայտել են, թե ինչ է ուզում կինը, իսկ նա արդեն միտքը փոխել է: Բայց, սիրելի տղամարդիկ, մի հուզվեք. ձեր սիրելիներին ուրախացնելու համար բավական կլինի ծաղկեփունջը: Ուղղակի այստեղ էլ մի «բայց» կա: Օրինակ' Մեքսիկայում օրենսդրորեն արգելված է կնոջը նվիրել 21-ից պակաս քանակությամբ ծաղիկ: Դե ինքներդ եք հասկանում'հայուհին ոչինչով չի զիջում (եթե իհարկե չի գերազանցում) մեքսիկուհուն:

 

Իտալիայում, որտեղից, ըստ ավանդության, ծագում է Սուրբ Վալենտինի օրը, տոնը կոչվում է «քաղցր»: Անունից պարզ է, որ այդ երկրում փետրվարի 14-ին միմյանց քաղցրավենիք են նվիրում: Անգլիայում այս օրը շնորհավորանքի են արժանանում ոչ միայն «երկրորդ կեսերը», այլև սիրելի ընտանի կենդանիները' շները, ձիերը, թռչունները և այլն: Հոլանդիայում կանայք փետրվարի 14-ին շատ արտոնություններ ունեն: Նրանք կարող են ամուսնության առաջարկ անել ցանկացած տղամարդու, և եթե վերջինս մերժի, ապա ստիպված կլինի իբրև փոխհատուցում այդ կնոջը նվիրել մի շքեղ զգեստ:

 

Ճապոնիայում փետրվարի 14-ը մարտի 8-ի պես մի բան է, ուղղակի տղամարդկանց համար: Այս օրը տղամարդիկ են նվերներ ստանում: Իսկ երկրի որոշ մասերում տոնը ստացել է «մերկ տղամարդկանց օր» անվանումը: Վերջիններս միայն ներքնազգեստով դուրս են գալիս փողոց և մտնում սառած կեղտաջրի մեջ: Այս տոնակատարության իմաստը փնտրել թերևս պետք չէ:

 

Ամենահետաքրքիրն այն է, որ Գերմանիայում փետրվարի 14-ին նշում են հոգեկան հիվանդների օրը: Գերմանացիների համար Վալենտինը ոչ միայն սիրահարների, այլև հոգեկան շեղումներ ունեցողների հովանավորն է: Իհարկե, այս երկու կատեգորիաների մարդկանց մեջ կա անժխտելի նմանություն:

 

Մի խոսքով, տարբեր ազգեր տարբեր կերպ են նշում այս օրը, բայց բոլորին միացնում է մի բան' սերը: Այս հրաշքի մասին, իհարկե, պետք է հիշել ոչ թե փետրվարից փետրվար, այլ ամեն օր, չէ՞ որ սերը թեորեմ է, որ մշտապես ապացուցման կարիք ունի:

 

Լարա Առաքելյան