Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները «մոլորակային անալոգների» կատալոգ են ստեղծել, որում ներկայացված են Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող տարօրինակ վայրերը, որոնք, ասես, այլ մոլորակներից լինեն: Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ այդ վայրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում գիտական ուսումնասիրությունների տեսանկյունից:

Տիեզերական գործակալության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ կատալոգում ընդգրկված վայրերն իրենցից ներկայացնում են Երկրի «ամենից այլմոլորակային» մակերես ունեցող վայրերը, որոնք, սովորաբար, կարող են կիրառվել ռոբոտային առաքելություններ կամ թռիչքներ իրականացնելու համար:

 

Այս վայրերից շատերը բավականին խիստ կլիմայական պայմաններ ունեն և կարող են ծառայել որպես բնակմիջավայր կյանքի արտասովոր ձևերի համար: Այդ ձևերն ուսումնասիրելով՝ աստղակենսաբանները կարող են մեթոդներ և թեորեմներ զարգացնել՝ Երկրից դուրս գտնվող տարածքների որոշակի հատկություններ բացահայտելու համար:
Այս տեսակ վայրերով հարուստ է Ռուսաստանի Կամչատկա թերակղզին, որի հրաբխային ռելիեֆը նման է Մարսի և Լուսնի մակերեսին:

Նմանատիպ «այլմոլորակային» վայրերից մեկը գտնվում է Նորվեգիայի հյուսիսային Սվալբարդ կղզում, որտեղ երկրաբաններից, կենսաբաններից և ինժեներներից բաղկացած խումբն այնպիսի սարքավորումներ է տեղադրել, որոնցով, սովորաբար, ուսումնասիրություններ են անում Մարսի վրա:

Չիլիի Ատակամա անապատը ևս պատկանում է նման վայրերի շարքին՝ իր լուսնային տեսարանների շնորհիվ:

Հաջորդ տարօրինակ տարածքներից մեկը Իսպանիայի Տինտո գետն է, որի կարմիր ջրերը հագեցած են մետաղական նյութերով: Այն տասնամյակներ շարունակ ծառայել է որպես Մարսի անալոգ տարածաշրջան՝ տարբեր ուսումնասիրությունների համար:

Հաջորդ «այլմոլորակային» վայրը տեղակայված է Իսպանիայի Տեներիֆե քաղաքի Կանարյան կղզիներում, որտեղ գտնվում է Իսպանիայի ամենաբարձր գագթը և աշխարհի երրորդ ամենամեծ հրաբուխը՝ Տեյդե լեռը: