Համազգային թատրոնի դերասաններ Գագիկ Մադոյանն ու Անի Ղազարյանը երեք տարի է' ամուսնացած են: Նրանց ընտանիքը համալրված է փոքրիկ Գոհարիկով, ով արդեն երկու տարեկան է:
Դերասան ամուսինները, ովքեր հեռուստադիտողներին առավել հայտնի են «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալից, այժմ էլ շարունակում են նկարահանվել հեռուստատեսային տարբեր նախագծերում: Գագիկը թատրոնի աշխատանքը համատեղում է «Yere1» ծրագրում նկարահանվելու հետ, իսկ Անին բացի ֆիլմերի կրկնօրինակումներ անելը, նկարահանվում է 16 սերիայից բաղկացած «Շտապօգնություն 3D» ֆիլմում, որը դեկտեմբերի 2-ից կլինի Հանրայինի եթերում:
Բացի աշխատանքային և ստեղծագործական նորությունները, դերասանուհու հետ խոսել ենք նաև իրենց դստեր մասին: Անիի խոսքերով' աղջիկն իրեն մամա չի ասում. «Տեսնելով, որ բոլորն ինձ Անի են ասում, ինքը ևս սկսեց անունով դիմել. այժմ որքան էլ ասում եմ, որ ինձ մայրիկ ասի, միևնույնն է, շարունակում է անունով դիմել»: Անիից տեղեկացանք նաև, որ փոքրիկ Գոհարիկը շատ ակտիվ է ու սիրում է նկարազարդել իրենց տան բոլոր պատերը' նկարելով արև, լուսին, մեքենա կամ իր սիրելի M&M’s քաղցրավենիքի նշանները:
«Հաճախ է ինձ ասում' երաժշտություն միացրու, պարենք, իսկ հոր հետ սիրում է ժամանակ անցկացնել համակարգչային խաղերով ու մուլտֆիլմեր նայելով: Կարող եմ ասել նաև, որ ռոք երաժշտության մեծ սիրահար է ու սիրով է լսում»,-փոքրիկի մասին պատմելիս նշեց մայրը և ավելացրեց, որ Գոհարիկն ամեն գիշեր իրենց ստիպում է իր համար ամենաքիչը կես ժամ գիրք կարդալ:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը