Հետազոտությունները ցույց են տվել, որ Մարս մոլորակի Ուտոպիայի հարթավայրի շրջանում միլիարդավոր տարիներ առաջ օվկիանոս է գոյություն ունեցել: Այն առաջացել է մոլորակի և այլ տիեզերական մարմնի բախման արդյունքում: «Բացի այդ՝ հնարավոր է, որ Մարսի վրա գոյություն է ունեցել նաև բիոսֆերա, ինչի մասին խոսում են երկնաքարերի կտորները»,- գրում է РБК Daily-ն:

Մասնագետները գտնում են, որ Գեսպերյան շրջանում (3.5-2.9 միլիարդ տարի առաջ) օվկիանոսը պատված էր սառույցով: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Միխայիլ Իվանովը նշել է, որ իրենք ենթադրում են, որ մոլորակի վրա մշտական հիդրոսֆերա է եղել, իսկ Ուտոպիա հարթավայրի շրջանում օվկիանոս է եղել:

Գիտնականները նաև չեն բացառում, որ Գեսպերյան շրջանում Մարսի վրա նույնիսկ՝ բիոսֆերա է եղել: Նման եզրակացություն նրանք կատարել են մարսյան ծագում ունեցող 3 երկնաքարերում հայտնաբերված միացություններից, որոնք նման են միկրոօրգանիզմների քարացած մնացորդների: