Երգիչ Միհրան Ծառուկյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց լայն ճանաչում ձեռք բերել ոչ միայն իր երգերի, այլ նաև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում ստանձնած դերի շնորհիվ: Շատ դեռահաս աղջիկների կուռք հանդիսացող երգիչը Life.panorma.am-ի հետ զրույցում խոսել է իր անձնական կյանքի, առաջիկա ծրագրերի և շատ այլ հարցերի մասին:
-Երգի՞չ, թե՞ դերասան: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Ես երգարվեստում ինձ ավելի կայացած եմ համարում, իսկ դերասանական արվեստն ինձ համար, կարելի է ասել, հոբբի է:
-Դժվար չէ՞ մշտապես լինել ուշադրության կենտրոնում:
-Միանշանակ, և՛ հաճելի է, և՛ միևնույն ժամանակ մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում մեծ պատասխանատվություն է իրենից ենթադրում: Շատ հաճախ ցանկանում ես քեզ լիովին ազատ զգալ, սակայն ինչ-ինչ բաներ թույլ տալ չես կարող: Ամեն դեպքում, Հայաստանում դժվար է լինել ճանաչված ու միևնույն ժամանակ, փորձել աննկատ մնալ: Շատերը կան, որ խուսափում են մարդաշատ վայրերում գտնվելուց: Անգամ իրենց համար անհրաժեշտ գնումներ կատարելու համար խուսափում են երևալ հասարակության մեջ: Դա, գուցե, բացատրվում է նրանով, որ նմանատիպ մարդիկ ունեն որոշակի կոմպլեքսներ: Կամ վախենում են ու ցանկանում անհասանելի թվալ: Թեև ես էլ այնքան հաճախ չեմ լինում մասսայական վայրերում, բայց երբ ցանկություն ունեմ քայլել քաղաքում կամ գնումներ կատարել, առանց որևէ խնդրի անում եմ դա:
-Կա՞ սահմանագիծ, որից հետո չեք ցանկանում, որ ուրիշները ներխուժեն Ձեր անձնական կյանք:
-Յուրաքանչյուրս էլ ունենք անձնական կյանք. հայտնի լինես, թե ոչ, միևնույն է, կան անձնական բնույթի որոշ հարցեր, որոնց մասին խոսելը ոչ միայն հաճելի, այլև պարտադիր չէ: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, բայց ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսել անձնական խնդիրների, օրինակ' գումարի անհրաժեշտության մասին կամ մանրամասնել դժվարությունները, չեմ կարծում, որ ճիշտ է:
-Ի՞նչ նորություն ունեք անձնական կյանքում:
-Մինչև իմ կյանքում ամեն ինչ չլինի ամենայն լրջությամբ, ես դրա մասին բացահայտ խոսել չեմ կարող: Երբ հասկանամ, որ գտել եմ այն մարդուն, ում, իրոք, հետագայում տեսնում եմ իմ կողքին, հանրությունն անպայման կիմանա դրա մասին: Սակայն հիմա ես լիովին ազատ եմ ու ոչինչ չեմ թաքցնում' վախենալով, որ եթե դրա մասին բարձրաձայնեմ, կկորցնեմ իմ վարկանիշը:
- Ի՞նչ ծրագրեր ունեք, համերգ կամ նոր տեսահոլովակ պատրաստո՞ւմ եք:
Սեպտեմբերին թողարկվեց նոր տեսահոլովակ, որի նկարահանման աշխատանքներն իրականացվել են Օդեսա քաղաքում: Նախատեսվում է նաև մենահամերգ Լիլիթ Հավհաննիսյան հետ՝ Միացյալ Նահանգների «Փասադենա Սիվիք» համերգասրահում: Մի քանի նախագծեր ևս կան, սակայն դրանց մասին առայժմ վաղ է խոսելը: