Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի և դերասան Սոս Ջանիբեկյանի համատեղ ներկայացման մասին ESem.em-ը պատմել է իր ընթերցողներին: Թեև նախատեսվում էր, որ Նիլ Սայմոնի «Կենտ զույգը» ստեղծագործության հիման վրա բեմադրվող ներկայացման ռեժիսորը լինելու է Ժան Նշանյանը, այն բեմադրեց դերասանի որդին' Արման Նշանյանը:

«Հայրս ռուսական մի ֆիլմում խաղալու առաջարկ ստացավ և նրա զբաղվածությունը շատ մեծ էր. մեզ խնդրեց հետաձգել ներկայացումը, որպեսզի կարողանա բեմադրել, սակայն չցանկացանք նորից հետաձգել այն: Երբ մի գործ սկսում ես, հետո մի կողմ դնում, դրա էներգիան ցնդում է: Որոշեցինք, որ ես փորձնական բեմադրեմ, եթե չստացվի, մի կողմ կդնենք: Այդ տարբերակը միշտ էլ կա»,- ասաց Արմանը, ում ստեղծագործական կյանքում այսպիսով էական փոփոխություն է եղել ու հավելեց, որ ներկայացման փորձերը սկսել են մեկուկես ամիս առաջ: Առաջին փորձը կայացել է սեպտեմբերի 20-ին:

Դերասանի փոխանցմամբ' ներկայացումը բեմադրելու ժամանակ խնդիրներ չեն առաջացել: Ավելին, նա պատմեց, որ ժամանակին իր հայրն էլ է պատահականորեն սկսել ներկայացումներ բեմադրել: «Մայրս հիշում է, որ նրանք առանց բեմադրիչի էին մնացել և հորս հորդորել է, որ նա բեմադրի ներկայացումը: Նույն իրավիճակն էլ այս դեպքում ստեղծվեց,- ասաց Արմանն ու հավելեց, որ գործը շատ արագ առաջ գնաց: - Ես մտածող դերասան եմ: Երբ չեմ խաղում, տեսնում եմ, ինչն ինձ օգնեց' որպես բեմադրիչ: Ինձ շատ օգնեց նաև Սոս Ջանիբեկյանը, ով շատ տաղանդավոր դերասան է: Եթե նա չլիներ խաղընկերս, չգիտեմ ինչ կլիներ»:
Ներկայացման գլխավոր հերոսները Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանն են: Դրանում ընդգրկված են նաև Ստեփան Ղամբարյանը, Սունդուկյանի թատրոնից Լեռնիկ Հարությունյանը, Համազգային թատրոնից Գագիկ Մադոյանը, մանեքենուհիներ Լյուսի Հայրապետյանն ու նրա քույրը' Մարիամ Հայրապետյանը: Ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին Դրամատիկական թատրոնում: Մինչև դեկտեմբերի 5-ն ամեն հինգշաբթի նրանք կխաղան ներկայացումը:

Առաջիկայում Արմանը նաև որպես երգիչ նորություններ կունենա: Մինչև տարեվերջ նա խոստանում է նոր տեսահոլովակ ներկայացնել երկրպագուներին: Եվս մեկ տեսահոլովակ երգիչը նախատեսում է հանդիսատեսի դատին հանձնել տարեսկզբին: «Մտադրություններ կան տեսահոլովակներից մեկը նկարահանել տարբեր երկրներում»,- ESem.am-ին հայտնեց Արմանը ու նշեց, որ երգերից մեկն անգլերեն է, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Մյուս ստեղծագործությունը Արմանը ցանկացավ անակնկալ թողնել: «Կարող եմ ասել, որ սպասվելիք երկու երգերիցս ոչ մեկը սիրո մասին չի լինելու,- ասաց օպերային երգիչը, սակայն չցանկացավ բացահայտել թեման: -Իրարից տարբերվող երկու շատ հետաքրքիր տեսահոլովակ է սպասվում»:
Արմանը դեռ չի ընտրել տեսահոլովակի ռեժիսորին, ցանկանում է սցենարը մշակել, հետո որոշել' ում հետ կհամագործակցի: Սովորաբար տեսահոլովակի ռեժիսորն է առաջարկում սյուժեի տարբերակ, սակայն Արմանը, օգտագործելով իր դերասանական, այժմ նաև ռեժիսորական փորձը, ինքնուրույն է մտածում սցենարը. «Քանի որ դերասան եմ, սյուժեն լավ եմ հասկանում: Արդեն տեսնում եմ առաջիկա տեսահոլովակներս»:

Արմանի ստեղծագործական կյանքը հիմնակնում բաժանվում է փուլերի. մի շրջան նա որպես երգիչ է ակտիվանում, մի շրջան' որպես դերասան: «Ես իմ սրտին եմ հետևում և երբ որևէ գործ եմ սկսում, դա անում եմ, որովհետև զգում եմ, որ պիտի անեմ: Աշխատանք անելուց առաջ պիտի հասկանաս' ինչու ես դա անում' որպեսզի անունդ թնդա՞ ամբողջ քաղաքով, էգո՞դ բավարարես, թե՞ ինչ-որ լսարանի' կապ չունի' մեծ, թե' փոքր, մի բան փոխանցես: Պետք է գիտակցես' ինչ ես դու ձեռք բերելու դրանից' մի քիչ փող ու հայտնիությու՞ն: Ես ոչ առաջինից եմ կաղում, ոչ երկրորդից, իսկ աշխատանքս անում եմ և՛ ինձ համար, և՛ հասկանում եմ' ինչ եմ տալիս իմ հանդիսատեսին,- ասաց Արմանն ու հավելեց, որ Հայաստանում արվեստով հնարավոր չէ գումար աշխատել. ինքն իր ֆինանսական հարցերը լուծում է ԱՄՆ-ում ունեցած բիզնես-ներդրումների միջոցով: -Ես չեմ կարող այլ կերպ ապրել. չեմ կարող դավաճանել իմ արվեստը»:
Երգիչը շատ է ցանկանում նաև մենահամերգով հանդես գալ Երևանում, սակայն չի ցանկանում, որ ներկայացումն ու մենահամերգը գրեթե միաժամանակ լինեն:

 

 

Հաջողություն եմ մաղթում. Ամալյա Հովհաննիսյան