Պետեր Ֆիտցեկը Գերմանիայի ինքնակոչ արքան է, որը ստեղծել է այսպես կոչված՝ Գերմանիայի Թագավորությունն ու խոստացել է ամեն ինչ անել դրանում ապրող ժողովրդի բարօրության համար, գրում է Oddity Central-ը։
Հնարամիտ տղամարդը կարողացել է թագավորական «կարիերա» անել՝ շնորհիվ Գերմանիայի օրենսդրությունում առկա մի օրենքի, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հիմնել կազմակերպություն՝ սեփական օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերով։
Նախքան «արքա» դառնալը տղամարդն աշխատել է ռեստորանում, խանութում, դիսկո բարում ու դաջվածքների սրահում։ 2009թ. նա մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն հավաքել է ընդամենը 0.7% ձայն։ Արդյունքում, տղամարդն այդ ամենից ձանձրացել է ու որոշել սեփական թագավորությունը հիմնել։
Գերմանիայի թագավորությունը զբաղեցնում է 9 հա տարածք և գտնվում է Վիտենբերգի արվարձաններում։ Դրանում արդեն սկսվել է նոր շենքերի կառուցումը, սակայն իր ժամանակի մեծ մասն «արքան» տրամադրում է հետաքրքրասերներին իր տարածքը ցույց տալով։
48-ամյա Ֆիտցեկն իր թագավորությունում օգտագործում է սեփական արժույթը՝ էնջլը, ինչպես նաև տարբեր տեսակի ապրանքներ է ներկրում, որոնք վաճառում է թագավորության սուպերմարկետում։ Ապագայում «միապետը» մտադիր է համալսարան, հիվանդանոց ու տեխնոլոգիական կենտրոն հիմնել։
Ներկայում Գերմանիայի Թագավորությունն ունի 25 բնակիչ, ովքեր ապրում են առանց կոմունալ վարձերը վճարելու։ Բացի այդ, նրանք ամսական 300 էնջլ են ստանում տեղի սուպերմարկետից գնումներ կատարելու համար, և ևս 3 եվրո՝ թագավորության սահմաններից դուրս ծախսելու համար։
Ի դեպ, վերջերս Գերմանիայի իշխանություններն «արքային» դատապարտել են 3 ամսվա ազատազրկման, քանի որ նա երթևեկել է իր թագավորության վարորդական իրավունքով։