Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է ծննդյան 25 ամյակը: Նա կեսգիշերից սկսած ոչ միայն շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ է ստացել, այլև հասցրել է վերամբարձ կռունկով «շրջել» իրենց թաղամասում:
Երգչուհին իր այսօրվա խիտ օրակարգում ժամանակ գտավ և ESem.am-ին պատմեց երկրպագուների ու ընտանիքի անդամների կողմից մատուցած անակնկալների մասին: «Մեր ընտանիքը մի լավ ավանդույթ ունի, երբ որևէ մեկիս ծնունդն է լինում, տորթ ենք պատրաստում ու ուղիղ կեսգիշերին շնորհավորում: Իմ այս ծնունդն էլ բացառություն չէր:) Դեռ չէի հասցրել փչել մոմերը, դրսում աղմուկ լսեցինք, մոտեցա պատշգամբին ու տեսա, որ իմ ամենահավատարիմ երկրպագուները վերամբարձ կռունկով բարձրացել էին մեր տուն: Այդ պահին շատ երջանիկ էի,- պատմեց Սիլվան' հավելելով,- կռունկը զարդարված էր փուչիկներով, վրան էլ կապույտ տառերով գրված էր ՍԻԼՈ: Ներքևում էլ մի խումբ աղջիկներ գոռում էին. «Սիլո, Սիլո, շնորհավո՜ր»: Այդ պահին ունեցածս զգացողությունների մասին կդժվարանամ խոսել. անսաման երջանիկ էի, հպարտ եմ նրանցով»:
Երգչուհին միացել է երկրպագուների խմբին ու վերամբարձ կռունկով պտույտ արել տեղանքում: «Տրամադրությունս այնքան բարձր էր ու այնքան տարված էի, որ չէի զգում' ինչպես եմ մրսում, այդ ժամին բավականին ցուրտ էր, ես էլ թեթև էի հագնված: Պտույտից հետո բոլորով եկանք մեր տուն և մինչև ժամը չորսը նշեցինք, ուրախացանք»,- ասաց հոբելյարը: Ըստ երգչուհու' մինչ այս պահն արդեն իսկ ստացել է նվերներ, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Նրա սիրտը վկայում է, որ դեռ շատ անակնկալներ է ունենալու: Հոբելյարն առանձնակի ուշադրություն չի դարձնում նվերներին. «Նյութական ցանկացած բան, որն ինձ պետք է, ժամանակի ընթացքում կունենամ, ես ավելի հոգևոր բանի մասին եմ մտածում»:
Երեկոյան Սիլվան երևանյան ռեստորաններից մեկում խնջույք է կազմակերպել, որին ներկա կլինեն նրա բարեկամները, հարազատներն ու ընկերները: «Միայն ինձ հարազատ մարդկանց եմ հրավիրել, հուսամ' լավ երեկո կունենանք, բոլորս ուրախ և անկեղծ կլինենք»,- հավելեց 25-ամյա երգչուհին:
ESem.am-ը շնորհավորում է իր լավագույն բարեկամին' մաղթելով սեր, երջանկություն և հաջողություններ:
Թող այս տարի երազանքդ իրականանա. Մերի Պողոսյան