Intel ընկությունը լայնածավալ հետազոտություն է անցկացրել. 18-24 տարեկան 12 հազ. մարդ աշխարհի 7 երկրներից իրենց վերաբերմունքն են արտահայտել ժամանակակից աշխարհում և ապագայում տեխնոլոգիաների ունեցած դերի մասին, գրում է vestifinance.ru-ն։

Հետազոտության հրապարակված արդյունքները որոշակիորեն հակասական են եղել։

Հակառակ տարածված այն կարծիքի, թե երիտասարդները տեխնոլոգիաների և նորարարությունների միայն դրական կողմերն են տեսնում և ամբողջությամբ բաց են դրանց համար, շատերը տեսնում են նաև տեխնոլոգիական առաջընթացի մութ կողմերը։

Երիտասարդներն ընդունում են տեխնոլոգիաների դրական դերը, սակայն միևնույն ժամանակ նրանք կարծում են, որ տեխնոլոգիաները մարդկանց դարձնում են ավելի ինքնամփոփ և քիչ մարդկային։

 

Դրական գնահատական


Հարցվածների 86%-ը կարծում է, որ նորարարական տեխնոլոգիաները կյանքը հեշտացնում են, 69%-ը կարծում է, որ տեխնոլոգիաներն օգնում են անձնական հարաբերություններում, 36%-ը ցանկանում է, որ տեխնոլոգիաներն «ավելի շատ բան իմանան մեր և մեր անձնական նախասիրությունների մասին»։

Հարցվածները նշել են, որ հույս ունեն, որ նորարարությունները կօգնեն լավացնել կրթությունը (57%), տրանսպորտը (52%) և առողջապահությունը (49%)։ Երիտասարդները դեմ չեն «անանուն հիմքերով» տեղեկությունների հավաքմանը՝ իրենց կատարած գնումների (53%), կայքերի այցելությունների պատմությունների (48%), բժշկական գրառումների (46%) և բանկային տեղեկությունների (34%) հիման վրա։

 

Տեխնոլոգիաների մութ կողմը


Հարցվածների 59%-ը նշել է, որ հասարակությունը չափազանց շատ է կախման մեջ տեխնոլոգիաներից, 61%-ը կարծում է, որ տեխնոլոգիաներն ապամարդկայնացնում են մարդկանց։

Ընդ որում՝ հարցվածների 63%-ն անհանգստանում է, որ նոր տեխնոլոգիաները կարող են հանգեցնել աշխատատեղերի քանակի նվազեցմանը։ Այլ կերպ ասած՝ երիտասարդներն անհանգստանում են, որ նորարարությունները կարող են «խլել» իրենց աշխատանքն ապագայում։

Հարցումը կատարվել է առցանց՝ Բրազիլիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում, 2013թ. հուլիսի 28-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում։