ESem.am-ը պատմել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի և նրա որդու' միևնույն սերիալում նկարահանվելու մասին: Այժմ էլ դերասանուհին նկարահանվում է «Արմենիայի» նոր նախագծում, որը եթերում կլինի նոր եթերաշրջանում. առաջին հաղորդումը նախատեսված է հոկտեմբերի 9-ին:
Ալինայի փոխանցմամբ' Հովոյի, Մկոյի և Շուշաննա Թովմասյանի հետ “Տնփեսա” սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել է նախագծի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանից ու միանգամից ընդունել այն: «Երկու ամիս առաջ ստացա առաջարկը և միանգամից համաձայնեցի. երբեք էլ Դավիթին չեմ մերժում, որովհետև նրա կողմից միշտ լավ առաջարկներ եմ ստանում,- նշեց սերիալային դերասանուհին, ով այս անգամ հանդես է գալու կոմեդիայի ժանրում, ինչն էլ կարող է որոշ դժվարություններ առաջացնել: -Ինձ անծանոթ ժանր է, սակայն դերասանական լավ կազմի շնորհիվ կարողանում եմ հարթել դժվարությունները: Կարծում եմ' հանդիսատեսին լացացնելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը»:
Ալինան «Տնփեսա»-ում մարմնավորում է գլխավոր հերոսի' Մկոյի կնոջը: «Մարմնավորում եմ երես առած, ամբիցիոզ, միևնույն ժամանակ, ուժեղ կնոջ: Նա ունի կայուն դիրք. այդ գիծն ինչ-որ չափով նմանեցնում եմ ինձ,- ասաց զրուցակիցս և նշեց, որ ամռան ընթացքում նկարահանումների պատճառով չի հասցրել հանգստանալ: -Այս տարի որոշել էի Հունաստան գնալ, սակայն չստացվեց: Գուցե հոկտեմբերի վերջին կարողանամ մեկնել, որովհետև ամռան ընթացքում բացի նկարահանումներից տանն եմ եղել ու պասիվ հանգիստս ընտանիքիս հետ եմ անցկացրել»:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը