Երեկ երեկոյան Մոսկվա կինոթատրոնի բակը սովորակից մարդաշատ էր. հյուրերն ու հայտնի դերասանները եկել էին մասնակցելու «Дед 005» ֆիլմի երևանյան պրեմիերային: Ֆիլմը ռուսական նախագիծ է, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ով ստացել է պատվավոր հորեղբոր' մեծանուն դերասանի անունը:

Ֆիլմում նկարահանվել են ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հայտնի դերասաններ' Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսիյանը, Աննա Պոպովան, Լևոն Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Անդրիս Բուլիսը, Ալեսյա Սուդզիլովսկայան:
esem.am-ի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը նշեց, որ ֆիլմում նկարահանվել է անցած տարի և նկարահանումների մոտ 80 տոկոսը Հայաստանում է անցել, մյուս մասը' Մոսկվայում: «Մհերի հետ առաջին անգամ էի համագործակցում, սակայն նա երեք շատ հաջողված ֆիլմ ունի և Ռուսաստանում բավականին մեծ ճանաչում ունի՝ որպես ռեժիսոր և սցենարիստ»: Պարոն Թոխատյանը համոզված է, որ դերասանի համար չկան առաջնային և երկրորդական դերեր, պարզապես կա դեր և չկա դեր:
«Дед 005»-ը Մոսկվայում ցուցադրվել է օգոստոսի 11-ին: «Վիբերգի փառատոնի բացումն այս ֆիլմով արվեց»,-նշեց ռեժիսորը, իսկ պարոն Թոխատյանն ավելացրեց, որ դրանից հետո այն մեծ տարածում գտավ Ռուսաստանում և իր շրջայցը սկսեց կինոթատրոններում:

Նշենք, որ ռուսական առաջին ալիքը, գնելով ֆիլմը, պատվիրել է նաև դրա շարունակությունը: «Դա ոչ թե սերիալ կլինի, այլ բազմասերիանոց ֆիլմ: 4 մասն արդեն նկարահանված է»,-տեղեկացրեց Հրանտ Թոխատյանը:
Թեև ֆիլմը երիտասարդական կատակերգություն է, պարոն Թոխատյանի համար այն ընտանեկան կոմեդիա է. «Իմ կարծիքով' այն ավելի շատ 30-ն անց հանդիսատեսի համար է նախատեսված. ընտանեկան կոմեդիա է, իսկ ամենակարևոր բաղադրիչն այն է, որ շատ բարի ֆիլմ է»:

Esem.am-ը տեղեկացրել է, որ Հրանտ Թոխատյանը նկարահանվում է CTC հեռուստաալիքի նոր' «Վերջին Մահիկյանը» սերիալում: Սակայն իր զբաղվածության հետ մեկտեղ դերասանը հասցնում է մասնացել երևանյան ներկայացումներին ու այս անգամ էլ մեկ օրով Հայաստան էր եկել' ներկա գտնվելու ֆիլմի պրեմիերային: «Սեպտեմբերի 16-ից կսկսվի «Վերջին Մահիկյանը» սերիալի ցուցադրությունը և, կարծում եմ, որ Հ1-ը ևս այդ օրվանից կցուցադրի այն: Կարելի է ասել' այն սեզոնային ֆիլմ է. առաջին 12 մասերն արդեն պատրաստ են, սակայն կնկարահանվեն ֆիլմի երկրորդ և երրորդ' 14-ական մասերը»,-եզրափակեց դերասանը:

Լուսանկարները' Վարդ Բաղդասարյանի

Ծիծաղեց Արևիկ Իսաջանյանը