Այսօր համակարգիչը գրեթե բոլորի կյանքում կարևոր դեր է խաղում: Սակայն վատն այն է, որ դրանից օգտվելիս չենք պահպանում անվտանգության կանոնները և վնասում ենք մեր առողջությունը: Տարիներ առաջ համակարգչից օգտվելու կանոններն ավելի խիստ էին, որովհետև նախկին սերնդի համակարգիչների էկրանները պաշտպանիչ շերտ չունեին և էլեկտրամագնիսական ճառագայթներն ավելի արագ էին թափանցում մարդու օրգանիզմ: Իսկ այսօր կան բազմաթիվ մեթոդներ պաշտպանվելու համար: Մասնագետների համոզմամբ՝ համակարգչի դիմացից չհեռացող մարդը հակված է բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային խնդիրների, աղեստամոքսային տրակտի խանգարումների և այլն: Ահա, թե ինչ է ասում նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանն այդ մասին. - Համակարգչից երկար օգտվելը նպաստում է ողնաշարի դիստրոֆիկ դեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը, որը հանգեցնում է հիպոդինամիայի՝ շարժունակության պակասեցմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ճարպակալման: Մյուս կողմից' հիպոդինամիան առաջացնում է սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ, որոնք երկրորդային ձևով հանգեցնում են միկրոշրջանառության վատացման: Համակարգչից անընդհատ օգտվելը, սակայն, առաջին հերթին, հարվածում է տեսողությանը, ակնաբույժները դա անվանում են համակարգչային տեսողական համախտանիշ: - Առաջին հերթին խորանում է կարճատեսությունը: Կան մարդիկ, որոնք գանգատվում են վատ տեսողությունից, բայց ստիպված են համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնել: Ժամանակի ընթացքում նրանց տեսողությունը վատանում է: Առաջանում է նաև կեղծ կարճատեսություն, որը, ի տարբերություն իրականից, աչքի ներսի մկանների աշխատանքի խախտման հետևանք է և կարելի է բուժել, – նշում է ակնաբույժ Նազելի Բաղդասարյանը: Բացի այդ, տեսողության երկարատև լարվածության հետևանքն աչքերի մակերեսի գերչորացումն է, որին նպաստում է նաև Հայաստանի փոշոտ կլիման: - Չորացումն ավելի շատ սուբյեկտիվ խնդիրներ է ստեղծում. մշտական անհարմարավետություն օրվա տարբեր ժամերին, ավազի զգացողություն, ծանրություն աչքերում, առավոտյան աչքերի դժվար բացվելը և այլն: Այսինքն'փոխվում է կյանքի որակը, – բացատրում է բժիշկը: Մասնագետների գնահատմամբ' այդ ժամանակակից հիվանդությունն իր աճի տեմպերով գերազանցում է ուռուցքային հիվանդությունների դինամիկան, սակայն եթե երկրորդի դեպքում հնարավոր չէ խուսափել բացասական զարգացումից, առաջինի հետևանքներից խուսափելը շատ ավելի հեշտ է: Դրա համար չպետք է մոռանալ համակարգչից օգտվելու անվտանգության կանոնները: - Ցանկալի է համակարգչից օգտվել մեկ-երկու ժամ, որից հետո փոխել դիրքն ու քայլել սենյակում: Անընդհատ նստած նույն դիրքում' փաստորեն ամբողջ մարմնի կշիռը գցում ենք գոտկային հատվածին՝ միջողնային աճառներին, և փոքր փոփոխությունները հանգեցնում են ողնաշարի միջողնային աճառների ճողվածքների, որոնք էլ ազդում են աշխատունակության վրա,- խորհուրդ է տալիս Հ. Միրզոյանը: Ակնաբույժ Ն. Բաղդասարյանն իր հերթին առաջարկում է համակարգչի առջև նստել ուղիղ, մոնիտորի' էկրանի վերին եզրը պահպանել աչքերի մակարդակին, այսինքն' հայացքը լինի ոչ թե վեր, այլ՝ ներքև, և աշխատասենյակում լինի ընդհանուր լուսավորվություն, քանի որ մութ վայրում լուսավորված էկրանով աշխատելը տեսողության թշնամին է: Իսկ երեխաներին մասնագետները բոլորովին խորհուրդ չեն տալիս օգտվել համակարգչից, քանի որ նրանց աճող օրգանիզմն էլ ավելի է հակված ողնաշարային խնդիրների (սկոլիոզ և այլն): Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր երեխաների առողջության հարցում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ