Նրա անհատական ոճը դարձավ նորաձևության անքակտելի մասը: Նրան հետևեցին միլիոնավոր կանայք: Մենք մինչ օրս էլ անում ենք քայլել առանց նույնիսկ մտածելու, որ առաջին անգամ այս կամ այն բանն արել է հենց նա' որբանոցից մեծ աշխարհ մտած և աշխարհին մարտահրավեր նետած մոդելյոր Կոկո Շանելը:
Ո՞ր կինն այսօր իր կյանքը կպատկերացնի առանց ուսին գցվող պայուսակի, փոքրիկ սև զգեստի, արևային լոգանքի, բազմաթիվ ծաղիկների բույրերից հյուսված օծանելիքի: Իսկ հիմա պատկերացրեք, որ մինչ նա, կանայք չէին էլ մտածում այս ամենի մասին: Կոկոն եկավ, «շանելապատեց» ողջ աշխարհը, բերեց մի շարք նորություններ, բայց, առաջին հերթին, ստեղծեց մի կնոջ կերպար, ում առաջ ոչ ոք չէր ճանաչում: Նորաձևության ամենամեծ ու շքեղ տան հիմնադիրը ստեղծեց էլեգանտ կնոջ կերպար, որ չի ենթարկվում ժամանակի փոփոխություններին: Նա ազատեց կնոջը ճնշող կորսետներից ու երկար, անհարմար շրջազգեստներից: Նրա զգեստների մոդելների ճշգրիտ, ուղիղ գծերը թաքցնում են կառուցվածքի թերություններն ու ընդգծում առավելությունները:
Ֆրանսուհի Գաբրիել Բոնյոր Շանելը ծնվել է 1883 թ. օգոստոս 19-ին, թեպետ միշտ փորձել է շփոթության մատնել կենսագիրներին' պնդելով, թե ծնվել է 1893 թ.: Եղել է 20-րդ դարի ֆրանսիական նորաձեւության առաջատար դիզայները, ում մոդեռնիզմը, տղամարդկանց նորաձեւությամբ ներշնչված լինելն ու ստեղծած հագուստների պարզությունը բերել են նրան համաշխարհային ճանաչում: Պատահական չէ, որ Time ամսագիրն ընդգրկել է նրան 20-րդ դարի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց շարքում:
Նրա ծնողները օրինական ամուսիններ չեն եղել: 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, իսկ հայրը, չկարողանալով պահել աղջկան, հանձնել է որբուկների տուն-ինտերնատի խնամքին: Երկար տարիներ ստիպված լինելով կրել համազգեստ' Շանելի մեջ աճել է ցանկությունը բոլորին իր ձևով հագցնելու:
Դուրս գալով ինտերնատից' նա նախ փորձել է իրեն երգարվեստի մեջ: Երգել է կաբարեներում: Նրա ամենասիրելի երգերի անուններն էին «Ko Ko RI Ko» և «Qui qua Vu Coco»: Հենց այստեղից էլ նրա մականունը' Կոկո: Նա չի հաջողել որպես երգչուհի, բայց ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատել է սպա Էտյեն Բալզանը, ով հիացել է նրանով: Կարճ ժամանակ անց սկսվել է նրանց համատեղ կյանքը Փարիզում: Կոկոն ամբողջ կյանքում երազել է հանրահայտ երգչուհի դառնալ, դարձել է հանրահայտ մոդելյոր, երազել է ամուսնության մասին, բայց բավարարվել է միայն սիրուհու դերով:
Էտյեն Բալզանը գեղեցիկ տղամարդ է եղել, սրամիտ, գեղեցիկ կանանց ու լավ ուտելիքների սիրահար: Նրանք ապրել են միասին, բայց չեն ամուսնացել. կնամոլ Էտյենն այդպես էլ չի ցանկացել կապել իրեն ամուսնության թելերով:
Սիրելիի հետ անընդհատ վայելքների մեջ անցնող կյանքը շատ արագ հոգնեցրել է Կոկոյին, ով միշտ երազել է փողի, փառքի, ճանաչման մասին: Նա վատ ձայն չի ունեցել, բայց ավելի լավ կարողացել է գլխարկներ կարել: Հենց սա էլ որոշել է նրա ճակատագիրը:
Նա իսկական նկարչուհի է եղել, յուրաքանչյուր ստեղծած գլխարկը' արվեստի գործ: Կոկոն կարել է գլխարկնել' ելնելով իր այցելուների անհատականություններից:
Շատ ժամանակ չանցավ, և Փարիզն սկսեց խոսել Կոկո Շանելի մասին:
Հենց այս ժամանակ էր, որ Էտյենը չհավատաց կնոջ հնարավորություններին ու հրաժարվեց գումար ներդնել գլխարկարտադրության գործի մեջ: Փողը տվեց Կոկոյին վաղուց սիրահարված մեկ այլ տղամարդ' Էտյենի մտերիմ ընկեր Արթուր Կեյպելը: Նա հավատաց կնոջ տաղանդին: Արթուրը շատ կանայք ուներ և բոլորին լքում էր, իսկ Շանելի համար դարձավ ոչ միայն լավ սիրեկան, այլև վստահելի ընկեր: Նրա օգնությամբ Շանելը բացեց իր առաջին խանութը: «Գործելու և արարելու համար առաջին հերթին պետք է ունենալ լավ ընկեր, որի վրա կարելի է հույս դնել»,- հետագայում ասել է Շանելը:
Նորահայտ մոդելյորն արեց այն, ինչ մինչ այդ օրը վախենում էին անել բոլորը. նա կարճացրեց շրջազգեստները, սկսեց սվիտերների արտադրությունը, ստեղծեց նոր' շանելյան ոճ: Այդ ոճի ամենահայտնի նմուշը փոքրիկ սև զգեստն է, որ, ինչպես նշում են մերօրյա շատ մոդելյորներ, յուրաքանչյուր կին պարտավոր է ունենալ իր զգեստապահարանում:
Մի հագուստ, որ, կախված արդուզարդից, կարող է կիրառվել թե առօրյա-հարմարավետ, թե շքեղ-երեկոյան ոճերում: Նրա առաջաբանը դարձավ «Զգեստի հարցում կարևորը կինն է» սկզբունքը:
Շանելի համար նորամուծությունները սովորական էին: Մի օր նա ուղղակի ասաց. «Ես հոգնել եմ ձեռքի պայուսակ կրելուց, բացի այդ, դրանք միշտ կորցնում են»: Այս խոսքերից մեկ տարի անց նա սկսեց փոքրիկ պայուսակի վաճառք, որ իրենից ներկայացնում էր ուղղանկյուն' արդեն հայտնի պայուսակը երկար շղթայով: Շանելյան այս շղթան էր, որ առաջին անգամ հնարավորություն տվեց կնոջը կախել պայուսակն ուսից եւ լիովին մոռանալ դրա գոյության մասին: Այս տարիներին Կոկոն անգիտակցաբար խթան դարձավ մերօրյա ամենասիրելի, հաճելի ու նորաձև զբաղմունքներից մեկի' արևային լոգանքի «գյուտի» համար: Եվ դա տեղի ունեցավ պատահաբար: Ծովային ճանապարհորդության ժամանակ Կոկոն թխացել էր արեւի տակ և առանց վայրկյան իսկ մտածելու այդ' այն ժամանակ տգեղ համարվող տեսքով հայտնվել Կաննում: Պարզվեց, որ դա բոլորովին էլ տգեղ չէ. հասարակությունը հետևեց նրա օրինակին: Կանայք քայլեցին Կոկոյի հետևից նաև մեկ այլ իրողությունից հետո:
Մոդելյորը պատահմամբ վառել էր մազերը և առանց տատանվելու կարճ կտրել դրանք: Դրանից հետո նորաձեւ դարձան կարճ սանրվածքները:
Շանելի ազատությունն ուրիշ էր: Նա որևէ մեկին որևէ բան չէր ապացուցում: Նա ներքին ազատություն ուներ: «Ես մտա հասարակություն ոչ այն պատճառով, որ պետք է հագուստ ստեղծեի, հակառակը, ես հագուստ ստեղծեցի, որովհետև ապրում էի հասարակության մեջ, որտեղ առաջին կինն էի, ով ապրում էր դարի ողջ ռիթմով»:
Միակ բանը, որ նրան պակասում էր, ընտանիքն էր:
Արթուրն այդպես էլ չցանկացավ ամուսնանալ: Տարիներ անց սկսեց դավաճանել Կոկոյին, ով, վախենալով կորցնել սիրելիին, աչք էր փակում ամեն ինչի վրա: Նա կարծում էր, որ «դիմանալը, երբ վիրավորված ես, տեսարան չսարքելը, երբ սիրտդ ցավում է…այ սա է իդեալական կինը»: Ու նա իդեալական վարք էր ցուցաբերում, բայց շուտով Արթուրի կյանքում հայտվեց նոր մեծ սեր' Դիանան: Կանանց սիրահարը չէր կարողանում ընտրել, ամեն անգամ գնում էր Փարիզից Լոնդոն' Կոկոյից Դիանա: Հենց այդ ճանապարհին էլ նրան գտավ մահը' ավտովթարի տեսքով:
Սիրելիի մահից հետո Կոկոյին մի պահ թվաց, թե ամեն ինչ ավարտված է, բայց նա կարողացավ ի վերջո հաղթահարել ցավը: Մասնագիտությունը շատ օգնեց:
Կոկոն նոր ուժով վերսկսեց աշխատանքները: «Տարիք չունեցող գայթակղիչ կինը» վաղուց էր գիտակցում, որ նորաձևությունն առանց օծանելիքի ոչինչ է: Մի անգամ ծանոթներից մեկը' քիմիկ Էռնեստ Բոն, նրան ներկայացրեց ստեղծած նոր բույրերի փորձանոթները, որ Կոկոն ընտրի լավագույնը: Վերջինս ասաց. «Ես չեմ ուզում, որ օծանելիքից գա միայն վարդի կամ միայն լանդիշի հոտ: Ստեղծեք այդ բույրերի կոմբինացիան' կանացի համադրությունը»: Բոն այդպես էլ արեց: Օծանելիքը անվանվեց «Շանել համար 5»: Օծանելիքի ստեղծումից հետո մի անգամ նրան հարցրել են, թե երբ պետք է կինն այն օգտագործի, և Կոկոն պատասխանել է. «Երբ ցանկանում է, որ իրեն համբուրեն»:
Երկրորդ համաշխարհային պատերազմը երկար ժամանակով ընդհատեց նրա գործունեությունը: 1939-ին նա փակեց բոլոր խանութներն ու հեռացավ նորաձևության աշխարհից, բայց… նա այն տեսակը չէր, որ կարողանար այդքան հեշտ մարել: Կոկոն ամեն օր սկսում էր նորից ապրել: Փորձությունները նրա համար խթաններ էին դեպի նոր ձեռքբերումներ, պարադոքսները' կյանքի շարժիչ ուժեր, անկախությունը' աստված ու կյանք: 71 տարեկան հասակում Կոկո Շանելը կրկին վերադարձավ: Վերադարձավ ավելի գեղեցիկ ու լի ուժերով, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց եթե չեն կարողանում այդպիսին դառնալ 30 տարեկանից հետո, ուրեմն ուղղակի հիմար են»: Նա հիմար չէր: Կոկո Շանելի վերադարձը նորաձևություն շռնդալից էր, ինչպես մուտքը. Չէ՞ որ նա առաջնորդվում էր «անկրկնելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել» սկզբունքով: Նա վերադարձավ նորովի: Կատարելագործեց իր հին մոդելներն ու ստեղծեց նորերը:
Կոկո Շանելը կյանքից հեռացավ այն ժամանակ, երբ աշխատելու ուժ այլևս չկար:
Գեղեցկությունը զենք է:
Եթե աղջիկը չի հարդարվում, ուրեմն շատ բարձր կարծիք ունի իր մասին:
Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան ավելի լավ տեսք պետք է նա ունենա:
Ցանկացած աղջիկ պետք է երկու բան իմանա' ինչ և երբ է ինքն ուզում:
Անճաշակությունը սահման ունի, միայն լավ ճաշակն է անսահման:
Ասում են, որ կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգեշնչում է մրցակցությունը: Դա այդպես է, բայց, եթե չլինեին տղամարդիկ, կանայք չէին հագնվի ընդհանրապես:
Աշխարհում շատ կան կոմսուհիներ ու իշխանուհիներ, բայց կա միայն մեկ Կոկո Շանել:
Լարա Առաքելյան