Սնունդը և առողջ ապրելակերպը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը և կարող են կանխել մի շարք հիվանդություններ' կապված մրսածության հետ:
Կարևոր է չսպասել մինչև հիվանդանալը, այլ վերանայել սննդակարգը և կենսակերպը, քանի դեռ մրսածությունը և վիրուսները չեն սկսել «գրոհել»:
Հույսդ դիր սննդի, այլ ոչ թե վիտամինների վրա: Անկասկած, ուտելիքը ցանկացած սննդային հավելումից լավ է պաշտպանում օրգանիզմը մրսածությունից և հիվանդություններից: Քո իմունային համակարգը պաշտպանում է քեզ վիրուսային վարակներից, ուստի անչափ կարևոր է, թե ինչ ես ուտում: Հենց դրանով է պայմանավորված, թե որքանով ես պաշտպանված տարատեսակ հիվանդություններից: Օրինակ՝ նարինջ ուտելն ավելի լավ է, քան պարզապես C վիտամին ընդունելը, քանի որ նարնջի մեջ կան մի շարք այլ սնուցող բաղադրիչներ, մասնավորապես' մագնեզիում, վիտամին B6, հակաօքսիդանտներ:
Մրգերը և բանջարեղենն ավելի լավ են պաշտպանում իմունային համակարգը, քանի որ դրանք պարունակում են վիտամին A և E, որոնք վիտամին C-ի հետ մեկտեղ լիակատար պաշտպանություն են ապահովում քո օրգանիզմին:
Ավելի շատ միրգ և բանջարեղեն: Այժմ, երբ գիտես, թե ինչ է պետք քո իմունային համակարգն ամրապնդելու համար, հաջորդ քայլը պետք է լինի այդ ամենը իրականություն դարձնելը: Մարդիկ ձմռանն ավելի քիչ միրգ և բանջարեղեն են օգտագործում, մինչդեռ այդ սեզոնին դա ավելի քան անհրաժեշտ է: Օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել առնվազն հինգ բաժին միրգ և բանջարեղեն ' իմունային համակարգին անհրաժեշտ վիտամինների, միներալների և հակաօքսիդանտների քանակն ապահովելու համար:
Մրգի և բանջարեղենի անհրաժեշտ չափաբաժինն ապահովելու եղանակներից մեկը դրանք հյութի տեսքով օգտագործելն է: Հյութ պետք է պատրաստել թե՛ մրգերից և թե՛ բանջարեղենից, օրինակ' նարինջ և գազար, բազուկ և տանձ՝ չմոռանալով թուրինջի, բանանի, կաղամբի, մանդարինի և մյուս մրգերի մասին, որոնք կարելի է առանց դժվարության պահել սառնարանում: Խանութից հյութեր գնելն այնքան էլ չի խրախուսվում, քանի որ դրանք պարունակում են շաքար և հավելյալ կալորիաներ:
Սառեցրած մրգեր ու բանջարեղեն գործածելը դրական է անդրադառնում ոչ միայն սննդակարգի, այլև իմունային համակարգի վրա: Կարելի է սառեցնել ամեն տեսակի բանջարեղեն' կանաչ ոլոռ, սմբուկ, դդմիկ, կարմիր և կանաչ պղպեղ, ծաղկակաղամբ: Իսկ մրգերից կարելի է սառեցնել բալ, ազնվամորի, սև հաղարջ, ելակ, հոն, գրեթե ամեն ինչ: Ձմռանն ընդամենը պետք է հանել դրանք սառնարանից 4-5 ժամ առաջ և օգտագործել: Իսկ հյութ պատրաստելու համար պիտանի են նույնիսկ սառնարանից հենց նոր հանած մրգերը:
Աշխատիր քո սննդակարգում մշտապես ընդգրկել մրգեր ու բանջարեղեն: Հատապտուղները կամ բանանը կարող ես ավելացնել առավոտյան ցորենապուրի մեջ, իսկ հետո խմել նարնջի կամ թուրինջի բնական հյութ: Եթե ընդմիջմանը սենդվիչ ես ուտում, դրա հետ կեր խաղող կամ խնձոր, իսկ սենդվիչը պատրաստիր թարմ լոլիկով, գազարով և կանաչիով: Ընթրիքը սկսիր բանջարեղենի ապուրով կամ որպես առողջ ընթրիք միմիայն սալաթ կեր:
Պահպանիր առողջ սննդակարգ: Մինչ ուշադրություն ես դարձնում մրգերի և բանջարեղենի քանակը քո կերակրացանկում ավելացնելու վրա, պետք չէ մոռանալ այլ կերակրատեսակների մասին, առանց որոնց քո իմունային համակարգը չի կարող լիարժեք գործել: Առողջ սննդակարգը պետք է ներառի անյուղ միս, ձուկ, թռչնամիս, անյուղ կաթնամթերք, ցորենազգիներ, ընկուզեղեն և սերմեր. այս ամենի միասնությունը միայն կարող է ապահովել քո օրգանիզմի առողջ կենսագործունեությունը:
Սպիտակուցի աղբյուրները, ինչպիսիք են անյուղ միսը, կաթնամթերքը, ձուն, լոբազգիները, հատկապես կարևոր են, քանի որ դրանք ամինաթթուների աղբյուր են: Անյուղ միսը պարունակում է նաև երկաթ և ցինկ: Այդ միներալների պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել իմունային համակարգի խախտման:
Փոխարենը խուսափիր անառողջ սնունդ ընդունելուց: Հեռու մնա շաքարից, անառողջ յուղերից: Իսկ խուսափելու ամենալավ միջոցն աչքի առաջ առողջ սնունդ ունենալն է: Օրինակ՝ միշտ ձեռքի տակ ունեցիր առանց շաքարի չորացրած չրեր և ընդեղեն:
Օգտագործիր իմունիտետը բարձրացնող սնունդ
1. Վարսակ և տարեկան
Այս բույսերը պարունակում են բետա-գլյուկան, որն ունի հակամիկրոբային ազդեցություն: Մարդկանց մոտ դա բարձրացնում է իմունիտետը և նպաստում է վերքերի արագ բուժմանը:
Օպտիմալ չափաբաժինը: Առնվազն երկու օրը մեկ։
2. Սխտոր
Այս հզոր սոխազգին պարունակում է ակտիվ բաղադրանյութ' ալիցին, որը պայքարում է վարակների և բակտերիաների դեմ:
Օպտիմալ չափաբաժինը: Երկու պճեղ հում, ճզմած սխտոր' քո պատրաստած կերակրատեսակներում' շաբաթական մի քանի անգամ:
3. Ձուկ
Սելենիումը, որը մեծ քանակությամբ առկա է ձկնեղենում, նպաստում է արյան սպիտակ գնդիկների գործունեությանը, որոնք արյան մեջ ոչնչացնում են գրիպի վիրուսները: Ստերլեդը, սաղմոնը հարուստ են օմեգա 3 յուղերով, որոնք նվազեցնում են բորբոքային պրոցեսները, նպաստում թոքերում օդի փոխանակմանը' միաժամանակ պաշտպանելով դրանք ցրտից և շնչուղիների հիվանդություններից:
Օպտիմալ չափաբաժինը: Շաբաթական երկու անգամ (եթե հղի չեք կամ չեք պլանավորում երեխա ունենալ):
4. Հավի ապուր
Հավի ապուրը ձմռանը հիանալի միջոց է ցրտի, մրսածության և թոքերի բորբոքման դեմ: Մրսածության ախտանիշները ցույց են տալիս օրգանիզմի հակազդեցությունը շնչուղիներում սպիտակ բջիջների կուտակմանը: Ցիստեին ամինաթթուն, որն անջատվում է հավից եփվելիս, կանխում է շնչուղիներում սպիտակ բջիջների կուտակումը: Աղի արգանակը նույնքան լավ է բուժում հազը, որքան հատուկ դեղամիջոցները: Իսկ սխտոր կամ սոխ ավելացնելու դեպքում մեծանում է արգանակի իմունային հատկությունը:
Օպտիմալ չափաբաժինը: Միանգամից խմիր մի բաժակ տաք արգանակ' հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում:
5. Թեյ
Մարդիկ, որոնք օրական խմում են 5 բաժակ սև թեյ, ունեն 10 անգամ ավելի բարձր դիմադրողականություն, քան նրանք ովքեր պարզապես տաք ըմպելիք են օգտագործում: Ամինաթթուն, որը պատասխանատու է իմունիտետի բարձրացման համար, առատորեն առկա է սև և կանաչ թեյում: Կոֆեինազուրկ թեյում այն նույնպես առկա է:
Օպտիմալ չափաբաժինը: Օրական մի քանի բաժակ։ Գերադասելի է տերևներով թեյ, այլ ոչ թե՝ փաթեթիկներով:
6. Տավարի միս
Ցինկը մեծ կարևորություն ունի քո կերակրացանկում. այն պատասխանատու է արյան սպիտակ գնդիկների զարգացման-առաջացման համար, որոնք պայքարում են արյան մեջ օտար բակտերիաների և վիրուսների դեմ: Ցինկի պակասը ամենատարածված խնդիրներից մեկն է, հատկապես՝ բուսակերների մոտ: Անգամ ցինկի փոքր քանակությամբ նվազումը կարող է առաջ բերել վարակի հավանականություն:
Օպտիմալ չափաբաժինը։ Օրական 90 գրամ անյուղ միսն ապահովում է ցինկի օրական չափաբաժնի մոտ 30%-ը: Եթե մսակեր չեք, կերեք ցորենազգիներ, մածուն կամ կաթ օգտագործեք:
7. Գազար և բազուկ
Վիտամին A-ն կարևոր դեր է խաղում մաշկի հյուսվածքների ամրության համար: Վիտամին A ստանալու ամենալավ ձևերից մեկը բետակարոտինով հարուստ սնունդ ընդունելն է (գազար, բազուկ, գետնախնձոր), որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:
Օպտիմալ չափաբաժինը: Օրական 2-3 գազար կամ մի բաժակ բազուկի հյութ։