Aysor.am-ը գրում է.

Վաղուց ի վեր սեխը օգտագործվել է բժշկական նպատակներով: Այն խորհուրդ է տրվել նույնիսկ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա: Օգտագործվել է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց: Սեխի օգտագործումը նվազեցնում է սթրեսը, քանի որ պարունակում է մեծ թվով հակաօքսիդանտներ:

Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր թերությունները վերացնելու համար: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն:

Սեխի բաղադրության մեջ առկա են ազոտային նյութեր' 0.5-0.65%, բջջանյութ' 0.2- 0.35%, շաքարներ, կարոտին, պրովիտամին А, վիտամիններ В9, С, Р, Е, կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, պղինձ, ցինկ, երկաթ և մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը լավացնում է արյան մակարդելիությունը:

Նշենք, որ սեխի բուժիչ հատկությունները կախված են դրա հասունության աստիճանից: Կիսահաս սեխը կարող է վտանգավոր լինել և խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն խոց, սուր գաստրիտ:

Սեխը հակացուցված է կերակրող մայրերին, քանի որ կրծքով կերակրելու ժամանակ երեխայի մոտ կարող են լուրջ մարսողական խնդիրներ առաջանալ, նաև շաքարախտով հիվանդներին, ստամոքսի խոց և տասներկումատնյա աղիքի խնդիրներ ունեցող հիվանդներին, աղիքային խանգարումների, հատկապես դիզենտերիայի դեպքում:

Չի կարելի սեխն ուտել սոված ժամանակ, կաթնեղեն պարունակող սննդամթերքներից առաջ կամ հետո, ձվից հետո, ինչպես նաև չի կարելի սեխից հետո սառը ջուր խմել և համատեղել ալկոհոլային խմիչքների հետ: