Օրերս esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան Սոս Ջանիբեկյանն ու մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը բաժանվել են: Մեր հրապարակումից հետո մեկնաբանությունների բաժնում մի շարք մարդիկ գրել էին, թե Լյուսի Հայրապետյանն ամուսնացած է եղել: Լուրը ճշտելու համար խոսեցինք մանեքենուհու հետ: «Ես երբեք ամուսնացած չեմ եղել' ո՛չ օրինական, ո՛չ անօրինական' քաղաքացիական ամուսնությամբ: Նշանված ևս չեմ եղել, երեխաներ չունեմ: Ունեցել եմ ընկերներ, ում հետ հանդիպել եմ, բաժանվել, սակայն համատեղ կյանք չի եղել, նշանդրեք կամ ինչ-որ այլ բան՝ ևս»,- ասաց Լյուսին ու բացասական մեկնաբանություններ գրողներին խորհուրդ տվեց լավատես լինել և իրենց կյանքով ապրել:
Մանեքենուհուց հետաքրքրվեցինք' այժմ ընկեր ունի՞, ինչին, ի պատասխան, նա ասաց. «Ես չեմ շտապում այդ հարցում: Դժվար է որոշում կայացնելը, որովհետև մինչ ինչ-որ մեկն ընկերդ դառնա, շատ քայլեր պետք է անի, որպեսզի նրան ճանաչես: Թեկնածուներ միշտ կան, սակայն դա դեռ ընկեր լինելու գրավական չէ»:
Լյուսին որոշակի ժամանակ հանդես է եկել նաև «Եղբայրները» հեռուստասերիալում: Մանեքենուհու խոսքերով' նոր առաջարկներ ունեցել է և՛ սերիալում, և՛ գեղարվեստական ֆիլմում, և՛ թատրոնում խաղալու. «Իհարկե, խոսքը գլխավոր դերերի մասին չէ, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ և պատրաստ չեմ գլխավոր դերերի: Սերիալում չցանկացա նորից խաղալ, քանի որ ժամանակի խնդիր ունեի: Շուտով ավելի հստակ կհասկանամ, թե ինչ կանեմ»:
Լյուսին այժմ օդանավակայանում է աշխատում' հաշվառման բաժնում: Բացի այդ, նա այժմ կար ու ձև է սովորում ու հուսով է, որ հետագայում ատելյե կբացի. «Որպես մանեքենուհի' այժմ ավելի հաճախ ֆոտոսեսիաների եմ մասնակցում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ նոր կերպարներով ներկայանամ ու հասկանամ' որն է ինձ ավելի հարազատ: Ռուսաստանում գործող ընկերություններից մեկից էլ առաջարկ եմ ստացել, սակայն այժմ դեռ չեմ ուզում բարձրաձայնել դա: Մի քիչ տատանվում եմ, որովհետև եթե համաձայնեմ, պետք է գնամ դրսում ապրելու: Դեռ չեմ ուզում այս ամենը թողնել ու գնալ»: