Շուբիզնեսի ամենաքննարկվող զույգը վերջապես ամուսնացավ: Մարտինի ու Հռիփսիմեի հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց էին, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները զույգը խնամքով թաքցրեց անգամ նշանվելուց հետո և բացահայտեց ու իրենց սիրո մասին բացառիկ անդրադարձը հարսանիքի նախօրեին վստահեց սիրածդ ամսագրին: Հուլիսի 4-ին շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը' Մարտինն ու Հռիփսիմեն պսակադրվեցին և միմյանց ուրախության և տխրության, հիվանդության և առողջության պահերին տեր և հնազանդ լինելու խոստում տվեցին Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցում:
Երգչուհու դիմահարդարումը Մանե Սահակյանն է արել, իսկ վարսահարդարումը' Սեդրակ Ղամբարյանը:
- Երկար ժամանակ շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկն եք եղել, սակայն մշտապես չեք խոսել ձեր հարաբերությունների մասին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ համառ լռությունը:
Մարտին - Քանի որ մենք անկեղծ մարդիկ ենք, խոստացել ենք, որ լուրջ բան լինելու դեպքում կբացահայտենք այդ ամենը: Իրականում' այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքում տարածված էր մեր միասին լինելու մասին լուրը, մենք այդքան էլ միասին չէինք: Այդ շրջանում ընկերներ էինք, ավելին' քույր ու եղբոր նման: Ես նրան էի քրոջ պես սիրում, նա էլ ինձ' եղբոր նման: Իսկապես այդպես է եղել, այնուհետև այդ հարաբերությունները վերածվեցին զ•ացմունքի, որը երկուսիս մեջ էլ կար, բայց չէինք արտահայտում, որովհետև քույր-եղբայր հարաբերությունները մեզ շատ հաճելի էին: Երբ հասկացանք, որ մեր միջև ինչ-որ կապ կա, էլի ուզում էինք քույր-եղբայր մնալ: Այնուհետև նշանվեցինք, սակայն որոշեցինք մեր սիրո մասին խոսել ամուսնության ժամանակ:
Հռիփսիմե - Ինչպես Մարտինն ասաց, ի սկզբանե մեր ամենաարժեքավոր բաներից մեկն այն էր, որ որպես քույր ու եղբայր էինք, որը վերածվեց սիրո: Այս ամենից զատ' երկուսս էլ չենք սիրում հանրայնացնել անձնականը, որովհետև նախ պետք է ամեն բան լուրջ հիմքերի վրա դրված լինի: Կարծում եմ նաև, որ մեր գործունեության մեջ շատ ավելի հետաքրքիր փաստեր կան, որոնց մասին կարելի է խոսել ու քննարկել: Մեզ այնքան էին միացնում ու բաժանում, որ որոշեցինք չխոսել մեր հարաբերությունների մասին: Երբեք չենք հերքել, որ միասին ենք, ուղղակի շրջանցել ենք այդ հարցը: Եթե մի բան կա, չի կարելի հերքել, հատկապես քո ժողովրդին, ով սիրում ու գնահատում է քեզ:
- Կարելի՞ է ասել, որ տարածված խոսակցություններից հետո սկսեցիք միմյանց այլ աչքերով նայել:
Մարտին - Ոչ, այդիպի բան չկա:
Հռիփսիմե - Չեմ կարծում, որ ասելով ինչ-որ բան է լինում: Եթե ի վերուստ որոշված է լինում, որ երկու մարդ պետք է միասին լինեն, ապա ոչինչ չի կարող դրան խանգարել:
Հարսնաքույրը Հռիփսիմեի մտերիմ ընկերուհին էր' Սոնան, իսկ ազապը' Վարդանն էր' Մարտինի 15 տարվա ընկերը:
- Քանի՞ տարեկան է ձեր սերը: Ինչպե՞ս եք ծանոթացել:
Մարտին - Մոտ երեք տարի ընկերություն ենք արել: Շատ պատահական ենք ծանոթացել: Ես Հռիփսիմեին էի ճանաչում հեռուստատեսության միջոցով, ինքն էլ' ինձ: Մի օր գործնական նպատակով հանդիպեցինք. պետք է միասին երգեինք:
Հռիփսիմե - Եվ այդպես դարձանք քույր և եղբայր:
- Սիրո պատմությունն ինչպե՞ս սկսվեց: Սիրո խոստովանություն եղե՞լ է, թե առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր:
Հռիփսիմե - Առաջին անգամ սիրո խոստովանություն եղել է 2010-ի հոկտեմբերի 9-ին, երբ Մարտինն ինձ տուն էր տանում:
Մարտին- Ճանապարհին որոշեցի ասել, որ սիրում եմ իրեն:
Հռիփսիմե- Դրանից հետո արտասվելով տուն գնացի: Իսկ երբ տուն հասանք, մամաս դիմավորեց մեզ, իսկ Մարտինն ասաց' «Ինքն այլևս իմ քույրը չէ»: Հիշում եմ, որ հաջորդ օրը Հանրապետության հրապարակում Էրեբունի-Երևանի նվիրված համերգն էր, ու ահավոր ամաչում էի Մարտինից:
Զույգի քավորը Մարտինի երկար տարիների ընկերն էր' Արսեն Արշակյանը:
- Հռիփսիմե, իսկ Մարտինից սիրո խոստովանություն լսելը սպասելի՞ էր:
- Մինչ այդ բոլորը մեզ կողքից ասում էին, որ միասին ենք լինելու: Սպասելի էր, ուղղակի այդ պահին ստացվեց:
- Մինչ այդ երբևէ մտածե՞լ էիք, որ ձեր կողակիցը շոու բիզնեսից կլինի:
Մարտին- Հետաքրքիրը գիտե՞ք որն էր, որ Հռիփսիմեին համոզում էի, որ անհնար է սիրահարվեմ:
Հռիփսիմե - Ինքն ամեն օր ասում էր' գիտես ոնց եմ երազում սիրահարվել: Ես էլ ասում էի' վայ, Մարտ ջան, մի լավ, նորմալ աղջիկ կգտնենք, կսիրահարվես: Երկուսս էլ միշտ բացառել ենք շոու բիզնեսի ներկայացուցչի հետ ամուսնանալը: Նույնիսկ հարցազրույցներից մեկի ժամանակ Մարտինն ասել է, որ բացառում է, որ կողակիցը երգչուհի լինի:
- Ձեր հետագա հարաբերություններն ինչպե՞ս ընթացան: Ծանոթացաք միմյանց ընտանիքների հետ…
Մարտին- Մինչ այդ, Հռիփսիմեն որպես քույր մեր տուն էր եկել, ես էլ նրանց տուն էի գնացել: Գիտեք' ինչու ենք անընդհատ շեշտում միմյանց նկատմամբ քույր և եղբայր լինելու փաստը, որովհետև այդ շրջանը բավականին երկար է տևել: Մինչ այսօր էլ նա շատ դեպքերում էլ իմ քույրն է, ու առաջին հերթին մենք շատ լավ ընկերներ ենք:
- Անցած տարի նշանվեցիք, սակայն այդ մասին ևս չբարձրաձայնեցիք: Կպատմեք ե՞րբ է տեղի ունեցել Ձեր նշանադրությունը:
Հռիփսիմե- Նշանվել ենք 2012-ի մարտի 4-ին: Քանի որ երկուսս էլ տարբեր ամիսների չորսին ենք ծնվել, որոշեցինք այդ օրը նշանվել: Հետագայում որոշեցինք նաև հարսանիքը ամսի 4-ին անել: Նշանադրությունը մեր տանն արեցինք, քանի որ այդ շրջանում շատ էինք քննարկվում, ինչի պատճառով էլ խուսափեցինք մեծ նշանադրեքից:
Հարսի ծաղկեփունջը շատ գունեղ էր. այն կազմված էր գույնզգույն ու տարբեր ծաղիկներից, որոնք Հռիփսիմեն հայթայթել է դեկորատիվ ծաղիկների խանութից:
- Շատ զույգերի նման դուք էլ եք հաճախ վիճում: Եղե՞լ է շրջան, որ որոշ ժամանակ կռված եք մնացել:
Հռիփսիմե- Կարծում եմ' չկա աշխարհում միմյանց սիրող որևէ զույգ, որ չի վիճում: Առանց դրա մի տեսակ անհետաքրքիր կլինեն հարաբերությունները: Նույն ծնողներից ծնված երեխաներն են հաճախ վիճում, իսկ երկու տարբեր ծնողներից ծնված մարդիկ ինչպես կարող են չվիճել: Ինձ երբևիցե վեճերը չեն վախեցրել, որովհետև դրանք ավելի են ամրապնդում ու պարզաբանում են երկու մարդկանց հակադիր կողմերը. ավելի մաքուր հարթության վրա են դնում:
Մարտին- Ընթերցողներին խորհուրդ եմ տալիս չվիճել, որովհետև դրանք եթե ինչ-որ բաներ ամրացնում են, ապա շատ բաներ էլ քանդում են: Մենք այդքան էլ շատ չենք վիճել, բայց եղել է, որ 15 օր «կռված» ենք մնացել:
- Հաշտության առաջին քայլն ո՞վ է անում:
Մարտին- Ես եմ արել: Մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք, ովքեր չեն թողել մենք «կռված» մնանք: Հռիփսիմեն էլ է զիջող, չէ՞ կյանքս:
Հռիփսիմե- Հա :)
Հարսանիքից հետո Մարտինն ու Հռիփսիմեն ապրելու են իրենց առանձին բնակարանում, որը գնել են մոտ մեկ տարի առաջ:
- Կարող եք նշել, թե ձեզանից ո՞վ է ավելի խանդոտ:
Մարտին- Սկզբից ես եմ շատ խանդոտ եղել: Երկուսիս այժմյան խանդն էլ շատ սիրուն է:
Հռիփսիմե- Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու, օրինակ, չեմ խանդի, որ համերգի ժամանակ իրեն աղջիկներ մոտենան: Եթե գոյություն ունի խանդի զգացումը, ուրեմն դա նաև անհրաժեշտություն է:
- Երգչուհի հարսիկ ունենալու փաստը ինչպե՞ս ընդունեցին Ձեր տանը և ինչպիսի՞ հարաբերություններ ունեք միմյանց ընտանիքի անդամների հետ:
Մարտին- Շատ լավ: Փառք Աստծո, բոլորը Հռիփսիմեին շատ սիրում ու հարգում են, լսում են նրա երգերը:
Հռիփսիմե- Երկուսս էլ շատ լավ ենք ընտանիքների հետ, ինչը, կարծում եմ, կարևոր է նոր ընտանիք կազմելու համար:
- Խոսենք նաև հարսանիք մասին: Արդեն նշեցիք, որ ծրագրել էիք հարսանիքը որևէ ամսի 4-ին կազմակերպել: Շատ դժվար ու լարված էին նախապատրաստական աշխատանքները:
Մարտին- Անցած Նոր տարուն որոշեցինք, որ ամռանը պետք է ամուսնանանք: Սկզբում որոշեցինք հարսանիք չանել, այնուհետև' փոքր խնջույք կազմակերպել կամ Երուսաղեմում անել, բայց, ի վերջո հասկացանք, որ պետք է հայկական ավանդական հարսանիք անենք: Ամեն բան հեշտությամբ արեցինք մեր լավագույն ընկերների շնորհիվ:
Հռիփսիմե- Իսկ ես փոքրուց երազում էի հարսի զգեստ հագնելու ու Սուրբ Հռիփսիմեում պսակադրվելու մասին: Ինձ համար խնջույքն այնքան էլ նշանակություն չի ունեցել ու պետք է նշեմ, որ Մարտինն ամեն բան արել է, որ հարսանիքն իմ սրտով լինի:
Հարսանիքի գիշերը զույգն իրենց լավագույն ընկերների' կրկին նորապսակ Աննայի և Սանոյի հետ մեկնեցին Դոմինիկյան Հանրապետություն' վայելելու մեղրամիսը:
- Ձեր հարսանիքն իսկապես բոլոր ավանդույթներով էր…
Հռիփսիմե- Այո´, օրը սկսվել է զուռնա դհոլով հարսի տուն գալով, որից հետո գնացել ենք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնուհետև Մարտինենց տուն և ռեստորանային համալիր: Այդ ընթացքում էլ արել ենք ափսե կոտրելու, մեղր ուտելու արարողությունները:
- Խոսենք հարսի և փեսայի կերպարների մասին, ինչպես նաև, թե հարսանեկան ի՞նչ թեմատիկա էր ընտրված:
Հռիփսիմե- Իմ կերպարի մասին կարող եմ ասել, որ այն ստեղծելու հարցում ինձ շատ օգնել է ոճաբան Արայիկ Գաբաջյանը: Հարսի և փեսայի հագուստները կարել ենք eLSi նորաձևության տանը, որի համար ևս շնորհակալ եմ: Հարսանիքի թեմատիկան Մարիամ Աստվածածնի կերպարն է: Ողջ հարսանիքի հիմքում դրա խորհուրդն էր' մաքրությունը, աստվածայինն ու բարությունը: Այդ խորհուրդը նաև տարոսիկների տեսքով փոխանցեցինք հյուրերին: Դրանք Մարիամ Աստվածածնի պատկերով արծաթյա լանջազարդեր էին' պատված քաղցրավենիքով: Շատ գեղեցիկ էր նաև ռեստորանային համալիրի զարդարումը, որի հարցում մեզ օգնել են Ժորն ու Սոնյան:
Մարտին- Ես սև ու սպիտակ կոստյումով էի, որի ժիլետը հարսի զգեստի նախշերով էր:
Հռիփսիմեն անակնկալ էր պատրաստել Մարտինի համար: Ռեստորանային համալիրում նա կատարել է Վահրամ Պետրոսյանի գրած «Հարսի պար» երգը (գործիքավորումը' Կարեն Սևակի), որի մասին Մարտինը տեղյակ չէր: Բացի երգելուց, Հռիփսիմեն երգի ընթացքում նաև պարել է հարսի պարը, որը նախապես պարապել էր Վիկա Մարտիրոսյանի հետ:
- Ձեր հարսանիքին բավականին մեծ թվով հայտնիներ կային: Բոլորի հետ իսկապես մտերի՞մ եք:
- Այո, ներկա էին Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վահրամ Պետրոսյանը, Արամեն, Ռիչարդ Մադլենյանը, Ռաֆոն ու Անդոն, Լուիզա Ղամբարյանը, Արման, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Սարոն և այլ հայտնիներ, որոնց հետ իսկապես մտերիմ ենք: Պետք է նշեմ, որ մեր հարսանիքի թվով 400 հրավիրվածներն էլ առհասարակ մեզ շատ մտերիմ մարդիկ են:
Ընտանիքի համալրման մասին խոսելիս Հռիփսիմեն նշեց, որ ինքն էլ, Մարտինն էլ պաշտում են երեխաներին, բայց ժամանակը ցույց կտա, թե երբ կմայրանա:
Շնորհավորում եմ. Արևիկ Իսաջանյան