Հանրահայտ Կոկո Շանելի ծննդյան 130-ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 19-ին։ Դո՞ւր է գալիս մեզ արդյոք այն, ինչ անում է Կառլ Լագերֆելդը Chanel-ում, թե՞ ոչ, սակայն Կոկո Շանելին մենք շատ բանով ենք պարտական, եթե նույնիսկ դա չենք կասկածում։
Buro 24/7-ն ունի Շանելին սիրելու 10 պատճառ, ընդ որում՝ ոչ միայն նրա ծննդյան օրը։
1. Garçonne ոճի համար, որը հայտնի էր հետպատերազմյան 1920-ական թվականներին։ Տաբատ, վերնաշապիկ և պիջակ։
2. Թվիդե կոստյումներ, առանց որի չէին լինի Ժաքլին Քենեդու, Մարգարեթ Թետչերի, Լեդի Դիի, Նենսի Ռեյգանի զգեստապահարանները։
3. Chanel №5 օծանելիքի համար, որի մասին արդեն գրվել, ասվել և նույնիսկ նկարահանվել է։
4. Փոքրիկ սև զգեստի համար։ Այն կոչվում էր #817։
5. Շղթայից բռնակով պայուսակների համար։
6. Առանց փետուրների և զարդերի գլխարկների համար, առանց որոնց չէր լինում և ոչ մի գլխարկ՝ մինչ Շանելը։
7. Ասացվածքների համար. «Կինը պետք է այնպես հագնված լինի, որ նրան մերկացնելու ցանկություն առաջանա» կամ «Նորաձևությունը փոխվում է, ոճը՝ մնում»։ Կարելի է անվերջ թվարկել։
8. Համարձակության համար։ «Ես երբեք զգեստ չեմ նկարել, կյանքում ես ոչ մի էսքիզ չեմ արել։ Մատիտը ես օգտագործում եմ միայն աչքերս ընդգծելու և նամակ գրելու համար։ Ես ավելի շուտ կկտրեմ զգեստը, քան կնկարեմ։ Վերցնում եմ կտորը և կտրում։ Ամրացնում եմ մանեկենի վրա, և եթե ինձ դուր է գալիս արդյունքը, որևէ մեկը կարում է այն։ Եթե ինձ դուր չի գալիս, ես այն նորից եմ ամրացնում։ Եվ եթե կրկին դուր չի գալիս, նետում եմ այն և ամեն ինչ նորից սկսում։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ կարել չգիտեմ»,- ասել է Շանելը։
9. Սրամտության համար։ Պոլ Պուարեն մի անգամ հանդիպելով Շանելին, որը շատ էր սև գույն կրում, հարցրել է. «Դուք, հավանաբար, սգում եք։ Ո՞ւմ համար»։ «Ձե՛ր, իմ սիրելի»,- պատասխանել է Շանելը։
10. Առեղծվածային լինելու համար. ինչպես ասում էր Կառլ Լագերֆելդը, «նա առաջինը չէր, ով կտրեց մազերը (դա դերասանուհի Եվա Լավալյերն էր), սակայն դա այդքան էլ սարսափելի չէ։ Օրը ցերեկով զարդեր կրելու գաղափարը՝ իրական կամ կեղծ, նույնպես նրանը չէր. դա հորինել էր Միսյա Սերտը, սակայն դա նույնպես այդքան կարևոր չէ։ Սակայն նույնիսկ փոքրիկ սև շորը ոչ միայն Chanel-ինն է, այլև Vionnet-ինը»։ Ինչպե՞ս է նա կարողացել համոզել բոլորին աշխարհում, որ այդ ամենն արել է ինքը։ Հանելուկային կին։