Երեխայի տրամադրությունը կարող է փոխվել մեկ վայրկյանում.այս պահին նա ուրախ է, մյուս պահին՝ ձանձրացած, հետո՝ կամակոր: Ի՞նչն է խնդիրը, և ինչպե՞ս օգնել երեխային սովորելու սեփական էմոցիաները կառավարելու առողջ ձևը: Անկախ նրանից, թե ինչ է զգում երեխան, որպես ծնող՝ Ձեր առաջին գործը ապրումակցելն է (сопереживать):
Երեխան պետք է զգա, որ Դուք անտարբեր չեք՝ նրա հետ ինչ է կատարվում, և հասկանում եք նրան: Երբ ինչ-որ բան անհանգստացնում է երեխային, բնական է, որ ծնողի մոտ առաջանում է դա ուղղելու ցանկություն: Իհարկե գրավիչ է երեխայի տխրությունը պաղպաղակով և թխվածքաբլիթով հաղթահարելը կամ բարկության պահին նրանց ուշադրությունը հեռուստացույցով ու խաղերով շեղելը, բայց դիմադրե՛ք այդ ցանկությանը:
Քաղցր ու առհասարակ անառողջ սնունդը և հեռուստացույցի առջև անցկացրած երկար ժամերը կարող են նպաստել երեխայի քաշի ավելացմանն ու ճարպակալմանը: Բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան իրոք ճգնաժամի մեջ է, լավ կլինի, թույլ տաք նրան գտնել իր սեփական լուծումներն ու ինքնուրույն հաղթահարել իրավիճակը:
Տխրությունը բնական զգացում է, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք այդ հոգեվիճակում: Կարևորն այն է, որ ընդունեք սա և պարզապես փորձեք պարզել՝ ինչն է տխրեցնում Ձեր երեխային: Բայց, ամեն դեպքում, մի՛ փորձեք ինքներդ լուծել խնդիրը կամ միանգամից բարձրացնել երեխայի տրամադրությունը. նա պետք է ձևավորի իր զգացումները տարբերակելու և հաղթահարելու հմտությունները:
Օգնե՛ք երեխային ընկալել հույզերի նշանակությունն և ձևակերպել դրանք. օրինակ՝ ''համոզված եմ, որ տխրեցիր, երբ ընկերդ այսօր հրաժարվեց խաղալ քեզ հետ'': Եթե կարողանում ենք գիտակցել ու անվանել զգացումը, կարողանում ենք նաև սանձել այն: Բացատրե՛ք երեխային, որ բնական է երբեմն վատ տրամադրություն ունենալը, միասին փորձեք գտնել ինչ-որ բան, որը կօգնի նրան լավ զգալու: Առաջարկե՛ք միասին զբոսնել կամ ֆիլմ դիտել: Երեխան կհետևի ձեր օրինակին, եթե առաջնորդեք իրեն: