Եթե սիրում ես խնջույքների մասնակցել կամ պարզապես շփվող անձնավորություն ես, հավանաբար ընկերներդ հաճախ են առանց զգուշացնելու այցելում քեզ, այնպես չէ՞: Երբեմն դա լինում է ճիշտ ընթրիքի կամ ճաշի ժամին, և միանգամից հարց է առաջանում՝ «Ի՞նչ հյուրասիրել»... Կամ գուցե պարզապես ցանկանում ես սիրելիիդ համար չինական ընթրիք կազմակերպել, մինչդեռ շատ քիչ ժամանակ ունես...

Երկու դեպքում էլ չինական խոհանոցի' հեշտ պատրաստվող բաղադրատոմսերը շուտով քո և սիրելիիդ ամենանախընտրելի ուտեստները կդառնան: Դրանք վստահաբար դուր կգան նաև ընկերներիդ: Նրանք դեռ երկար կհիշեն այս ուտեստները, որոնց պատրաստման համար ընդամենը 30 րոպե է հարկավոր:

Բանջարեղենով բրինձ

3-4 հոգու համար'

1 բաժակ բրինձ (տիբեթյան)
2 հատ միջին չափի գազար
1/4 փոքր սպիտակ կաղամբ
150 գր սպիտակ սունկ
100 գր պահածոյացված եգիպտացորեն
1,5 թեյի գդալ ձիթապտղի յուղ
3 թեյի գդալ սոյայի սոուս (ոչ շատ խիտ)
աղ
կարմիր և սև պղպեղ
կոճապղպեղի (имбирь) փոշի
սխտորի փոշի

Բրինձը եփիր միկրոալիքային վառարանում կամ գազօջախի վրա: Եթե բրինձը պատրաստում ես միկրոալիքային վառարանում, 1 բաժակ բրնձին ավելացրու 1,3 բաժակ ջուր: Որպեսզի առավել համեղ լինի, ջրի փոխարեն կարող ես ավելացնել ցանկացած բուսական արգանակ և եփել 15 րոպե:

Գազօջախի դեպքում 20 րոպե կպահանջվի, և հարկավոր է 1 բաժակ բրնձին ավելացնել 2 բաժակ ջուր:

Հիշիր՝ բրինձը ոչ մի դեպքում չպետք է չափից շատ եփել, քանի որ այն դեռ հարկավոր է բանջարեղենով տապակել: Նաև պետք չէ ավելացնել բուսական յուղ կամ կարագ։

Նախ տաքացրու թավան, ավելացրու 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, ապա գազարը և 2 րոպե տապակիր, որից հետո ավելացրու կաղամբը և սունկը' տապակելով 3-4 րոպե:

Այժմ ավելացրու կոճապղպեղի փոշին, սխտորի փոշին և պղպեղը: Շարունակաբար լավ խառնիր:
Այժմ բրինձն ավելացրու բանջարեղենին: Սա ևս անընդհատ խառնիր, այլապես բրինձը կկպչի թավային: Տապակիր 1-2 րոպե, ապա ավելացրու եգիպտացորենը և կրկին խառնիր:
Այժմ կարող ես տաքությունը միջին աստիճանի անել: Ավելացրու սոյայի սոուսը' շարունակելով խառնել ևս 1-2 րոպե:
Ահա, կարող ես արդեն մատուցել: Այս ճաշատեսակը հատկապես համեղ է, երբ մատուցվում է թարմ կանաչ սոխի հետ: Վերջինն, անշուշտ, քո նախապատվությամբ:

Հավ և հնդկական ընկույզ (քեշյու)' չինական ոճով

2-3 հատ հավի կրծքամիս (առանց կաշվի և ոսկորի)
1 ձու
1 թեյի գդալ եգիպտացորենի (կամ ցորենի) ալյուր
70 գր հնդկական ընկույզ
1 կանաչ պղպեղ
կարմիր չիլի պղպեղ (չորացրած կամ փոշի)
50 մլ տեկիլա
20 մլ կարմիր գինի
1/2 թեյի գդալ քացախ
ձիթապտղի յուղ
կոճապղպեղի (имбирь) փոշի
սխտորի փոշի

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատիր, համեմիր աղով, կարմիր պղպեղով, սխտորի փոշիով և կոճապղպեղի փոշիով:
Պատառաքաղով հարիր ձուն և ավելացրու ալյուրը:
Հավի համեմված կրծքամիսն ավելացրու ձվի զանգվածին և լավ խառնիր:
Թավան ուժեղ կրակի վրա տաքացրու, ապա ավելացրու ձիթապտղի յուղը և հավի կտրատած կրծքամիսը' 2-4 րոպե լավ խառնելով, մինչև բոլոր կտորները փափկեն և սպիտակ գույն ստանան: Ձեթը հեռացնելու համար տապակած միսը դիր թղթե անձեռոցիկի վրա:

Պղպեղը խորանարդաձև կտրատիր և տապակիր 4-5 րոպե: Այնուհետև ավելացրու հավի կրծքամիսը, տեկիլան, կարմիր գինին և մանր կտրատած չիլի պղպեղը: Լավ խառնիր' 3-4 րոպե թողնելով միջին աստիճանի կրակի վրա:

Այդ ընթացքում առանձին թավայի մեջ մի փոքր ձիթապտղի յուղով 2-3 րոպե տապակիր հնդկական ընկույզը: Ապա ընկույզն ավելացրու հավի կրծքամսին' տապակելով ևս 1-2 րոպե:

15 րոպե անց ուտեստը պատրաստ է:

Բանանով տորթ (թխվածք)

4 հոգու համար'
200 գր թխվածքաբլիթ (օրինակ՝ «Юбилейное»)
100 գր մանրացրած ընկույզ
80 գր կարագ
200 գր կաթնաշոռ
1 բանան
1/3 բաժակ շաքարավազ
1 ձու
100 գր շոկոլադ
30 գր սերուցք

Թխվածքաբլիթը լավ փշրիր (այն պետք է նույնչափ մանրացված լինի, որչափ ընկույզը, գրեթե փոշու վերածված): Մասսան խառնիր 50 գր կարագի հետ:

Վերցրու 20-22 սմ տրամագծով թավա, թղթով պատիր թավայի հատակը և կողային հատվածը: Թխվածքաբլիթների մասսան տեղադրիր թավայի մեջ և ամուր սեղմիր, որպեսզի ձևավորվի հարթ խմոր: Խմորի ծայրերը կարող ես թխվածքաբլիթով պատել' ստեղծելով բարձր եզրեր:

Թավան 3 րոպեով դիր նախապես 180˚C տաքացրած ջեռոցում:
Ձուն և շաքարավազը հարիր, ավելացրու կաթնաշոռը և բանանի 2/3-րդը: Շարունակիր հարել մինչև սերուցքանման ամբողջական մասսա ստանալը:

3 րոպե անց ջեռոցից հանիր թխվածքը, ավելացրու կաթնաշոռով խառնուրդը և 10 րոպեով նորից տեղադրիր ջեռոցում: Տորթը պատրաստ կլինի, երբ կաթնաշոռը չորանա:
Սերուցքը եփիր, հեռացրու կրակից, ավելացրու շոկոլադն ու կարագը, ապա լավ խառնիր: Թող, որ 10 րոպե սառչի, ապա սերուցքը լցրու տորթի վրա և զարդարիր բանանի շերտով կամ սպիտակ շոկոլադով:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի