Ամերիկյան Heart Association journal պարբերականում նոր հետազոտություն է հրապարակվել, որի համաձայն՝ միջին տարիքի տղամարդկանց մոտ, ովքեր չեն նախաճաշում, ավելի մեծ է սրտի կաթված ստանալու կամ սրտի հիվանդությունից մահանալու վտանգը: Հետազոտության արդյունքները ներկայացնում է Business Insider-ը:
Նշվում է, որ հետևողականորեն նախաճաշելը նպաստում է երեխաների և մեծահասակների մտավոր առողջությանը: Մասնագետները նշում են, որ կանոնավոր նախաճաշը օգտակար ազդեցություն է թողնում ընդահանուր առողջական վիճակի վրա՝ կարգավորելով արյան ճնշումն ու խոլեստերինի պարունակությունը արյան մեջ: Մասնագետները նշում են նաև մի քանի հետևանքներ՝ ինչի կարող է հանգեցնել չնախաճաշելը:
Նախաճաշն անտեսելը գիրացնում է: Նրանք, ովքեր բաց են թողնում նախաճաշն առավոտյան, սովորաբար չափից շատ են ուտում կեսօրին, ինչը բերում է օրգանիզմում յուղային բջիջների զարգացմանը նպաստող հորմոնի առաջացմանը:
Մարդը դառնում է ավելի մոռացկոտ: Հետազոտությունը պարզել է, որ այն աշակերտները, ովքեր առավոտյան նախաճաշում են, ավելի լավ հիշողություն են ունենում, քան նրանք, ովքեր չեն նախաճաշում:
Չնախաճաշելը բարձրացնում է շաքարախտ ձեռք բերելու հավանականությունը: Կանոնավոր կերպով նախաճաշից հրաժարվող կանայք շաքարախտով հիվանդանալու վտանգի առաջ են կանգնում:
Չնախաճաշելը բացասական տրամադրություն է ստեղծում: Նախաճաշը պարունակում է վիտամիններ, միներալներ և օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրը լավ տրամադրությամբ սկսելու համար: Օրը դատարկ ստամոքսով սկսելը օրվա ընթացքում հանգեցնում է հոգնածության և վատ տրամադրության: Ըստ հետազոտության ադյունքների՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր նախաճաշում են, ավելի դրական են տրամադրված շրջապատի հանդեպ: