Նա ամբողջ կյանքում ապացուցում է, որ իր անունը' Սոֆին (հունարենից թարգմանաբար' իմաստնություն), իրոք ճիշտ է ընտրված: Շատերն են գեղեցկության մրցույթների թագ ստանում ու սեքս-խորհրդանիշ ճանաչվում, բայց նրանցից քանի՞սն են նաև իմաստուն, քանի՞սն են, որ մտել են կինոյի անմահ պատմություն ու 70 տարեկանից հետո էլ դեռ գեղեցկուհի են համարվում... Քչերը: Ու այդ քչերից է նա' ամենագեղեցիկ իտալուհին, տաղանդավոր դերասանուհին' Սոֆի Լորենը:
Սոֆիյա Վիլաննի Շիկոլոնեն ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 20-ին Հռոմում: Նա բոլոր ամենահայտնի կինոմրցույթների դափնեկիր է' Կաննի, Վենեցիայի,Մոսկվայի, Բեռլինի: 5 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի». օտարալեզու ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջին դափնեկիրն է: Նրան տրվել է նաև օսկարյան հատուկ մրցանակ' «Կինոմատոգրաֆիային փայլ հաղորդող ու հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպմամբ:
Կինոէկրանից ժպտացող Լորենին շատերն են նախանձում ու չեն էլ պատկերացնում, թե ինչերի միջով է անցել դերասանուհին ու ինչեր է հաղթահարել այդտեղ հասնելու համար: Մի առիթով հենց ինքն է ասել. «Երբ որևէ դեր խաղալիս պետք է լինում տխուր տեսարան նկարահանել, ես մանկությունս եմ հիշում: Զգացողությունն ինքն է գալիս, իսկ ֆոտոխցիկը ընդամենը ֆիքսում է այն»:
Նրա մայրը' Ռոմիլդա Վիլանին, սկսնակ դերասանուհի էր, երբ ցանկացավ մասնակցել քաստինգի ու դառնալ Գրետա Գարբոյի փոխարինողը, բայց հղիությունը խանգարեց: Նա լույս աշխարհ բերեց Սոֆիյային' հույսով, որ աղջնակի հայրը' ինժեներ Ռիկարդո Շիկոլոնեն, կամուսնանա իր հետ: Բայց վերջինս կյանքն ամուսնությամբ սահմանափակելու մտադրություն չուներ: Ռոմիլդայի հույսը, սակայն, չէր մարում: Ռիկարդոյից նա ևս մեկ աղջիկ ունեցավ' Աննա- Մարիային: Շուտով, իհարկե, պարզ դարձավ, որ Ռոմիլդան այդպես էլ միայնակ մայր է մնալու, իսկ նրա երկու երեխաներին տարիներ շարունակ տանջելու են կարիքն ու սովը: «Մանուկ հասակում ինձ ամենուր վախն էր ուղեկցում, - հետագայում հիշել է Սոֆի Լորենը: - Ես վախենում էի, որ էլի ուտելու բան չենք ունենա: Վախենում էի, որ դպրոցում երեխաները կծիծաղեն վրաս, որովհետև ես ապօրինի կապից ծնված երեխա էի»:
Շիկոլոնեի տանը որևէ բան չկար, անգամ՝ մահճակալ երեխաների համար: Երեքով մի մահճակալի էին քնում և այն էլ շատ շուտ' տանջող սովը չզգալու համար: Սոֆիյան ու քույրը խաղալիքներ չունեին: Նրանք հացից տիկնիկներ էին պատրաստում իրենց համար, իսկ երբ շատ էին քաղցում, ուտում էին խաղալիքները:
Այս ամենը, բնականաբար, բերեց նրան, որ Սոֆիյան 6 տարեկանում արդեն հասուն մարդու պես էր դատում: Հատկապես, որ այդ տարիներին նրա աչքի առաջով էին անցնում պատերազմի ահավոր տեսարանները: Նա շատ շուտ բախվեց կյանքի դժվարություններին ու շուտ էլ սովորեց դրանք հաղթահարելու ձևը. «Չընկճվել, անհաջողություններից ողբերգություն չսարքել, համառ ու դիմացկուն լինել ու, իհարկե, համբերել ու մեկ անգամ ևս համբերել»:
Նա համբերեց: Պատերազմը շուտով ավարտվեց ու Շիկոլոնեի փոքրիկ ընտանիքը համեմատաբար լավ շարունակեց իր գոյությունը: Ռոմիլդան, ում այդպես էլ չվիճակվեց դերասանուհի դառնալ, 14-ամյա Սոֆիյայի մոտ նկատեց դերասանական ջիղը ու բոլոր հնարավորությունները ներդրեց իր չիրականացած երազները աղջկա մեջ վերակենդանացնելու համար: Հենց այդ տարիքում Սոֆիյան մասնակցեց Պոցուոլի փոքրիկ քաղաքում մի գեղեցկության մրցույթի ու հաղթեց: Հաջորդ քայլը փառքի ճանապարհին «Միսս Իտալիա» մրցույթն էր, որտեղ նա արժանացավ «Միսս էլեգանտություն» կոչմանը, որը ժյուրին ստեղծեց նրա համար:
Գեղեցկուհու համբավը, սակայն, այն չէր, ինչ փնտրում էր Սոֆիյան: Նա դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալու մասին: Գուցե դեռ չգիտեր, որ իր դերասանական ուղին անցնում է գեղեցկության մրցույթի բեմով:
Մի անգամ երեկոյան Սոֆիյան իր ընկերուհիների հետ գնաց ակումբ, որտեղ պետք է անցկացվեր «Միսս Հռոմ» գեղեցկության մրցույթը: Հանկարծ նա իր հետևում զգաց մի տղամարդու անքթիթ հայացք. դա հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիի հայացքն էր: Ուղղակի ապշած երիտասարդ գեղեցկուհու արտաքինով' Պոնտին ոչ ավել ոչ պակաս առաջարկեց նրան հանպատրաստից մասնակցել գեղեցկության մրցույթին: Ինքն էլ զարմանալով' Սոֆիյան ընդունեց առաջարկը և հայտնվեց երկրորդ հորիզոնականում:
Այսպես էլ ամեն ինչ սկսվեց:
Պոնտին այդ ժամանակ ամուսնացած էր, իսկ կաթոլիկի համար այդ տարիներին բաժանվելը ամենաբարդն էր բոլոր հնարավոր բաներից: Չկարողանալով սպասել, թե երբ Վատիկանը կբաժանի իրեն կնոջից' Պոնտին գաղտնի ամուսնացավ իրենից 22 տարով փոքր Սոֆիյայի հետ Մեքսիկայում: Երկար սպասված ապահարզանը ստանալուց անմիջապես հետո'1966 թ-ի ապրիլի 9-ին, զույգը երկրորդ անգամ գրանցեց իր ամուսնությունը:
Պոնտին միանգամից դարձավ Սոֆիյայի պրոդյուսերը ու նրան մտցրեց մեծ կինո: Այստեղ, սակայն, բոլորը չէին, որ ոգևորվեցին վերջինիս գեղեցկությամբ: «Չափազանց երկար քիթ, ահավոր մեծ շրթունքներ». Պոնտիի գործընկերները պնդեցին, որ Սոֆիյան գնա վիրահատության, բայց ապարդյուն: Նա չէր էլ մտածում արտաքինը փոխելու մասին, «տիրապետում էր» թե' քթին, թե' շուրթերին, և պատահական չէ, որ հենց այդպես էլ նա դարձավ 50-ականների սեքս-խորհրդանիշը:
Սրան, իհարկե, մեծապես նպաստեց այն, որ ամուսինն ու պրոդյուսերը նրա համար գտնում էր հիմնականում «սեքս-բոմբայի» դերեր: Նկարում էր նրան բաց տեսարաններում, էկզոտիկ միջավայրում: Ավելի ուշ նա գնեց բոլոր այն ֆիլմերն ու նկարները, որտեղ կինը մերկ էր՝ չվնասելու համար նրա ձեռք բերած անվանը:
Այս տարիներին էր, որ Սոֆիյան երկու անգամ փոխեց անունը: Նախ նա նկարվեց Սոֆիյա Լադզարո անվամբ, ապա, ամուսնու պահանջով, գրանցվեց որպես Սոֆի Լորեն:
Համաշխարհային ճանաչումը չշտապեց Լորենի մոտ: Դրա համար վերջինս դեռ պիտի ծանոթանար հայտնի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի հետ: Իր բոլոր ամենահայտնի դերերը Լորենը խաղացել է հենց նրա ֆիլմերում' «Չոչարա», «Երեկ, այսօր, վաղը», «Իտալական ամուսնություն», «Արևածաղիկներ» և այլն:
Նշված վերջին երեք ֆիլմերում, ի դեպ, Սոֆի Լորենը խաղացել է իր ամենահաջողված գործընկերոջ' Մարչելո Մաստրոյանիի հետ: Լորենն ու Մաստրոյանին համաշխարհային կինոմատոգրաֆիայի ամենահաջողված զույգերից են համարվում մինչ օրս:
Գուցե Սոֆի Լորենը երբեք էլ չդառնար այն, ինչ դարձավ, եթե չլիներ դե Սիկան: Մի առիթով հենց դերասանուհին է խոստովանել. «Նա միայն ինձ հանդիպած ամենալավ ռեժիսորը չէ, ում առաջ ես խոնարհվում եմ: Դե Սիկան ինձ համար ավելին է. նա իմ հայրն է, իմ ուսուցիչը: Ես նրան պարզապես պաշտում եմ: «Ուղղակի գեղեցիկ աղջկա» արտաքինի տակ նա տեսավ իմ տաղանդը, սովորեցրեց ինձ աշխատել: Նա ստեղծեց Սոֆի Լորենին»:
Դե Սիկան էլ իր հերթին հրաշք է համարել Լորենին. «Նա տարբեր է: Տարբեր է պահում իրեն ու զարմացնում ինձ նրանով, ինչով չի զարմացրել երբեք որևէ ուրիշ կին: Ես նայում եմ նրա դեմքին, աներևակայելի աչքերին ու հասկանում' նա հրաշք է»:
Հենց դե Սիկան էլ բացեց նրա առաջ դռները դեպի Հոլիվուդ, որտեղ առաջին ֆիլմը, որում նա դեր ստացավ, «Հպարտություն ու կիրք»-ն էր: Երբ Լորենին հայտնեցին, որ այդ ֆիլմում ինքը պիտի նկարահանվի Ֆրենկ Սինատրայի ու Կերի Գրանտի հետ, նա ապշեց. «Երբ լսեցի այդ անունները, քիչ էր մնում ուշագնաց լինեի: Ես' փոքրիկ Սոֆիյա Շիկոլոնեն, պիտի կողք կողքի խաղամ մանկությանս երազների տղամարդկանց հետ մի ֆիլմում, որի բյուջեն միլիոնավոր դոլարներ է կազմում»: Այս ֆիլմը ճանաչել տվեց Սոֆի Լորենին որպես լուրջ դերասանուհու: Նկարահանումների ընթացքում նա մտերմացավ Սինատրայի հետ, իսկ Գրանտի ու նրա միջև սիրավեպ սկսվեց, որ ավարտվեց ամուսնության առաջարկով, բայց Լորենը արդեն գտել էր իր կյանքի տղամարդուն' Պոնտիին, և ուրիշ մեկի կարիքը չուներ:
Հետո հաջողությունն ինքը սկսեց հետևել Լորենին, բայց միայն կինոյում: Երջանիկ կարիերան երջանիկ անձնական կյանք չպայմանավորեց: Ամբողջ այդ ընթացքում Լորենը երազում էր երեխաների մասին. «Երեխան այն է, հանուն ինչի կարելի է կին ծնվել: Նա մեր կյանքի շարունակությունն է»: Երեխա ունենալ, սակայն, նրան հաջողվեց միայն երկար բուժումներից հետո' 1968 թվականին: Առաջնեկին կնքեցին հոր անունով: Հետո, չնայած բժիշկների թույլտվությունը չստանալուն, Լորենը լույս աշխարհ բերեց երկրորդ որդուն:
Սկսած 70-ականներից Սոֆի Լորենը կրճատեց իր ակտիվ գործունեությունը կինոաշխարհում: Այդ ընթացքում, սակայն, հասցրեց երկու ինքնակենսագրական գիրք գրել:
Նրա սերն առողջ ապրելակերպի նկատմամբ կարող է զարմանք առաջացնել: Բավական է նշել միայն, որ 22 տարեկանում 96,5 - 61 - 96,5 չափերով գեղեցկուհին 50 տարեկանում ունեցել է 91,5 - 61 - 96 չափերը, իսկ 72 տարեկանում ամբողջովին մերկ' միայն ադամանդե ականջօղերով, նկարվել է «Պիրելլի» օրացույցի համար:
Իսկ հիմա՞: Հիմա նրա երկու որդիները մեծացել են: Կարլոն Վենական նվագախմբի դիրիժոր է, իսկ Էդուարդոն' ռեժիսոր:
2007 թվականին այս արվեստասեր ընտանիքը կորցրեց հորը' Կարլո Պոնտիին, ով վախճանվեց հունվարի 10-ին' 94 տարեկան հասակում:
Իսկ Սոֆի՞ն: Ասում են' նա երազում է միայն մի բան' խաղալ Աննա Կարենինա և Կատյուշա Մասլովա («Հարություն» վեպից):
Հայտնի փաստ է, որ արքեպիսկոպոս Գենուին մի անգամ կատակով ասել է. «Չնայած Վատիկանը կատեգորիկ դեմ է մարդու կլոնավորմանը, բայց, կարծում եմ, միայն Սոֆի Լորենի համար կարելի է բացառություն անել»:
Գեղեցկությունն արժե, որ նրա համար պայքարես:
Չկա ավելի հմայող միջոց, քան պարզպես սեփական ձեռքերով եփված սուրճը: Բավական է, որ տղամարդը մեկ անգամ այն փորձի, և նա քոնն է:
Եթե կարողանաք պահպանել Ձեր մեջ երեխայի հոգին, վստահ եղեք, որ «Լավագույնը դեռ առջևում է» սկզբունքը գործելու է ցանկացած տարիքում:
Մայրը պետք է երկու անգամ մտածի: Մի անգամ իր, մյուս անգամ' երեխայի փոխարեն:
Գեղեցկությունը զգացողություն է և արտահայտվում է աչքերում: Այն նյութական երևույթ չէ:
Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին' առանձնացնում ամբոխից: Եվ միայն հմայքով օժտվածներին է, որ տղամարդիկ չեն մոռանում:
Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի վրա, իսկ արդյունքում' նաև կյանքի:
Դժվար է անկրկնելի լինել, երբ ալարկոտ ես:
Պարզությունը էլեգանտության ողջ իմաստն է:
Կինը, որ չի սիրում իր տղամարդու թերութունները, չի սիրում այդ տղամարդուն:
Էլեգանտության ձայնը բարձր չէ:
Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որ երբեք չեն լացել:
Կինը, որ վստահ է՝ ինքը գեղեցիկ է, ի վերջո կապացուցի դա բոլորին:
Լարա Առաքելյան