«Նոր ալիք-2013» երգի մրցույթում սկանդալները շարունակվում են: Կարծես թե քիչ էր, որ ռուսական էստրադային երգչուհի Անաստասիա Ստոցկայան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի առթիվ, որ, չլինելով մասնակից, պարտավոր է կենդանի կատարմամբ հանդես գալ, հիմա էլ ժյուրիի կազմից դուրս է բերվել իտալացի լեգենդար երգիչ Տոտո Կուտունյոն: Այս մասին Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է ժյուրիի անդամ Վալերի Մելաձեն:

Թե ինչն է պատճառը, հիմնավոր ոչ մի փաստ չի ներկայացվում, սակայն բավական է միայն հիշել, որ մրցույթի 2-րդ փուլում հենց Տոտո Կուտունյոն էր 8 միավոր գնահատել Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Կատամաձեի ելույթը: Ինչպես երևում է, Մելաձե եղբայրներին դուր չի եկել այս հանգամանքը:

Առաջին փուլում Վալերի Մելաձեն բավական ցածր էր գնահատել Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանի ելույթը, իսկ 2-րդ փուլում Էրիկի հետ փայլուն կատարումը դուր չէր եկել նրա եղբորը' Կոնստանտին Մելաձեին:

Այսօր մասնակիցները հանդես կգան եզրափակիչ փուլում' կատարելով իրենց երգացանկի երգերից երևէ մեկը: Դժվար է ենթադրել, թե իրադարձություններն ինչպիսի հունով կընթանան, առավել ևս, որ հաղթելու հնարավորություններ ունեն Կուբայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Դժվար է պատկերացնել, որ ժյուրիի կազմում կան ավելի պրոֆեսիոնալ երգիչներ, ինչպիսին Տոտո Կուտունյոն է և նրան հասնելու համար նույն Վալերիան, Վալերի Մելաձեն և Լայմա Վայկուլեն դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց, այստեղ ամեն ինչ որոշում են կազմակերպիչները և արդյունքը տեսանելի է…

Ամեն դեպքում' հաջողություն մաղթենք Մերի Մնջոյանին, ով արդեն իսկ ապացուցել է, որ փայլուն տաղանդ ունի և կատարողական բարձր վարպետություն: Հուսանք, որ ականատես կլինենք առողջ ու արդար պայքարի:

 

 

Հռիփսիմե Ղազարյան