Երբ լավագույն ընկերուհիդ արդեն ընկեր ունի
Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում վայելող «Լավագույն ընկերուհիներ» նոր շոուն իր ընկերուհուն վերահսկել փորձող մի աղջկա մասին է: Այդ պատմությունը հիմնված է շոուի համահեղինակ, աստղ Ջեսիկա սնթ. Քլերի կյանքի իրական պատմության վրա: Ներկայացնում ենք այդ պատմությունը՝ հենց աստղի շուրթերով:

Ավագ դպրոցի առաջին տարվա այն օրը, երբ ես հանդիպեցի իմ ապագա լավագույն ընկերուհի Բրենդիին, սանրվածքս հիշեցնում էր Հյու Գրանտի սանրվածքը' «Չորս հարսանիք և մեկ թաղում» ֆիլմից, իսկ նա կրում էր բոուլինգի սրահից գողացված կոշիկ: Դա սեր էր առաջին հայացքից: Եվ մեր «ընկերությունն» այդ օրից ի վեր ավելի է ամրացել: Խոսում ենք օրվա մեջ մի քանի անգամ, կազմակերպում միմյանց համար ծննդյան ամենայուրօրինակ անակնկալները և անգամ որոշել ենք, որ ծերությունն անցկացնելու ենք միասին Բոկա Ռեյտոնում' համեստ կահավորված բնակարանում:

Երբ 20 տարեկան էինք, ես և Բրենդին ապրում էինք միմյանցից 10 թաղամաս հեռավորության վրա: Ես ապրում էի ընկերոջս հետ, ով այժմ իմ ամուսինն է և ով դեռ ամենասկզբից սովորել էր սիրել Բրենդիին որպես իր կնոջ պլատոնական ընկերուհու: Բրենդին ապրում էր մենակ: Ես հաճախ էի լրացնում նրա ընտանեկան բացն ու մենությունը: Չեմ ուզում պարծենկոտի տպավորություն թողնել, բայց ես վարպետ եմ ընտանեկան խնջույքներ կազմակերպելու գործում: Նրա բնակարանն ինձ համար ապահով տան պես էր, մի վայր, որտեղ կարող էիր վրադ գցել թեթև սպորտային հագուստ և վայելել քո սիրած ֆիլմերը: Բայց հետո Բրենդին հանդիպեց Ջոյին: Նա իրենց առաջին ժամադրության ժամանակ զուգարանից զանգահարել էր ինձ' ասելու, որ այդ Ջոյի խելքը տեղը չէ, քանի որ վերջինս Բրենդիին ասել էր, թե շատ է հավանում իրեն: Այդ ժամանակ վստահ էի' նա հենց այն մեկն էր: Արդյո՞ք ես ուրախ էի, որ ընկերուհիս գտել էր մեկին, ով կգնահատեր նրա մաքրությունն ու հոգ կտաներ նրա մասին:

Անկասկած երջանիկ էի... բայց ընդամենը առաջին հինգ րոպեներին: Բրենդին սկսեց զանգերիս պատասխանել հինգերորդ անգամից, իսկ երբ պատասխանում էր, պատկերացնում էի' ինչպես են Ջոյի հետ միասին նստած, և վերջինս լսում է մեր խոսակցության ամեն մի բառը: Ես սկսել էի յուրաքանչյուր հեռախոսազանգից առաջ ասել. «Սա Ջոյին չասես...»: Ամուսինս ու ես տեղափոխվեցինք Լոս Անջելես։ Այդ նույն շրջանում Ջոյն ու Բրենդին սկսեցին միասին ապրել: Մեկ ամիս անց մեկնեցի Նյու Յորք և որոշեցի հյուրընկալվել նրանց տանը: Սարսափելի կարոտել էի նրան, նրա տաքուկ բնակարանը, և միակ բանը, որ ցանկանում էի, Բրենդիի անկողնում թավալ տալն էր (ոչինչ, որ դա արդեն Բրենդիի ու Ջոյի անկողինն էր): Այնքան էի զգում Բրենդիի կարիքը, այնքան բան ունեի պատմելու: Մի երեկո փորձեցի անկեղծանալ Բրենդիի հետ:

Սակայն Ջոն այնտեղ էր: Գիշերվա ժամը 1-ն էր: Հիշում եմ' անընդհատ ուղեղումս պտտվում էր. «Չի՞ կարող տնից դուրս գալ և որևէ տեղ գնալ». չէ՞ որ սա այն քաղաքն է, որը երբեք չի քնում, կարող էր, չէ՞, որևէ մեկի հետ բար գնալ:

Երբ վերադարձա Լոս Անջելես, այդ մասին զրուցեցի ամուսնուս հետ։ Նա փորձեց ինձ խորհուրդ տալ՝ ինչպես կիսել լավագույն ընկերոջը, երբ նրա կյանքում առաջնահերթությունները փոխվում են: Եթե հիշողությունս չի դավաճանում, ես ամուսնուս ասացի, թե տղամարդկանց համար ընկերությունն այնքան էլ կարևոր չէ, և դա է պատճառը, որ նրանք շատ հաճախ միայնակ են մահանում: Սակայն այս հարցին չանդրադարձանք:

Հաջորդ անգամ, երբ այցելեցի ընկերուհուս, Ջոն առաջարկեց մեզ մենակ թողնել, որպեսզի կարողանայինք մի լավ բամբասել, սակայն ես առարկեցի: Ես առաջարկեցի երեկոն երեքով անցկացնել: Եվ գիտե՞ս՝ ինչ: Մենք անմոռանալի ժամանակ անցկացրինք։ Պարզվեց՝ Ջոն մեծացել է երկու քույրերի հետ և հրաշալի գլուխ է հանում կանացի զրույցներից: Նա միևնույն ժամանակ գիտեր' երբ ձայնը խլացնող ականջակալներ կրել, երբ հերթը հասնում էր խիստ կանացի թեմաներին:

Բրենդին և Ջոյը պաշտոնական արարողությամբ չամուսնացան' զրկելով ինձ պատվավոր ճառ ասելու հնարավորությունից: Եթե ինձ նման հնարավորություն տրվեր, ես անպայման կարտասվեի ու կասեի որևէ սրտառուչ բան, ասենք. «Երբ ճանաչեցի Ջոյին, հասկացա, որ ոչ թե կորցրել եմ լավագույն ընկերուհուս, այլ հակառակը՝ նաև եղբայր եմ ձեռք բերել»: Եվ սա իրականություն է: Այո՛, ես եղբայր էի ձեռք բերել: